15:51  ,  12 օգոստոսի, 2013

Ֆլեմինգ Սերիցլեւ. Ավելի շատ հավատում եմ, որ խմբում երկրորդ տեղը կգրավի Հայաստանի հավաքականը, քան Դանիան

«Ակնհայտ է, որ ընտրական խմբում առաջին տեղը բաժին կհասնի Իտալիային, իսկ երկրորդ տեղի համար պայքար են տանում Բուլղարիան, Չեխիան, Դանիան եւ Հայաստանը։ Ավելի շատ հավատում եմ, որ երկրորդ տեղը կգրավի Հայաստանի հավաքականը, քան Դանիան»

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 2009-2010 թվականներին Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավորած Ֆլեմինգ Սերիցլեւը:

Դանիացի մասնագետը 2000-ից 2006 թվականներին աշխատել է Դանիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Այժմ Ֆլեմինգ Սերիցլեւն աշխատում է որպես ՈւԵՖԱ-ի հրահանգիչ, ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի տեխնիկական ղեկավարն է:

Պարոն Սերիցլեւ, ինչպե՞ս են ընթանում ՊՐՈ արտոնագրման դասընթացները:

Մենք սկսեցինք ՊՐՈ լիցենզավորման դասընթացները անցյալ տարի մայիսին եւ այս տարի սեպտեմբերին կավարտենք: Հոկտեմբերին մասնակից 12 մարզիչները կհանձնեն քնություններ: Հաջող արդյունքի դեպքում, նրանք կստանան ՊՐՈ կարգի արտոնագիր: Ստանալով այս արտոնագիրը՝ մարզիչները կկարողանան աշխատել UEFA-ի շատ երկրներում: Իմ դերը այս ծրագրի ղեկավարումն է` UEFA-ի կանոնների համաձայն: Հայաստանը  պատրաստ էր անցկացնել այս դասընթացները: UEFA-ն հարցրեց հայկական կողմին, թե ո՞ւմ են ցանկանում տեսնել ղեկավարի դերում, ես էլ իմ կողմից ցանկություն հայտնեցի գալ Հայաստան: Մեկ ու կես տարի է արդեն անցել: Կարծում եմ` սա ճիշտ որոշում էր:

Շատ լավ ծանոթ եք հայկական ֆուտբոլին, ո՞րն է նրա ամենաթույլ տեղը:

Ըստ իս՝ դա դաշտերի պակասն է: Ֆուտբոլը ամենատարածված եւ սիրված մարզաձեւն է, բայց Հայաստանում դեռ ստեղծված չեն այնպիսի  պայմաններ, որ բոլոր երեխաները կարողանան ֆուտբոլ խաղան: Երեւանից դուրս՝ մարզերում շատ տեղեր ընդհանրապես դաշտեր չկան, որպեսզի փոքրիկ տղաները ֆուտբոլ խաղան: Ես հասկանում եմ, որ դա գալիս է երկրի տնտեսական վիճակից: Իմ կարծիքով, ամենից կարեւորը ֆուտբոլը հասցնել նաեւ մարզերում բնակվող երեխաներին:

Դուք եկաք Հայաստան 2009-ին: Փոփոխություններ տեսնո՞ւմ եք այս չորս տարվա ընթացքում:

Իհարկե: Երբ ես եկա Հայաստան 2009-ին, ինձ բախտ վիճակվեց աշխատել շատ խոստումնալից եւ տաղանդավոր երիտասարդների հետ: Այս չորս տարիների ընթացքում Հայաստանի հավաքականը շատ մեծ զարգացում ապրեց: Այն ժամանակ մենք ֆուտբոլիստներ էինք փնտրում Հայաստանի առաջնությունից, իսկ այժմ այդ ֆուտբոլիստները արդեն հանդես են գալիս արտերկրում՝ առաջատար թիմերում: Հայաստանի առաջնությունը նման է Դանիայի առաջնությանը: Այնտեղ նույնպես աճում են տաղանդավոր ֆուտբոլիստներ, այնուհետեւ նրանց վաճառում են այլ թիմեր եւ առաջնությունը թուլանում է: Բացի այդ, ֆուտբոլի ակադեմիան մեծ ներդրում է հայկական ֆուտբոլի համար: Օրեր առաջ Գյումրիում էի: Տեսա, որ այնտեղ նույնպես կառուցում են ակադեմիա: Ես վստահ եմ, որ այս ակադեմիաները մեծ զարկ կտան հայկական ֆուտբոլի զարգացմանը:

Արդեն ասացիք, որ մարզում էիք շատ տաղանդավոր հավաքական: Տղաները վերջապես լավ արդյուքներ էին սկսել ցույց տալ: Գուցե, արժե՞ր եւս մեկ մրցաշրջան մնալ Հայաստանում:

Ֆուտբոլում, ինչպես եւ բիզնեսում, լինում են լավ առաջարկներ: Ինձ հրավիրեցին աշխատել Իրանում շատ շահավետ պայմաններով: Բացի այդ, ես շատ էի ցանկանում աշխատել տարբեր մշակույթներում, բայց առաջնայինը իհարկե  աշխատանքային պայմաններն էին: Ինձ Հայաստանում միշտ դուր է եկել: Եվ դա է պատճառներից մեկը, որ ես մինչեւ հիմա շարունակում եմ աշխատել Հայաստանի հետ:

Կհամեմատե՞ք կյանքը Դանիայում եւ Հայաստանում՝ առավելությունները եւ թերությունները:

Հայերը շատ ջերմ եւ հյուրասեր ժողովուրդ են: Հայաստանն ունի ֆանտաստիկ պատմություն: Սիրում եմ նաեւ Հայաստանի եղանակը: Գիտեմ՝ դուք դժգոհում եք, որ ամառները այստեղ շատ շոգ է, բայց իմ երկրում գրեթե ամբողջ տարի անձրեւ է գալիս: Այդ պատճառով ձեր եղանակը ես շատ եմ սիրում: Բացի այդ Հայաստանի ռելիեֆը հիասքանչ է: Դուրս ես գալիս Երեւանից եւ տեսնում հիասքանչ տեսարաններ: Դանիայում ամենաբարձր կետը 170 մետր է, իսկ այստեղ այդքան բազմազան է: Դանիայում լավ է այն, որ կյանքի կենսամակարդակը շատ բարձր է: Այնտեղ կյանքն ավելի հեշտ է: Մենք մեծ հարկեր ենք վճարում: Ես վճարում եմ իմ եկամունտների 60 տոկոսը: Բայց այդ հարկերի շնորհիվ դպրոցները, մանկապարտեզները անվճար են: Բուժումը որակով է եւ շատ հածախ անվճար: Սա է Դանիայի առավելությունը Հայաստանի նկատմամբ, բայց այնտեղ ամեն ինչ շատ ավելի թանկ է: Դանիայում երբ ավտոմեքենա ես գնում, վճարում ես երեք ավտոմեքենայի գին: Հայաստանը երիտասարդ պետություն է: Նրան գուցե անհրաժեշտ լինի հարյուր տարի, որպեսզի հասնի Դանիայի զարգացման մակարդակին: Երբ Հայաստանում էի ապրում, շատ տեղեր եմ այցելել: Վաղը կմեկնեմ Կապան, այնուհետեւ Արցախ, որտեղ էլի եմ եղել: Հիանալի վայր է, հիանալի բնությամբ:

Շատ ֆուտբոլիստներ ասում են, որ Ձեր շնորհիվ շատ բաներ են սովորել: Այսօրվա հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը ժամանակին հանդես էր գալիս հենց Ձեր գլխավորած թիմում: Ունե՞ք Ձեր աշխատանքային առաձնահատկությունները կամ աշխատաոճը:

Իհարկե, ես ունեմ իմ աշխատելաձեւը եւ փիլիսոփայությունը, բայց դրանք կարող են որոշ չափով փոփոխվել ըստ հանգամանքերի: Հայաստանում ինձ համար առաջնային խնդիրը ֆուտբոլիստների մտածելեկերպի հետ էր կապված: Նրանք հետեւում էին կարգուկանոնին, բայց ամենից կարեւորը դա նրանց օգնելն էր հավատալ սեփական ուժերին: Իսկ երկրորդ կարեւորը բանը՝ ֆուտբոլիստներին հնարավորություն տալ ցուցադրել իրենց: Ֆուտբոլը առանց նախաձեռնությունը իրենց վրա վերցնող ֆուտբոլիստների շատ ձանձրալի կլինի: Պատկերացրեք, որ ընթանում է խաղը, եւ ահընդհատ փոխանցումներ են կատարվում, եւ չկա մեկը, ով  իր վրա կվերցնի խաղը, ով ռիկսի կգնա: Կարծում եմ, որ լավագույն բանը, որ ես արել եմ ֆուտբոլիստների համար, դա այդ կարգի ազատություն տալն էր: Ֆուտբոլիստները պետք է չվախենան սխալներ գործել: Եթե չսխալվես, ճիշտը չես գտնի:

Երբ ես ասում եմ սխալել, պետք է հաշվի առնել, թե որ դիրքում է հանդես գալիս ֆուտբոլիստը: Պաշտպաններին շատ հնարավորություններ չեն տալիս: Նրանց մենք սովորեցնում ենք խուսափել սխալներից: Բայց եթե ֆուտբոլիստը վախենում է դրիբլինգից, քանի որ կարող է կորցնել գնդակը, նա երբեք չի սովորի դրիբլինգ անել:

Մեկ նախադասության մեջ կարո՞ղ եք սահմանել Ձեր ֆուտբոլային փիլիսոփայությունը:

Մեկ նախադասությամբ դժվար է արտահայտել մտքերը: Գիտե՞ք այն հայնտի երգը՝ «Հրաշքները հնարավոր են, երբ դու հավատում ես» (Ուիթնի Հյուսթոն եւ Մրայա Քերի): Եվ իսկապես հրաշքները լինում են, երբ դու հավատում ես: Ո՞վ էր հավատում, որ հայերը Դանիայում այդպիսի հաղթանակ կտանեն:

Այդպիսի արդյունքը կապվա՞ծ էր նախորդ խաղում Մալթային անսպասելի պարտվելու հետ, թե՞ հանգամանքների հանրագումար էր:

Ոչ մի դեպքում հանգամանքերի կամ հաջողության արդյունք չէր: Հայերը կարող էին ավելի շատ գնդակներ խփել: Դանիացիները սկզբից սխալվեցին, եւ Յուրան բացեց հաշիվը: Հայաստանի հավաքականն ունի շատ լավ ֆուտբոլիստներ, որոնք խաղում են թիմային ֆուտբոլ, անում են ամեն բան թիմի համար:

Դանիային հաղթելուց հետո զգացվեց, որ Հայաստանը կարող էր չպարտվել նախորդ հանդիպումներում: Ի՞նչը խանգարեց հաջող ելույթներ ունենալուն:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականին բաժին էր հասել համեմատաբար թույլ խումբ, իսկ աշխարհի առաջնության այս խումբը բավական ուժեղ է: Ակնհայտ է, որ առաջին տեղը բաժին կհասնի Իտալիային, իսկ երկրորդ տեղի համար պայքար են տանում Բուլղարիան, Չեխիան, Դանիան եւ Հայաստանը: Երկրորդ տեղ գրաված թիմերից երկու առավելագույն արդյունք ցուցադրած թիմերը միանգամից կհայտնվեն եզրափակիչ մրցաշարում, իսկ մյուսները պետք է անցումային խաղեր անցկացնեն: Հայաստանն այս առումով մեկ առավելություն ունի: Մալթայից կրած պարտությունը այս դեպում չեն հաշվի: Ըստ  կանոնադրության, ետնապահից կրած պարտությունը չեն հաշվում:

Ունե՞ք կանխազգացում, թե որ հավաքականը կգրավի երկորդ տեղը B խմբում:

Կանխազգացում չունեմ, բայց ավելի շատ հավատում եմ, որ երկրորդ տեղը կգրավի Հայաստանի հավաքականը, ոչ թե Դանիան: Հայաստանի ամենադժվար խաղը լինելու է Չեխիայում: Կա նաեւ Իտալիան, բայց դա վերջին հանդիպումն է լինելու, իսկ իտալացիները արդեն իրենց տեղը ապահոված կլինեն, իսկ Պրահայում իսկական պայքար է սպասվում: Հայաստանը այս խմբում ունի երկու լավագույն հարձակվողներին: Մրցակիցները չունեն այսպիսի ուժեղ հարձակման գիծ:

Շատերն ասում են, որ հավաքականի առաջատարը Հենրիխ Մխիթարյանն է: Մյուսների կարծիքով, հավաքականի խաղը փոխվեց Յուրա Մովսիսյանի գալով: Մի մասը կարծում է, որ երբ Արասի խաղը ստացվում է՝ հավաքականը լավ է խաղում: Կան մարդիկ, ովքեր աում են՝ խաղադաշտում աշխատանքի առյուծի բաժինը կատարում է Կառլեն Մկրտչյանը: Ըստ Ձեզ՝ ո՞վ է խաղադաշտում կատարում դիրիժորի դերը:

Հայաստանի հավաքականի ամենաուժեղ կողմը թիմային խաղն է: Օրինակ՝ Կոպենհագենում երկու հենակետային կիսապաշտպաներ Կառլեն Մկրտչյանը եւ Արթուր Եդիգարյանն ահռելի աշխատանք կատարեցին, բայց դա դիրիժորի աշխատանք չէ: Եթե պետք է նշեմ դիրիժորի՝ Հենրիխն է: Բայց կրկին ասեմ, որ նա մենակ չի կարող դա անել: Նա պետք է լինի թիմի անդամ, եւ նա անում է դա: Հենց դա է ինձ համար մեծ ֆուտբոլիստների բնութագրությունը, երբ նա գուցե որոշ թիմակիցներից ավելի բարձրակարգ ֆուտբոլիստ է, բայց շարունակում է հավասար մարզվել, աշխատել եւ իրեն  ներդնել թիմում:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով