15:50  ,  26 հուլիսի, 2013

Հռիփսիմե Խուրշուդյան. Տեսնելով տղայիս՝ չկարողացա զսպել արցունքներս

«Շատ ուրախ եմ, որ մայր եմ դարձել։ Դա աննկարագրելի զգացողություն է, որը չեմ կարող նկարագրել բառերով։ Երբ ծնվեց տղաս՝ Աշոտը, եւ ինձ ցույց տվեցին նրան, ուրախությունից չկարողացա զսպել հուզմունքս։ Այդ պահին ասացի՝ սա իմ ամենամեծ  եւ վերջին ռեկորդն է։ Բոլոր աղջիկներին եւ մարզուհիներին կմաղթեմ ապրել նույն երջանկությունը, եթե դեռ չեն ապրել»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոնդոնի Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում բրոնզե մեդալ նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանը, ով հուլիսի 25-ին որդի էր ունեցել: Հուլիսի 26-ին NEWS.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանն այցելեց Հռիփսիմեին եւ նրա որդի Աշոտին։

NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ առաջնեկի կապակցությամբ։ Ինչպե՞ս ես զգում։ Ինչպե՞ս է նորածնի ինքնզգացողությունը։

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Արդեն ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ հաղթահարեցինք։ Ես եւ տղաս արդեն մեզ լավ ենք զգում։

Ո՞ւմ որոշումն էր տղային անվանակոչել Աշոտ:

Տղայիս անվանակոչել ենք Աշոտ՝ ի պատիվ նրա պապիկի՝ ամուսնուս հոր։ Բայց դեռ պապիկը չի տեսել իր անվանակից թոռնիկին։ Որոշումը եղել է համատեղ։ Ես եւ ամուսինս միասին ենք որոշել նրան անվանակոչել պապիկի անունով։

Ինչպե՞ս կբնութագրես մայր դառնալու զգացողությունը:

Զգացողություններս աննկարագրելի են, չեմ կարող բառերով բնութագրել։ Շատ ուրախ եմ, որ մայր եմ դարձել։ Դա մեծ երջանկություն է։ Միայն թե այն ցավերը, որոնք եղան ու դեռ մի փոքր շարունակվում են, կարծես թույլ չեն տալիս այդ երջանկությունը լիարժեք վայելել։ Բավական դժվարությամբ եմ ծննդաբերել եւ երկար ժամանակ ունեցել եմ ցավեր, որոնք ինձ մեծ տհաճություն պատճառեցին։ Բանն այն է, որ ես, լինելով մարզիկ եւ ունենալով մարզված մարմին, դժվարությամբ կարողացա լույս աշխարհ բերել փոքրիկիս, քանի որ մկաններս այս ամիսների ընթացքում չէին հասցրել թուլանալ: Մարզիկների լեզվով ասած՝ «պրեսս չէր բացվում», ինչի հետեւանքով դժվարություններ ունեցա։ Մոտ 5 ժամ տանջվեցի։ Բժիշկները նույնիսկ կատակում էին՝ ասելով ծանրաձող բերենք, բարձրացրու, թող երեխան դուրս գա։

Բայց այդ տանջանքն ու ցավերը մոռացա, երբ ծննդաբերելուց անմիջապես հետո ցույց տվեցին տղայիս։ Այդ պահին այնպիսի մեծ երջանկություն ապրեցի, ոչ չկարողացա զսպել հուզմունքն ու ուրախության արցունքները։ Դա անբացատրելի զգացողություն է։ Մաղթում եմ, որ բոլոր աղջիկները եւ մարզուհիները ապրեն այդ պահերը։ Երբ ծնվեց որդիս, այդ պահին ասացի՝ սա իմ վերջին ռեկորդն է։

Այս պահին դեռ չեմ հավատում, որ անցա այդ դժվարության միջով։ Ծննդաբերությունից վախենում էի եւ անհամբեր սպասում էի, թե երբ պետք է անցնեմ այդ փուլը։ Մինչեւ այդ ինձ համար ամենադժվար պահը, որից վախեցել եմ, դա Օլիմպիական խաղերում մրցահարթակ դուրս գալն ու ծանրաձողը բարձրացնել էր: Ինձ թվացել է, որ այլեւս ոչնչից երբեւէ չեմ վախենա։ Բայց այժմ հասկացա, որ նույնիսկ մրցահարթակում ծանրաձողին մոտենալը եւ բարձրացնելն ավելի հեշտ է եղել։

Հռիփսիմե, որդուդ ծնունդից հետո ինչպե՞ս ես պատկերացնում քո հետագա կյանքը սպորտում։

Ամեն ինչ կախված է փոքրիկիս առողջական վիճակից, ինչից պայմանավորված կլինի իմ կարիերայի զարգացումը։ Բայց քանի որ ես խոսք եմ տվել վերադառնալ մեծ սպորտ, այդպես էլ կանեմ։ Չգիտեմ, որքան ժամանակից դա կլինի, երբ կլինի, բայց վստահ եմ՝ կլինի։

Հռիփսիմե Խուրշուդյանի ծննդաբերությանը ներկա է եղել նաեւ մարզուհու սկեսուրը՝ Օլյան, ով պատմեց հետեւյալը.

Ես մասնագիտությամբ մանկաբարձ եմ եւ Հռիփսիմեի ցանկությամբ ու բժիշկների թույլտվությամբ մասնակցեցի ծննդաբերությանը։ Կարծում եմ՝ իմ մասնակցությամբ օգնեցի Հռիփսիմեին, քանի որ նա հետեւում էր իմ խորհուրդներին եւ լսում, թե ինչ եմ ասում։ Սա մեր ընտանիքի առաջին թոռնիկն է։ Երջանիկ եմ, որ Հռիփսիմեն եւ որդիս մեզ թոռնիկ պարգեւեցին։

Հռիփսիմե Խուրշուդյան.

Սկեսուրիս մասնակցությունն ինձ շատ օգնեց, քանի որ հիմնականում նրա խորհուրդներն էի լսում։ Շատ լավ է, երբ ծննդաբերության ժամանակ կողքիդ հարազատ մարդ է լինում, դա քեզ մեծ ուժ է տալիս։ 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով