00:05  ,  11 հունիսի, 2013

Դանիա - Հայաստան. Դանիացիները վախենում էին Հայաստանից

«Մորտեն Օլսենը, երբ իմացել էր աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանության արդյունքները, ասել էր, որ Հայաստանի հավաքականից պետք է շատ զգուշանալ: Հայերի թիմը սեւ նժույգ է՝ մարմանդ գետ: Այսօր հիասթափված ենք Հայաստանի ցույց տված արդյունքներից: Սպասում էինք ավելիին»,- Կոպենհագենում պատմեց դանիացի լրագրողներից մեկը:

Դանիայում ոչ բոլորը գիտեն Հայաստանի մասին: Երիտասարդներից մեկը պատմեց, որ Հայաստանի մասին լսել է ֆուտբոլի շնորհիվ, քանի որ անցյալ ընտրական շրջափուլում հայերը շատ լավ են խաղացել, դարձել են սենսացիաի հեղինակ:

Դանիա - Հայաստան խաղի հանդեպ հետաքրքրությունը Կոպենհագենում այդքան էլ մեծ չէ: Կարելի է ասել հետաքրքրություն ընդհանրապես չկա: Ստադիոն գալու են միայն նվիրյալ երկրպագուները: Պատճառները երկուսն են. առաջին՝ Հայաստանի հավաքականը հետաքրքիր չէ դանիացի ֆուտբոլասերների համար, երկրորդ՝ երկրպագուներն այդքան էլ գոհ չեն սեփական ազգային հավաքականի ցույց տված արդյունքերից: Թեեւ երբ այստեղ խաղում էին Նորվեգիայի եւ Չեխիայի հավաքականները, ինչպես նաեւ «Կոպենհագեն» թիմը, որը հաջորդ տարի հանդես է գալու Չեմպիոնների լիգայում, մարզադաշտը լեփ լեցուն է եղել:

Դանիան, որը սկզբում համարվում էր խմբի ֆավորիտներից մեկը այս պահին ընթանում է չորրորդ տեղում: Օլսենն իր թիմին կարգադրել է երկուական հաղթանակ տանել Հայաստանի եւ Մալթայի նկատմամբ եւ ոչ ոքի խաղալ Իտալիայի հետ: Թեեւ Դանիան պահպանում է B խմբից դուրս գալու հնարավորություններ, սակայն հետաքրքրությունն ազգային հավաքականի նկատմամբ այս պահին այդքան էլ մեծ չէ:


Ընդհանրապես դանիացի երկրպագուները համարվում են աշխարհի ամենախաղաղասեր երկրպագուները: Ստադիոնում կռիվներ այստեղ գրեթե չեն լինում: Երկրպագուները իրենց հույզերը շատ զուսպ են արտահայտում: Ընդհանրապես դանիցները շատ հանգիստ ազգ են:
Խաղից մեկ օր առաջ «Պարկեն» ստադիոնի 40 հազար տոմսերից վաճառվել է ընդամենը 12 հազարը: Սպասվում է, որ խաղին ներկա կլինի 15 հազար երկրպագու:

Մեծ ակտիվություն է ցուցաբերում տեղի հայկական համայնքն ու Դանիայում Հայաստանի դեսպանատունը, որն էլ փորձում է համակարգել եւ կազմակերպել հայ երկրպագուների այցը հանդիպմանը: Նախնական տվյալներով, մոտ 200 հայ երկրպագու ներկա կլինի վաղվա խաղին: Դանիայի հյուսիսում բնակվող հայերը՝ մոտ 20երկրպագու, ավտուբուս են վարձել, որպեսզի գան հասնեն Կոպենհագեն:

Ասում են՝ մինչեւ Մալթայի հետ խաղը հետաքրքրությունը Դանիա - Հայաստան հանդիպման նկատմամբ ավելի մեծ էր: Շատ երկրպագուներ էին ցանկություն հայտնել ներկա գտնվել այս խաղին: Երեւանում գրանցված պարտույթյունից հետո նրանց թիվը կրճատվել է, բայց բոլոր այն երկրպագուները, ովքեր գալու են խաղին, լցված են լավատեսությամբ եւ հավատում են, որ Հայաստանը կարող է վերականգնել հեղինակությունը: Հաճելի է տեսնել, որ հատուկ այս խաղի համար Դանիա են ժանանել հայեր Մեծ Բրիտանիայից: Երկրպագուներ կան նաեւ Շվեդիայից եւ Հյուսիսային Եվրոպայի այլ երկրներից:

Ուրախացնում է նաեւ այն, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների դեմքին չի երեւում տխրություն:

Նախախաղային մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Միանսյանն ասաց, որ թիմը մոռացել է անցյալը եւ մտածում է միայն առաջիկա խաղի մասին:

Դեռեւս չորս օր առաջ Դանիա - Հայաստան խաղը մեծ նշանակություն ուներ: Հայաստանի հավաքականը պահպանում էր խմբից դուրս գալու հնարավարություն: Այժմ պարզապես պետք է լավ հանդես գալ եւ ձգտել հաղթանակի:

Կոպենհագենը բարի աուրայով քաղաք է: Այստեղ ամեն ինչ հեքիաթ է հիշեցնում: Գուցե, վաղը Հայաստանի ազգային հավաքականի համար նույնպես հեքիաթ լինի...

Վերա Մարտիրոսյան՝ Կոպենհագենից

Դանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին, Երեւանի ժամանակով 22:15-ին: NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է Կոպենհագենից «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով