09:30  ,  10 սեպտեմբերի, 2013

Դանիացի մեկնաբան. Հայերին հաղթելը վրեժ կլինի դանիացիների համար

Հայաստանից կրած պարտությունը վատագույն խաղերից էր դանիական ֆուտբոլի պատմության մեջ, հայերին հաղթելը կլինի վրեժխնդրություն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց դանիացի հայտնի հեռուտառադիոմեկնաբան Անդրեաս Քրաուլը:

Սեպտեմբերի 10-ին «Հրազդան» ստադիոնում կայանալիք Հայաստան – Դանիա աշխարհի առաջնության ընտրական խաղը մեկնաբանելու համար Դանիայից Երեւան են ժամանել 15 լրագրողներ: Հանդիպմանը ներկա կգտնվեն դանիացի 20 երկրպագուներ: Շատ դանիացիներ խաղի մեկնաբանությունը կլսեն ռադիոյով, քանի որ հանդիպումը կսկսվի Կոպենհագենի ժամանակով 18.00-ին: Նրանց համար այդ խաղը Երեւանից կմեկնաբանի Դանիայում հայտնի մեկնաբան Անդրեաս Քրաուլը:

Դանիայում Հայաստանի հաղաթակից հետո Մորտեն Օլսենն ասաց, որ Հայաստանը խմբից դուրս գալու հնարավորություն չունի, բայց սեպտեմբերի 9-ին կայացած ասուլիսում նշեց հակառակը: Չեխիայի նկատմամբ տարած հաղթանա՞կը փոխեց նրա կարծիքը:

Կարծում եմ, որ այդ խաղից հետո նա այնքան հիասթափված էր, որ մտածում էր միայն մեր թիմի մասին: Այդ խաղից հետո արդյունքերը շատ լավ են Հայաստանի եւ Դանիայի համար: Այժմ չորս թիմեր պայքարելու են խմբից դուրս գալու համար: Այս խաղից հետո Հայաստանից եւ Դանիայից միայն մեկը կպահպանի խմբից դուրս գալու հնարավորությունը:

Ըստ Ձեզ՝ այդ չորս թիմերից ո՞րն է ավելի արժանի դուրս գալ խմբից:

Դա շատ դժվար հարց է: Բոլոր թիմերն ունեն թե՛ խնդիրներ, թե՛ շատ լավ ֆուտբոլիստներ: Ամենաշատը հիասթափեցրել են Չեխիան եւ Դանիան: Բուլղարիան սպասվածից ավելի լավ է հանդես եկել, իսկ Հայաստանը լիովին զարմանցնում է, երբ արտագնա խաղում հաղթում է Դանիային, բայց տանը պարտվում է Մալթային: Դանիան մեծ ներուժ ունեցող թիմ է, սակայն ֆուտոլիստներից շատերը երիտասարդ են եւ, կարծում եմ, պատրաստ չեն մեկնել Բրազիլիա:

Ինչպե՞ս եք գնահատում թիմերի հնարավորությունները:

Կարծում եմ՝ Դանիան պետք է հաղթի, քանի որ Հայաստանի հավաքականը լուրջ կորուստներ ունի: Բացի այդ, դանիացիները պետք է խաղան շատ մեծ մոտիվացիայով: Հայաստանից կրած պարտությունը վատագույն խաղերից էր դանիական ֆուտբոլի պատմության մեջ: Հայերին հաղթելը կլինի վրեժ:

Հայերին պարտվելուց հետո ինչպիսի՞ վերլուծություններ արեցինք: Ո՞րն էր այդպիսի պարտության պատճառը:

Այդ խաղից հետո թիմն «արժանացավ» մեծ քննադատությունների: Մարզիչներն ասում էին, որ բոլոր խաղերում էլ լինում են ֆուտբոլիստներ, ովքեր հանդես չեն գալիս իրենց մակարդակին համարժեք, բայց այդ խաղում բոլոր 11 ֆուտբոլիստները խաղացին շատ վատ: Բացի այդ, յուրաքանչյուր խաղի համար կա մշակված ծրագիր: Այդ խաղում մեր ծրագիրը խափանվեց, երբ 20-րդ վայրկյանին գոլ բաց թողեցինք: Այդ խաղից հետո շատ ֆուտբոլիստներ մեկնեցին արձակուրդի: Դանիայում երբեք չեն հեռացնում մարզիչին: Մեզ մոտ գտնում են, որ նրանց պետք է տալ եւս մեկ հնարավորություն: Մորտեն Օլսենը եղել է թիմի ավագը, արդեն 15 տարի մարզում է հավաքականը: Խաղից հետո, երբ կրքերը հանդարտվեցին, բոլորը սկսեցին մտածել, որ մաթեմատիկորեն դեռ խմբից դուրս գալու հնարավություն կա:

Բայց հայերին պարտվելուց հետո դանիական բոլոր թերթերը գրում էին, որ Օլսենի հեռանալու պահը եկել է:

Նրա պայմանագիրը լրանում է եկող ամառ, բայց եթե Օլսենը չկարողանա թիմին դուրս բերել խմբից, ձմռանը պետք է փնտրել նոր մարզիչ: Ֆուտբոլիստները շատ են սիրում նրան եւ համարում են, որ Օլսենը լավագույնն է: Այդքան էլ շատ տարբերակներ չունենք մարզիչի պաշտոնում:

Մորտեն Օլսենն ասաց, որ Մալթայի դեմ խաղում դժգոհ էր իր թիմի գործողություններից: Ի՞նչ կասեք այդ խաղի մասին:

Մենք շատ վատ հանդես եկանք: Դանիացիներն ունեին 3-4 հնարավորություն եւ խփեցին 2 գոլ, իսկ Մալթան ստեղծեց շատ գոլային պահեր, բայց միայն մեկ անգամ հասավ հաջողության: Եթե անկեղծ, ապա Մալթան պետք է հաղթեր այդ խաղում: Առաջին գոլից հետո մենք հանգստացանք, բայց վերջում հաճախ նայում էինք ժամացույցին՝ սպասելով խաղի ավարտին: Երիտասարդները շատ սխալներ էին թույլ տալիս: Խաղից հետո մենք լուսանկարում էինք թիմին: Շատ վատ խաղ անցկացրած Սիմոն Կյարը նստած էր նստարանին՝ գլուխը կախ եւ շատ տխուր: Բոլոր թերթերը հրապարակեցին այդ լուսանկարը՝ գրելով «Սա՞ է հաղթողը»: Կարծում եմ՝ հաջորդ հանդիպմանը նա չի խաղա:

Մալթայի դեմ խաղից հետո փոփոխություններ կլինե՞ն ձեր թիմի մեկնարկային կազմում:

Այո: Նիկլաս Պեդերսենն անցկացրեց չափազանց վատ խաղ: Բոլորն ասում էին, որ լավ կլինի, եթե նա այլեւս հանդես չգա ազգային հավաքականում: Մեծ խնդիր է, թե ով է խաղալու նրա դիրքում: Ինչպես գիտեք, Բենդտները չկա. նա միշտ հարբեցողությամբ է զբաղված: Երիտասարդ Կորնելիուսը վնասվածք ունի: Կան նրանց փոխարինողներ, ովքեր այդքան ուժեղ չեն:

Երեւանում կայացած ասուլիսում Դանիել Ագերը  տխուր էր:

Նա տարօրինակ մարդ է: Երբ գալիս էինք Երեւան, նա պատմում էր իր երեխաների մասին, բայց ասուլիսների ժամանակ նա միանգամից փոխվում է՝ դառնալով քչախոս: Հիմա նա շատ լավ մարզավիճակում է: Մալթայի դեմ խաղում Ագերը լավագույններից էր: Թիմի համար շատ կարեւոր է, որ նա վերադարձավ: Գուցե, եթե նա մասնակցեր հայերի դեմ առաջին խաղին, ապա հաշիվը չէր լինի 0:4:

Որո՞նք են Դանիայի ու Հայաստանի հավաքականների ուժեղ եւ թույլ կողմերը:

Մեր ամենաթույլ կողմը լավ հարձակվող չունենալն է: Ստեղծում ենք բազմաթիվ գոլային պահեր, բայց գոլ խփող չունենք: Իսկ ուժեղ կողմը լավ կազմակերպվածությունն է, հատկապես՝ Չեխիայի դեմ խաղում: Ինչ վերաբերում է հայերին, ապա դուք առջեւի գծում ունեք մի քանի ֆանտաստիկ ֆուտբոլիստներ՝ Մխիթարյան, Օզբիլիս: Նրանք շատ արագաշարժ են եւ կարողանում են պաշտպանությունից արագ անցնել հարձակման: Բայց դուք չունեք շատ բարձրակարգ պաշտպաններ, եւ մենք պետք է օգտվենք դրանից:

Կոպենհագենում գրեթե ոչ ոք չգիտեր Հայաստանի մասին: Բոլորը զարմացած հարցնում էին, թե ի՞նչ երկիր է դա: Հայաստանի հավաքականի հաղթանակից հետո դանիացիներն արդեն գիտե՞ն Հայաստանի մասին:

Այո, իհարկե: Բայց երեկոյան ես ռադիոհաղորդում էի վարում Երեւանից: Ինձ խնդրում էին բացատրել, թե որտեղ է գտնվում Հայաստանը:

Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից: Արդեն երկու օր է այստեղ եք:

Տպավորությունս շատ դրական է: Երեւանը շատ ընկերասեր քաղաք է: Ես եղել եմ նաեւ Թբիլիսիում, բայց այնտեղ ինձ դուր չեկավ, քանի որ վրացիները բարեհամբույր չէին: Դանիայից հետո եղանակը այստեղ շատ լավն է: Երեկ մենք մարզադաշտում էինք: Բոլորը սիրալիր էին մեր նկատմամբ, անգամ՝ ոստիկանները, ովքեր չգիտեին անգլերեն: Իտալիայում պատկերն այլ էր: Հաճելի է տեսնել, որ այստեղ բոլոր մարդիկ խնամված են: Բոլորը ձգտում են լինել շատ գեղեցիկ: Զարմացրեց նաեւ բացօթյա սրճարանների քանակը: Եթե ցանկանաս Երեւանում սուրճ խմել, երբեք խնդիր չես ունենա:  

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով