Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը հինգ ամսվա վարձակալության պայմանագիր է կքնել Ղազախստանի չեմպիոն Կարգանդայի «Շախտյորի» հետ»: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց ֆուտբոլիստի հետ:
Գեւորգ, տեղափովեցիր նոր թիմ: Ո՞րն է տեղափոխությանդ պատճառը: Ի՞նչ պայմաններով տեղափոխվեցիր:
Տեղափոխությանս պատճառը «Մետալուրգում» քիչ խաղային ժամանակ ունենալն էր: Դա ինձ չէր բավականացնում: Տեղափոխվելուս առաջին պատճառը դա էր: Կնքել եմ հինգ ամսվա վարձավճարի պայմանագիր: Աշխատավարձս «Մետալուրգում» ստացած գումարից բարձր չէ: Ես չեմ տեղափոխվել այստեղ գումարի համար, այլ լավ մարզավիճակ ունենալու համար: Նրանք շատ լավ վերաբերմունք են ցույց տվել իմ հանդեպ, եւ ես պատրաստ եմ անել ամեն բան նոր թիմիս համար:
Ինչո՞ւ ընտրեցիր հենց Կարգանդայի «Շախտյորը»:
Նրանք մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում իմ հանդեպ: «Շախտյորը» Ղազախստանի վերջին երկու տարվա չեմպիոնն է: Այս տարի պետք է հանդես գան Չեմպիոնների լիգայում: Այս տարի «Շախտյորի» առջեւ դրված հիմնական նպատակը Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի խմբային փուլ դուրս գալն է:
Իսկ ինչո՞ւ վարձակալության պայմանագիր կնքեցիր, այլ ոչ թե տեղափոխվեցիր:
Սա փորցաշջան է: Հինգ ամիս հետո կհասկանանք՝ ցանկանում ենք արդյոք շարունակել համագործակցությունը:
«Մետալուրգը» հեշտությա՞մբ բաց թողեց քեզ:
Ես չեմ մասնակցել բանակցություններին: Ամեն ինչ արվել է թիմերի միջեւ: Ես այնտեղ շատ քիչ ժամանակ էի խաղում, եւ երեւի նրանք էլ մտածեցին, որ ավելի լավ է ես տեղափոխվեմ:
Ճի՞շտ է, որ «Մետալուգում» չխաղալու պատճառը մարզիչի հետ ոչ այդքան լավ հարաբերություններն էին:
Ես բացատրություն չեմ ստացել երբեք, թե ինչու դուրս չեմ գալիս մարզադաշտ: Խնդիր չկար, պարզապես ես խաղալ էի ցանկանում:
Իսկ ե՞րբ ծագեց թիմը լքելու ցանկությունը:
Անկախ գումարից եւ թիմից ես չեմ պատրաստվում ոչ մի տեղ մնալ, որտեղ չեմ ունենա խաղային պրակտիկա: Դուք ինքներդ տեսաք, որ հավաքականի վերջին խաղերին ես չունեի այդքան էլ լավ մարզավիճակ: Անգամ Դանիայի հետ խաղում ես ավելի շատ խաղում էի իմ մեծ ցանկության շնորհիվ: Հուսամ, որ նոր թիմում կունենամ շատ խաղային պրակտիկա, եւ դա ինձ կօգնի հավաքականում հաջող հանդես գալ:
Ի՞նչ կասես, Ղազախստանի առաջնության մասին: Կարծես թե շատ հայ ֆուտբոլիստներ են պատրաստվում այնտեղ հանդես գալ:
Ղազախստանի առաջնությանը սկսեցի հետեւել ավելի շատ Ռոբերտ Արզումանյանի տեղափոխվելուց հետո: Վերջին տարիներին այս առաջնությունն առաջընթաց է ունեցել: Ռոբերտն էլ ինձ շատ բան պատմեց: Խորհուրդ տվեց տեղափոխվել: Այստեղ կան լավ պայմաններ լավ վարզավիճակ պահելու համար: Կարծում եմ՝ իմ պարագայում սա լավագույն տարբեակն է:
Ո՞վ իրականացրեց քո տրանսֆերը:
Տիգրան Մկրտչյանն ու Դավիթ Աբրահամյանը: Նրանք են իրականացրել նաեւ Ռոբերտ Արզումանյանի տրասնֆերը: Հունիսի 20-ին կմեկնեմ նոր թիմ:
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում