21:41  ,  20 հունիսի, 2013

Արթուր Եդիգարյան. Վլադիմիր Վայսն ինձ նկատել էր Հայաստան - Սլովակիա խաղերում

Վլադիմիր Վայսն անպայման ցանկանում էր, որ ես հանդես գայի իր թիմում: Նա ինձ նկատել էր Հայաստանի եւ Սլովակիայի հավաքականների միջեւ խաղերի ժամանակ: Նա Հայաստանի հավաքականի մասին շատ բարձր կարծիքի է եւ հավատում է, որ մեր թիմը դեռ մեծ հաջողությունների կհասնի։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով հունիսի 20-ին 2.5 տարվա պայմանագիր է կնքել ղազախական «Կայրաթ» ակումբի հետ:

Արթուր, «Գովերլան» պահպանեց տեղն Ուկրաինայի Պրեմյեր լիգայում: Ինչո՞ւ որոշեցիր հեռանալ Ուժգորոդի թիմից։

«Կայրաթը» սկսեց հետաքրքվել ինձանով ձմռանը: Ակումբի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը անպայման ցանկանում էր,  որ ես հանդես գայի իր թիմում: Նա ինձ նկատել էր Հայաստանի եւ Սլովակիայի հավաքականների միջեւ խաղերի ժամանակ: Այն ժամանակ նա էր մարզում Սոլվակիայի ազգային թիմը: Նա Հայաստանի հավաքականի մասին շատ բարձր կարծիքի է եւ հավատում է, որ մեր թիմը դեռ մեծ հաջողությունների կհասնի:  Ինչ վերաբերում է «Գովերլային», ես շատ շնորհակալ եմ այդ թիմին: Շատ բան եմ սովորել Ուկրաինայի առաջնությունում: Բայց այս պահին ցանկանում եմ ուժերս փորձել Ղազախստանի առաջնությունում, որը տարեցտարի ուժեղանում է: Արտերկրից հրավիրվում են մասնագետներ, մեծ գումարներ են ծախսվում ակումբների վրա:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել իմ տրանսֆերը իրականացրած  երիտասարդ հայ գործակալներ Տիգրան Մկրտչյանին, Դավիթ Աբրահամյանին եւ Սամվել Մովսիսյանին, ովքեր ամեն բան արեցին, որպեսզի ես լավագույն պայմաններով պայմանագիր ստորագրեմ:

Հայ շատ երկրպագուներ այնքան էլ չողջունեցին հավաքականի մի քանի ֆուտբոլիստերի տեղափոխությունը Ղազախստան: Ի՞նչ կասես այդ մասին:

Արդեն ասացի, որ Ղազախստանի առաջնությունը դեռ շատ է աճելու: Մեծ գումարներ են ծախսվում արտերկրից ֆուտբոլիստներ գնելու վրա: Մեր մարզաբազայի միայն խոտածածկի համար 1․5 միլիոն դոլարից ավելի գումար է ծախսվել: Ֆուտբոլիստների համար ստեղծված են լավագույն պայմանները: Մի խոսքով՝ այս առաջնությունը դեռ շատ կառաջադիմի:

Ի՞նչ նպատակներ է իր առջեւ դրել իր «Կայրաթը»:

Կես տարի է, ինչ թիմը մարզում է Վայսը: Այժմ երրորդ տեղում ենք: Կարեւորը եռյակում տեղը պահպանելն է, իսկ մյուս տարի էլ մասնակցել Չեմպիոնների լիգային:

Հայաստանի հավաքականի վերջին հանդիպմանը շատ հաջող հանդես եկար՝ արժանանալով մասնագետների բարձր գնահատականին:

Հավաքականում պետք է միշտ նվիրված խաղալ, կատարել մարզիչի հանձնարարականները եւ լինել միասնական: Դա հաջողվեց մեզ:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով