Իտալական «Միլանի», Լոնդոնի «Չելսիի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շեւչենկոն որոշել է փորձել իր ուժերը գոլֆում՝ մասնակցելով Խարկովի Superior Cup մրցաշարին, հաղորդում է ESPN-ը։
Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած առաջին փուլում «Ոսկե գնդակի» 2004-ի դափնեկիրը +12 արդյունք է ցույց տվել՝ զբաղեցնելով 118-րդ տեղը: 36-ամյա ուկրաինացու խոսքերով՝ նրան դուր է եկել նոր փորձը՝ չնայած անհաջող ելույթին:
«Սա ընդհանրապես այլ խաղ է, երբ դու անընդհատ գտնվում ես ճնշման տակ։ Սակայն հաճույք ստացա եւ ուրախ եմ, որ այս մրցաշարում եմ, թող որ արդյունքներն այդքան բարձր չեն»,- ասել է Շեւչենկոն:
Մրցաշարին մասնակցում է նաեւ ռուս նախկին թենիսիստ Եվգենի Կաֆելնիկովը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում