16:37  ,  22 օգոստոսի, 2013

Նորայր Գյոզալյան. Պետք է հարմարվեմ նոր թիմիս խաղաոճին

«Բելառուսները խաղում են միանգամայն այլ ֆուտբոլ: Դժվար է, սակայն ամեն ինչ առջեւում է»: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Նորայր Գյոզալյանը պատմեց «Տորպեդո Բելազի» վերջին խաղում իր բացակայության եւ նոր թիմի խաղաոճի մասին:

«Տորպեդո ԲելԱԶ»-ի վերջին հանդիպման ժամանակ մեր պաշտպանը վնասվածք ստացավ եւ այլեւս փոխարինման իրավունք չունեինք: Եթե չլիներ այդ պարտադրված փոխարինումը, ես պետք է դուրս գայի խաղադաշտ: Խնդիրներ կամ վնասվածք չունեմ: Դա էր միակ պատճառը:

Հաջորդ խաղին՝ օգոստոսի 25-ին, Բելառուսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ հանդիպումն է: Հույս ունեմ, որ կլինեմ թիմի հիմնական կազմում:

Բելառուսական թիմերն ավելի շատ խաղում են երկար փոխանցումներով, իսկ հայկական թիմերն ավելի շատ կիրառում են մանր եւ արագ փոխանցումները: Կարծես լրիվ այլ ֆուտբոլ է: Հայաստանում սովոր էի այլ խաղաոճի, այստեղ դեռ պետք է սովորեմ ու հարմարվեմ նրանց ոճին: Այժմ այդ փուլի մեջ եմ: Դժվար է, սակայն  ամեն ինչ առջեւում է»,- զրույցում հայտնեց Գյոզալյանը:

Հիշեցնենք, որ 23-ամյա Գյոզալյանի նախորդ ակումբը եղել է Դիլիջանի «Իմպուլսը», որի կազմում նա Հայաստանի 2012/2013թթ. Բարձրագույն խմբի առաջնությունում խփեց 22 գոլ՝ ճանաչվելով լավագույն ռմբարկու: «Իմպուլսի» լուծարումից հետո հարձակվողը ստացել էր ազատ խաղացողի կարգավիճակ:

Բելառուսի ընթացիկ առաջնության 20-րդ տուրից հետո «Տորպեդո ԲելԱԶ»-ը 26 միավորով 7-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով