21:51  ,  7 հունիսի, 2013

Հայաստանի հավաքականը Երեւանում պարտվեց Մալթային

Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվեց խմբի հետնապահ Մալթայի թիմին:

Երեւանի Հանրապետական ստադիոնում կայացած խաղի հենց մեկնարկից Հայաստանի թիմն ավելի շատ էր լինում գնդակով, բայց հաշիվը 8-րդ րոպեն բացեցին հյուրերը: Մալթայի հավաքականի առաջատար Միքայել Միվսուդը մեն-մենակ դուրս եկավ Ռոման Բերեզովսկու դեմ եւ, երկրորդ փորձից գրավելով դարպասը, առաջ մղեց հյուրերին: Բաց թողած գոլից հետո Հայաստանի թիմը փորձում էր արագ հավասարեցնել հաշիվը, բայց կարող էր երկրորդ գոլը բաց թողնել: Մալթացիների հակագրոհները բավական վտանգավոր էին ստացվում, ինչին նպաստում էին նաեւ դաշտի տերերի պաշտպանների դիրքային սխալները: Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականի մոտ ոչինչ չէր ստացվում առջեւի գծում: Հիշվեց միայն Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի հարվածը, որից հետո Ջասթին Հաբերը փրկեց հյուրերին: Տարածքային առավելությունը ոչինչ չէր տալիս Վարդան Մինասյանի թիմին:

Ընդմիջումից անմիջապես հետո փոխարինման դուրս եկավ Յուրա Մովսիսյանը, ով ակտիվ մտավ խաղի մեջ, բայց Մոսկվայի «Սպարտակի» հարձակվողը նույնպես չկարողացավ ոչնչով օգնել Հայաստանի հավաքականին: Երկրորդ խաղակեսում դաշտի տերերն ավելի շատ էին գրոհում, բայց հյուրերի դարպասի մոտ իրական գոլային պահեր չէին լինում: Ամենաիրական գոլային պահն ունեցավ փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովը, ով վրիպեց հարմար դիրքից: Հայաստանի հավաքականն առաջատարի կարիք ուներ: Պետք էր մի ֆուտբոլիստ, ով իր հետեւից կտաներ խուճապի մեջ գտնվող թիմակիցներին, սակայն այդպիսի խաղացողներ չկային խաղադաշտում:

Երկրորդ խաղակեսում մալթացիները հազվադեպ էին մոտենում Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասին, բայց եւ վստահ էին գործում պաշտպանությունում: Արդյունքում՝ Միվսուդի խփած գնդակը միակն էր այս խաղում եւ մալթացիներն առաջին հաղթանակը տարան ընտրական B խմբում:

5 խաղ անցկացրած Հայաստանի հավաքականը չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց ընտրական խմբում, իսկ մալթացիները, վաստակելով 3 միավոր, հավասարվեցին Վարդան Մինասյանի թիմին: Հունիսի 11-ին Հայաստանի հավաքականը Կոպենհագենում կմրցի դանիացիների հետ:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար 

Եվրոպական գոտի

B խումբ

ՀայաստանՄալթա՝ 0:1

Միքայել Միվսուդ, 8

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, 5. Ռոբերտ Արզումանյան, Վալերի Ալեքսանյան, Դավիթ Մանոյան (Արթուր Սարկիսով, 67), Կառլեն Մկրտչյան, Արաս Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի, Էդգար Մանուչարյան (Յուրա Մովսիսյան, 46):

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով