20:53  ,  2 օգոստոսի, 2013

Արսեն Մինասովը՝ Հենրիխ Մխիթարյանի, Արաս Օզբիլիսի եւ Գեւորգ Ղազարյանի տրանսֆերների մասին

«Արաս Օզբիլիսի համար «Սպարտակ» տեղափոխվելը ճիշտ քայլ էր, Հենրիխ Մխիթարյանը լավ կխաղար նաեւ Իսպանիայում, իսկ Գեւորգ Ղազարյանն ի զորու է հանդես գալ ավելի բարձրակարգ թիմում»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հավաքականի եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Ռոման Շիրոկովի եւ այլ հայտնի ֆուտբոլիստների հայազգի գործակալ Արսեն Մինասովը:

Արսեն, օրեր առաջ Արաս Օզբիլիսը տեղափոխվեց «Սպարտակ»: Նրա ծառայություններով հետաքրքրվում էին «Մոնակոն» եւ այլ թիմեր: Ըստ Ձեզ՝ Արասը ճի՞շտ ընտրություն կատարեց:

Եթե համեմատենք «Մոնակոն» եւ «Սպարտակը», կարծում եմ՝ մոսկովյան թիմը լավագույն ընտրությունն էր Արասի համար: «Մոնակոյում» նոր են մեծ գումարներ ներդնում, իսկ «Սպարտակը» միշտ եղել է ռուսական ֆուտբոլի առաջատարը: «Սպարտակի» առջեւ միշտ տիտղոսներ նվաճելու նպատակ է դրված, իսկ «Մոնակոյի» համար դժվար կլինի առաջին տարում հայտնվել առաջատար դիրքերում: Ֆրանսիայում կան ուժեղ թիմեր՝ ՊՍԺ, «Լիոն»: Կարծում եմ՝ «Մոնակոն» այս տարի կհայտնվի 8-10-րդ տեղերում: Արասի համար «Սպարտակ» տեղափոխվելը ճիշտ քայլ էր: Եթե Օզբիլիսը լավ խաղա այնտեղ, նրա ծառայություններով կարող են հետարքրքվել ՊՍԺ-ի եւ «Ռեալի» կարգի թիմերը:

Ի՞նչ կասեք Դմիտրի Սելյուկի հայտարարությունների մասին, թե Արասի տրանսֆերային իրավունքի 50 տոկոսն իրեն է պատկանում:

Ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ փաստաթղթերը չեմ տեսել: Արասն ինքն է ասել, որ Սելյուկն իր գործակալը չէ, իսկ տրանսֆերային իրավունքի 50 տոկոսի մասին ոչինչ չգիտեմ: «Կուբանն» իրեն այնպես պահում, կարծես տեղյակ չէ այդ մասին:

Իսկ հայկական ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերի՝ Հենրիխ Մխիթարյանի՝ «Բորուսիա» տեղափոխության մասին ի՞նչ կասեք: Նախքան տեղափոխությունը ո՞ր թիմում էիք տեսնում նրան:

Կարծում եմ՝ Հենրիխը շատ ճիշտ ընտրություն կատարեց: Նրա ծառայություններով հետաքրքրվում էին նաեւ իսպանական թիմերը, բայց ոչ այդքան բարձրաձայն, որքան «Լիվերպուլը»: Կարծում եմ՝ նա լավ կխաղար Իսպանիայում, ինչպես նաեւ «Բորուսիայում»:

Այս տարի Հայաստանի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ տեղափոխվեցին Ղազախստան, ինչը դժգոհություն առաջացրեց երկրպագուների շրջանում: Նրանք կարծում են, որ Ղազախստանի առաջնությունը մակարդակով զիջում է ուկրաինական Պրեմյեր լիգային: 

Կարագանդայի «Շախտյորը», որտեղ հանդես է գալիս Գեւորգ Ղազարյանը, շատ մոտ է Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալուն: Ալբանական «Սկենդերբեուի» հետ պատասխան խաղում դրական արդյունքի հասնելու դեպքում նրանք արդեն հանդես կգան անցումային խաղերում: Կարծում եմ՝ Կարագանդայի «Շախտյորը» Ռուսաստանի առաջին դիվիզիոնի թիմերից ավելի ուժեղ է: Այնուամենայնիվ, Գեւորգն ի զորու է հանդես գալ ավելի բարձրակարգ թիմում:

Այժմ համագրործակցո՞ւմ եք հայ ֆուտբոլիստների հետ:

Ամոթ է խոստովանել, բայց դեռ ձեռքս չի հասնում Հայաստանի առաջնությանը: Շատ եմ ցանկանում գալ Հայաստան, այցելել Լեռնային Ղարաբաղ: Հուսամ, որ սեպտեմբերին Հայաստանի հավաքականը կտանի երկու հաղթանակ եւ կշարունակի պայքարն աշխարհի առաջնության եզարափակիչ փուլ դուրս գալու համար:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով