18:14  ,  27 օգոստոսի, 2013

Լեւոն Պաչաջյան․ Եվրոպայում խաղալը մարտահրավեր է ինձ համար

«Շվեդիա տեղափոխվելու առաջնային պատճառը, իհարկե, Եվրոպայում խաղալն է․ դա մարտահրավեր է: Ֆինանսները չէին պատճառը, քանի որ Շվեդիայում ֆուտբոլիստներին այնքան էլ բարձր չեն վարձատրում»։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Շվեդիայի առաջին դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող «Ասիրիսկա» ակումբի նորեկ Լեւոն Պաչաջյանը, ով օգոստոսի 25-ին կայացած «Վարանամոյի» հետ խաղում դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Լեւոն, «Ասիրիսկայի» նախորդ խաղում դարձար գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Այդքան հե՞շտ հարմարվեցիր նոր թիմին, թե պարզապես լավ մարզավիճակում ես:

Չէի ասի, որ ամեն ինչ հեշտ է ստացվել: Պարզապես գոլի դրվագում գտնվում էի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում: Ինչ վերաբերում է հարմարվելուն, ապա արդեն երեք շաբաթ է մարզվում եմ թիմի հետ եւ այդ ժամանակահատվածում հասցրել եմ ծանոթանալ թիմակիցներիս ու թիմի խաղաոճին: Կարծում եմ՝ առաջիկայում կկարողանամ ավելի արդյունավետ գործել:

Կհամեմատե՞ս Շվեդիայի առաջին լիգայի եւ Հայաստանի Բարձրագույն խմբի մակարդակները:

Համեմատելու քիչ եզրեր կան: Այստեղ ֆուտբոլն անհամեմատ արագ է: Թիմերն ավելի զարգացած են ֆիզիկապես եւ միտված են պայքարի: Ցավոք, Հայաստանի առաջնությունը վերջին տարիներին բավական թուլացել է: Դա փաստում են բոլորը՝ թե՛ ֆուտբոլիստները, թե՛ մասնագետները:

Այս մրցաշրջանում «Ասիրիսկան» ի՞նչ նպատակներ է դրել իր առջեւ։

Նպատակն ուժեղագույնների լիգայի ուղեգիր նվաճելն է, բայց այս պահին մենք 9 միավոր զիջում ենք առաջատար եռյակին: Շատ դժվար կլինի հասնել այդ նպատակին, բայց անհնարին ոչինչ չկա: Ամեն ինչ կախված է մեզանից։

Նոր էիր տեղափոխվել «Միկա», բայց մրցաշրջանի սկզբնամասում մեկնեցիր Շվեդիա: Ո՞րն է տեղափոխության հիմնական պատճառը՝ Եվրոպայում հանդես գա՞լը, թե՞ գումարը:

Ֆուտբոլում նման դեպքեր լինում են: Երբ տեղափոխվեցի «Միկա», նախապես պայմանավորվեցի, որ արտասահմանից առաջարկ լինելու դեպքում նրանք բաց կթողնեն ինձ: Իհարկե, կցանկանայի մնալ եւ հաջողությունների հասնել «Միկայի» հետ: Իսկ տեղափոխվելու առաջնային պատճառը, իհարկե, Եվրոպայում խաղալն է․ դա մարտահրավեր էր: Ֆինանսները չէին պատճառը, քանի որ Շվեդիայում ֆուտբոլիստներին այնքան էլ բարձր չեն վարձատրում: Եվ վերջապես Հայաստանում մոտիվացիայի պակաս կար: Ի վերջո, ինչքա՞ն կարող եմ չեմպիոն դառնալ:

Երկար ժամանակ հանդես ես եկել Հայաստանի ազգային հավաքականում: Ըստ քեզ՝ ինչո՞ւ է հավաքականն այսպիսի անկայուն խաղ ցուցադրում՝ ունենալով լավ ֆուտբոլիստներ։

Անկայուն խաղը մեր հիմնական խնդիրն է: Վերջին տարիներին հավաքականն ունեցել է ե՛ւ վերելքներ, ե՛ւ անկումներ: Կարծում եմ՝ հիմնական խնդիրը կոնկրետ ֆուտբոլիստների մոտիվացիայի մեջ է, ինչպես նաեւ տվյալ խաղին տրամադրվելը: Մենք ունենք ուժեղ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են պայքարել ցանկացած հավաքականի հետ: Հուսամ, որ անհաջողություններն էլ ավելի ուժեղ կդարձնեն մեր հավաքականին:

Քո ֆուտբոլային կարիերայի ընթացքում եղե՞լ են քայլեր կամ որոշումներ, որոնց համար զղջացել ես:

Երկար մտածեցի, բայց՝ ոչ, չեն եղել:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով