13:20  ,  28 օգոստոսի, 2013

Աղվան Պապիկյանի երազանքը

«Երազանքս Մադրիդի «Ռեալում» խաղալը եւ Արքայական ակումբի մարզաշապիկով խաղադաշտում Չեմպիոնների լիգայի օրհներգը լսելն է»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Աղվան Պապիկյանը:

Աղվան, Լեհաստանի եւ Ռուսաստանի առաջնություններից հետո ինչպե՞ս է հանդես գալ Հայաստանի Բարձրագույն խմբում:

Բնականաբար, Լեհաստանում եւ Ռուսաստանում ֆուտբոլի մակարդակն ավելի բարձր է: Այնտեղ ավելի հանգիստ ֆուտբոլ են խաղում, այստեղ՝ շատ ավելի ագրեսիվ: Այնտեղ բարձրակարգ ֆուտբոլիստները շատ են:

Հրավիրել ես թե՛ ազգային, թե՛ երիտասարդական հավաքականներ: Ըստ քեզ՝ այս պահին պատրաստ ես հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում:

Շատ լավ եմ զգում ինձ եւ վստահ եմ ուժերիս: Շատ եմ ցանկանում օգտակար լինել ազգային թիմին, սակայն վերջնական որոշումը մարզիչներինն է:

Երբեմն տարվում ես անհատական խաղով: Դա նրանից է, որ սիրում ես խաղը քո վրա վերցնել, թե՞ դեռ լիովին չես հարմարվել «Փյունիկի» խաղին:

Այո, սիրում եմ խաղը իմ վրա վերցնել, սիրում եմ երբ գնդակն ինձ մոտ է: Թիմին հարմարվել եմ եւ հուսով եմ, որ իմ խաղը օգնում է «Փյունիկին»:

Երբ խաղում էիր «Սպարտակում», հարցազրույցներից մեկում ասացիր, որ ամեն ինչ լավ է եւ քեզ վստահում են: Ինչո՞ւ չմնացիր Մոսկվայի թիմում:

Երբ մրցաշրջանն ավարտվեց, խորհրդակցեցինք գործակալիս հետ: Քննարկեցինք, թե որ տարբերակը կլինի ավելի լավ: Ես շատ եմ վստահում գործակալիս: Ինչպես նա ասեց, այդպես էլ արեցի:

Ի՞նչն է քեզ ամնաշատը դուր գալիս Հայաստանում:

Ֆուտբոլի ակադեմիան: Այն շատ լավ է կառուցված եւ շատ բարձրակարգ է: Ինչպես նաեւ սիրում եմ Երեւանի կենտրոնը:

Իսկ ի՞նչը դուր չի գալիս:

Այդպիսի բան չկա: Ամեն ինչն էլ դուր է գալիս:

Ո՞րն է քո ֆուտբոլային երազանքը:

Մադրիդի «Ռեալում» խաղալը եւ Արքայական ակումբի մարզաշապիկով խաղադաշտում Չեմպիոնների լիգայի օրհներգը լսելըմ ինչպես նաեւ Հայաստանի ազգային հավաքականի հետ մեծ նվաճումների հասնելը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով