11:25  ,  10 հունիսի, 2013

Maltafootball.com-ի խմբագիր. Չէի հավատում, որ դրսում կհաղթենք

«Չէի հավատում, որ Մալթայի հավաքականը կհաղթի դրսում: B խմբում առաջին տեղից դուրս կգա Իտալիան, երկրորդ տեղի համար հավասար պայքար է գնում Չեխիայի, Դանիայի եւ Բուլղարիայի միջեւ»:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց մալթական Maltafootball.com-ի խմբագիր Անթոնի Բուսութին: 

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը Երեւանում 0:1 հաշվով պարտվեց Մալթայի թիմին:

Ինչպիսի՞ տպավորություն ստացաք Հայաստան - Մալթա խաղից:

Ինչպես եւ սպասվում էր Հայաստանը նետվեց հարձակումների, բայց մալթացիներին հաջողվեց թույլ չտալ նրանց բացել հաշիվը: Մալթայի պաշտպաններ Քամիլլերին, Կարուանան, Միմեչը, ինչպես նաեւ Մուսկատը հինալի խաղ անցկացրին, իսկ դարպասպահ Ջասթին Հաբերը պարզապես հիանալի սեյվեր էր անում: Հայաստանը մի քանի գոլային պահեր ստեղծեց, բայց մալթացիները մեծ աշխատանք կատարեցին՝ անառիկ պահելով իրենց դարպասը: Հաշվի առնելով, որ մեր մրցակիցները մեզնից ուժեղ են, մենք անգամ այս խաղում մենք պետք է պաշտպանվեինք եւ արագ հակագրոհներ կազմակերպեինք: Ահա դա էլ մեր թիմն արեց Երեւանում: Մենք լավ պաշտպանվեցինք եւ օգտվեցինք մեր ստեղծած հնարավարություններից:

Կարո՞ղ էիք պատկերացնել, որ Մալթան կհաղթի այդ խաղում:

Դժվար էր դա պատկերացնելը: Վերջին անգամ արտագնա խաղում մենք հաղթել էինք 20 տարի առաջ Էստոնիային, իսկ վերջին հաղթանակը պաշտոնական խաղերում եղել էր 2006-ին Հունգարիայի դեմ: Երբ 2011-ին աշխարհի առաջնության վիճակահանությունը տեղի ունեցավ, շատերը կարծում էին, որ Հայաստանի հետ խաղը տանը միակն է լինելու, որտեղ մենք կարող ենք հաղթել, բայց հայերը հաղթեցին 1:0 հաշվով, չնայած մենք այդ հանդիպումը լավ անցկացրինք: Բուլղարիայից կրած 0:6 հաշվով պարտությունից հետո մեր թիմի խաղը մյուս հանդիպումներում հուսադրող էր եւ ինձ թվում էր, որ մոտակա խաղերից մեկում մենք միավոր կվաստակենք: Բայց եթե անկեղծ լինենք, այդքան էլ չէի հավատում, որ դրսում կհաղթենք:

Մալթան յոթ տարի հաղթանակ չէր ունեցել: Ինչպե՞ս տոնեցին այս հաղթանակը ֆուտբոլիստներն ու երկրպագուները:

Ֆուտբոլիստները չէին կարողանում զսպել իրենց ուրախությունը այդպիսի անսպասելի արդյունքից հետո, նույնը լրագրողներն ու ֆուտբոլասերները, ովքեր եկել էին Հայաստան եւ դիտել խաղը: Մալթայում օդանավակայանում բազմաթիվ երկրպագուներ էին եկել դիմավորելու ազգային հավաքականին:

Այնուամենայնիվ, ինչի՞ հաշվին հաղթեց Մալթան:

Մեր թիմը շատ էր աշխատում, չնայած այն բանի որ խաղերի արդյունքերը միշտ բացասական էին: Մարզչի համար դա շատ դժվար աշխատանք է, նա պետք է ոգեւորի իր ֆուտբոլիստներին անկախ այն բանից, թե ով է մրցակիցը: Ընկերական հանդիպումներ անցկացնելը հավասար թիմերի հետ լավ միտք է, քանի որ նրանց հանդեպ տարած հաղթանակը կբարձրացնի թիմի մարտական ոգին: Պյետրո Գեդինը շատ լավ աշխատանք է կատարում, նա շարունակում է իր նախորդների արդյունքերն ավելացնել:

Ի՞նչ կասեք Հայաստանի ազգային հավաքականի մասին:

Չնայած այս պարտությանը, Հայաստանի հավաքականում կան մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստներ, ովքեր հաջող հանդես են գալիս Ռուսատանում եւ Ուկրաինայում: Եվրոպայի առաջնության խմբայի փուլում Հայաստանը շատ լավ աշխատանք կատարեց , պարզապես չկարողացավ գրավել երկրորդ տեղը: Հաշվի առնելով այն, որ այդ ֆուտբոլիստների մեծ մասը շարունակում է խաղալ, կարծում եմ, որ քրտնաջան թիմային աշխատանքի արդյունքում թիմը կարող է ավելի մեծ նվաճումենրի հասնել:

Ո՞ր երկու թիմերը դուրս կգան այս խմբից:

Առաջին տեղից դուրս կգա Իտալիան: Երկրորդ տեղի համար հավասար պայքար է գնում Չեխիայի, Դանիայի եւ Բուլղարիայի միջեւ: Չնայած Դանիան դեռ երկուական խաղ ունի անցկացնելու Հայաստանի եւ Մալթայի հետ: Նրա գործն ավելի հեշտ է:

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով