13:48  ,  29 հունիսի, 2013

Յուրա Մովսիսյանի տրանսֆերն իրագործած գործակալներ. Մտածելով միայն բանկային հաշվիդ մասին՝ ստիպված կլինես զոհաբերել շատ բաներ

«Մենք երազում ենք մի օր ստեղծել ակումբ, որտեղ կկարողանանք օգտագործել մեր սելեկցիոն եւ կազմակերպչական հնարավորությունները»:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասացին ֆուտբոլային գործակալներ Տիգրան Մկրտչյանն ու Դավիթ Աբրահամյանը, որոնք իրագործել են Ռոբերտ Արզումանյանի, Գեւորգ Ղազարյանի, Արթուր Եդիգարյանի, Արթուր Յուսպաշյանի տրանսֆերները:

Ամառային տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ փոխեցին ակումբները: Այդ բոլոր տրանսֆերների հետեւում կանգնած են երիտասարդ հայ գործակալներ Տիգրան Մկրտչյանն ու Դավիթ Աբրահամյանը, որոնք իրենց ուղին սկսել են՝ Յուրա Մովսիսյանին «Կրասնոդար» բերելով: Այժմ նրանք իրականացում են ինչպես հայ, այնպես էլ այլ ազգությունների ֆուտբոլիստների տեղափախություններ:

Վերջերս հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ իրենց տեղափոխության համար շնորհակալություն հայտնեցին ձեզ: Քչերը գիտեն ձեր մասին: Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել գործակալի գործունեությամբ:

Դավիթ. Ես դեռ 13 տարեկանից որոշել էի, որ պետք է անպայման լինեմ ֆուտբոլում եւ անեմ ամեն բան դրա համար: Դպրոցն ավարտելուց հետո ինձ հրաշքով հաջողվեց կապվել մի քանի կայացած գործակալների հետ: Հասկանալով, որ պետք է փորձ ձեռք բերել, ես առաջարկեցի նրանց իմ օգնությունը: Հենց այդպես էլ ամեն ինչ սկսվեց:

Այս պահին մենք արդեն ընկերություն ենք ներկայացնում եւ անում ենք մեր առաջին քայլերը: Մենք հեռանկարային ծրագրեր ունենք: Հույս ունենք քայլ առ քայլ իրականացնել դրանք եւ կատարելագործվել, քանի որ սովորելու դեռ շատ բան ունենք:

Տիգրան. Երբ թողեցի ֆուտբոլ խաղալը, ցանկություն առաջացավ դառնալ գործակալ: Դա իրականություն դարձավ, երբ 2010-ին փորձեցի Յուրա Մովսիսյանին օգնել տեղափոխվել «Կրասնոդար»,  եւ դա հաջողվեց: Այդ ժամանակ Դավիթն արդեն աշխատում էր այդ ոլորտում, եւ ես դիմեցի նրա օգնությանը: Միասին ավարտին հասցրինք գործարքը եւ սկսեցինք միասին աշխատել: Այժմ ունենք ընկերություն, որը կոչվում է «Football friends»: Մեզանից բացի այդտեղ աշխատում են նաեւ Սամվել Մովսիսյանն ու Ալան Ագուզարովը:

Փաստորեն դո՞ւք եք Յուրա Մովսիսյանին Ռուսաստան տեղափոխվելու «մեղավորները»:

Տիգրան. Յուրայի տեղափոխությունն իմ առաջին քայլերից էր այս ասպարեզում: Ես խոսեցի «Կրասնոդար» ակումբի ղեկավարության հետ եւ առաջարկեցի Յուրայի ծառայությունները: Նրանք շատ արագ արձագանքեցին, եւ մենք Դավիթի հետ սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ: Դավիթն իր վրա վերցրեց «Ռանդերսի» եւ «Կրասնոդարի» հետ  բանակցությունների գործընթացը եւ ուղեւորվեց Դանիա, իսկ ես զբազվում էի Յուրայի անհատական պայմանագրի հարցերով՝ բանակցելով ֆուտբոլիստի եւ «Կրասնոդարի» հետ: Շատ դժվար բանակցություններ էին: Տեւեցին երկու ամիս: Բայց վերջում ամեն ինչ հաջողվեց:

Հայ գործակալների հետ համագարծակցո՞ւմ եք:

Տիգրան. Հատուկ այդպիսի համագործակցություն չկա: Տարբեր գործարքներում համագործակցում ենք տարբեր գործակալների հետ, թե հայ, թե օտարերկրացի: Մեր աշխատանքում դա կարեւոր է, եւ մենք պատրաստ են համագործակցության եզրեր գտնել բոլոր ցանկացող կոլեգաների հետ:

Որքանո՞վ է ռիսկային գործակալի աշխատանքը, եւ ո՞րն է հաջողության գրավականն այս ոլորտում:

Տիգրան. Յուրաքանչյուր գործ ունի ռիսկ, ինչպես նաեւ մերը: Շատ կան հաջող գործակալներ: Ամեն մեկն ունի հաջողության իր գրավականը: Մենք   ընտրել ենք մեր ճանապարհը: Իմ կարծիքով, ամենից կարեւորը գործակալի եւ ֆուտբոլիստի միջեւ եղած կապն է: Որպեսզի համագործակցությունը հիմնված լինի ոչ միայն ֆինանսական փոխադարձ օգուտի վրա, այլ լինեն այլ կապող օղակներ, եւ ամենակարեւորը վստահությունն է: Քիչ կարեւոր չեն նաեւ ակումբների հետ հարաբերությունները: Պետք է այնպես աշխատես, որ հաջորդ անգամ ոչ թե դու դիմես նրանց, այլ նրանք՝ քեզ: Վառ օրինակ է Ռոբերտ Արզումանյանի գործարքը: Նա իրեն շատ լավ դրսեւորեց թե խաղային, թե մարդկային առումներով,  եւ ակումբը դիմեց մեզ բարձրակարգ հարձակվող գտնելու հարցում: Եվ այժմ այնտեղ տեղափոխվեց Սերգեյ Դավիդովը:

Դավիթ. Ավելացնեմ, որ գործակալի մասին այսօրվա պատկերացումներն ինձ այդքան էլ դուր չեն գալիս: Կա կարծրատիպ, որ գործակալը մարդ է, ով հարստանում է ֆուտբոլիտսի հաշվին: Բայց մարդիկ տարբեր են լինում: Կան մարդիկ, ովքեր ընտրում են այս ուղին հենց հարստանալու նպատակով, իսկ կան մարդիկ, ովքեր չեն տեսնում իրենց կյանքն առանց այդ գործի:

Երկորդ տարբերակում դու ունես առավելություն, քանի որ միայն այն դեպքում, երբ դու քեզ ամբողջությամբ նվիրում ես այս գործին, դու կարող ես առաջադիմել: Գործի հանդեպ այսպիսի ֆանատիզմը կարծես վառելանյութ լինի՝ այն քեզ մշտապես ուժ է տալիս:

Շատերն աշխատում են առանց ֆանատիզմի եւ ընդունում են աշխատանքը որպես բիզնես, եւ դա նույնպես եկամտաբեր է: Այսպես դու կարող ես առաջ անցնել շատ «ռոմանտիկներից», բայց մեկ ակնթարթ ամեն բան կկանգնի, եւ վառելանյութդ կավարտվի, քանի որ այստեղ շատ կարեւոր է մարդկանց հանդեպ քո վերաբերմունքը: Մտածելով միայն բանկային հաշվիդ մասին՝ դու ստիպված կլինես զոհաբերել շատ բաներ: Ֆուտբոլային աշխարհը մեծ չէ եւ բոլորը գիտեն միմյանց: Համբավը ամենակարեւոր բանն է: Իմ պարագայում, ես ուրախ եմ, որ ինձ համար շատ բաներ կան փողից ավելի կարեւոր: Նույնը կարող եմ ասել Տիգրանի, Սամվելի եւ Ալանի մասին: Ամենքս ունենք փողից ավելի առաջնային բաներ: Միավորելով դրանք՝ մենք լրացնում ենք մեկս մյուսի բացը եւ հույս ունենք ստանալ արդյունք:

Վերջերս Հայաստանի հավաքականի երեք ֆուտբոլիստներ տեղափոխվեցին Ղազախստանի առաջնություն: Շատ չե՞ն արդյոք ֆուտբոլիստները գնում մեզ ոչ այդքան ծանոթ առաջնություն:

Տիգրան.  Շատ եմ լսում կամ կարդում դժգոհություն մեր ֆուտբոլիստների՝ Ղազախստան տեղափոխվելու հետ կապված: Ես հասկանում եմ ֆուտբոլասերների մտահոգությունը, բայց դա ճիշտ քայլ էր: Ֆուտբոլիստները ցանկանում են տեղափոխվել այդ թիմեր, եւ մենք կատարում ենք նրաց ցանկությունը: Արթուր Եդիգարյանը «Գովերլայի» հետ պայմանագիրը երկարաձգելու փոխարեն ընտրեց «Կայրաթը», քանի որ վերջինս ավելի լավ թիմ է, ունի լավ մարզիչ եւ լավ ենթակառուցվածք: Ապագան ցույց կտա այդ տեղափոխությունների ճիշտ լինելը:

Դավիթ. Ղազախստանի առաջնությունը առաջադիմում է, եւ դա չի կարելի չնկատել: Սխալ է դատել առաջնությունն ըստ ՈւԵՖԱ-ում ունեցած վարկանիշի: Սա երիտասարդ առաջնություն է, որը 2001-ին ասիական գոտուց տեղափոխվեց եվրոպական: Վստահ եմ՝ առաջիկայում առաջնությունը կկատարելագործվի: Այսօր ներգրավվում են հայտնի ֆոտբոլիստներ եւ մարզիչներ: Մոտ ժամանակներս մեծ շեշտ կդրվի ենթակառուցվածքների զարգացման վրա: Չնայած այսօր էլ շատ ակումբներ ունեն շատ լավ պայմաններ: Բայց ամենամեծ առաջընթացը կլինի, երբ ղազախական ակումբներից մեկին հաջողվի Եվրոպայի լիգայի խմբային փուլ դուրս գալ:

Ձգտո՞ւմ եք հիմնականում համագործակցել հայ ֆուտբոլիստների հետ, թե՞ միեւնույն է՝ ով է հաճախորդը:

Դավիթ. Մենք մեր առջեւ չենք դնում սահմաններ այդ հարցում: Ամեն բան կախված է ֆուտբոլիստի մակարդակից: Բայց այսօր մենք հիմնականում աշխատում ենք Հայաստանի, Ռուսաստանի եւ Աֆրիկայի ֆուտբոլիստների հետ: Աֆրիկայում մենք չենք զբաղվում միջնորդությամբ: Մենք ունենք տարբեր երկրներում ֆուտբոլիստներ գտնելու մեր եղանակը եւ հնարավորինս չափ աշխատում ենք այցելել առաջնություններ:

Ինչպիսի՞ն կլինի ձեր հետագա գործունեությունը:

Դավիթ. Իհարկե, մենք դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու: Բայց միշտ պետք է նպատակներ եւ երազանքներ ունենալ: Մենք երազում ենք մի օր ստեղծել ակումբ, որտեղ կկարողանանք օգտագործել մեր սելեկցիոն եւ կազմակերպչական հնարավորությունները: Մենք դրան ենք ձգտում:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով