14:46  ,  16 ապրիլի, 2013

Նորայ Նակիս. «Հայաստան» անվանումով աշխարհում միակ թիմը լուրջ խնդիրներ ունի

«Ժամանակին մենք ցանկանում էինք, որ Հենրիխ Մխիթարյանը հանդես գար արգենտինական «Բոկա Խունիորսում», բայց նա նախընտրեց Ուկրաինան: Սակայն ես կցանկանայի, որ մինչեւ Եվրոպա տեղափոխվելը Հենրիխը խաղար Արգենտինայում»:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց արգենտինական «Դեպորտիվո Արմենիո» թիմի նախագահ, Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին փոխնախագահ եւ ազգային հավաքականների կոմիտեի ղեկավար Նորայ Նակիսը:

Պարոն Նակիս, կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին: Ինչպե՞ս հայտնվեցիք ֆուտբոլում:

Ես հայ եմ, ծնվել եմ 1955-ի հուլիսի 1-ին Թուրքիայի Սվաս քաղաքում: Այդ քաղաքում շատ հայեր էին ապրում: Մենք ապրում էինք Սարկսլա թաղամասում: Ես ունեմ երկու եղբայր, որոնցից մեկն ինձանից մեծ է, մյուսը՝ փոքր։ Երբ վեց տարեկան էի, ծնողներս որոշեցին տեղափոխվել Ստամբուլ, որպեսզի ես եւ եղբայրներս սովորենք հայերեն հայկական դպրոցում: 17 տարեկանում որոշեցի տեղափոխվել Արգենտինա: Գնացքով մեկնեցի մինչեւ Իտալիա, որտեղից էլ նավով 25 օրում հասա Արգենտինա: Ես տեղափոխվեցի հիանալի մի երկիր, որտեղ չկար ռասիզմի եւ խտրականության դրսեւորումներ: Սկզբում շատ դժվար էր: Ես տնից տուն էի գնում՝ վաճառելով տարբեր բաներ: Հետագայում ես հայտնվեցի «Դեպորտիվո Արմենիո» ակումբում, որտեղ սկսեցի մասնագիտորեն աճել, ինչի արդյունքում հետագայում հնարավորություն ստացա աշխատել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայում: Ես ամուսնացած եմ, ունեմ 2 երեխա՝ Լուչիանո Սոսին 35 տարեկան է, իսկ Մելինան՝ 29: Ունեմ շատ լավ ընտանիք: Ես ֆուտբոլային ֆունկցիոներ եմ եւ գտնում եմ տաղանդավոր ֆուտբոլիստների։

Ինչպե՞ս են գործերը «Դեպորտիվո Արմենիո» ակումբում:

«Դեպորտիվո Արմենիոն» աշխարհում միակ ֆուտբոլային ակումբն է, որը կրում է Հայաստան անունը: Այն 1962-ին ստեղծել են Արգենտինայի երիտասարդ հայերը։ «Դեպորտիվո Արմենիոն» հանդես է եկել Ագենտինայի առաջնության բարձրագույն խմբում: Այս պահին թիմում չկան հայ ֆուտբոլիստներ, թեեւ մենք հանդես ենք գալիս հայկական ատրիբուտներով: «Դեպորտիվո Արմենիոն» այս պահին մեծ դժվարություններ ունի: Եթե ես եւ ընտանիքս այլեւս չաջակցենք թիմին, այն կդադարի գոյություն ունենալ: Եթե թիմը չունենար «Հայաստան» անունը, ես վաղուց կդադարեի դրանով զբաղվել: Հայկական համայնքից ոչ ոք մեզ օգնություն չի ցուցաբերում: Մենք գումար ենք ստանում միայն Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայից, բայց դա մեր ծախսերի միայն կեսն է: Ես ինքս այս ամենից հոգնել եմ: Ես միլիոնատեր չեմ: Պարզապես չեմ ցանկանում, որ հայկական անվանումով թիմն այսպիսի տխուր ավարտ ունենա: Ափսոս, որ հայ համայնքից ոչ մի աջակցություն չկա:

Այս պահին թիմում հայ ֆուտբոլիստներ չկան: Իսկ կա՞ն Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստեր, որոնց կցանկանայիք հրավիրել Ձեր թիմ:

Ժամանակին մենք ցանկանում էինք, որ Հենրիխ Մխիթարյանը հանդես գա «Բոկա Խունիորսում», բայց նա նախընտրեց Ուկրաինան: Սակայն ես կցանկանայի, որ մինչեւ Եվրոպա տեղափոխվելը նա խաղար Արգենտինայում: Հայաստանում շատ են լավ ֆուտբոլիստները, բայց այդ ամենը մեծ գումարների հետ է կապված, իսկ դա իմ ուսերի վրա է: Պետք է բերել ֆուտբոլիստին, նրան ապահովել լավ աշխատավարձով եւ պայմաններով: Իսկ այժմ դա շատ դժվար է:

Մի քանի տարի առաջ Դուք հաճախ էիք գալիս Հայաստան եւ համագործակցում էիք ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Հիմա ինչպե՞ս են գործերն այդ առումով:

Ես լինում էի Հայաստանում: Կապեր եմ հաստատել Ռուբեն Հայրապետյանի հետ: Մենք փոխանակվեցինք գաղափարներով, ծրագրեր էինք մշակում եւ շատ լավ հարաբերությունների մեջ էինք:  Պարոն Հայրապետյանը լավացրեց ֆուտբոլային ենթակառուցվածքները։ Մինչեւ նրա գալն այդ խնդիրներն իսկապես անլուծելի էին:

Քանի որ շատ ծանրաբեռնված եմ աշխատանքով, քիչ ժամանակ է մնում Հայաստան գալու համար: Ռուբեն Հայրապետյանը միշտ կապի մեջ է ինձ հետ: Մենք զրուցում ենք, մտածում, թե ինչպես կարելի է լավացնել եւ ավելի ժամանակակից դարձնել մարզական դպրոցները: Դրական փոփոխությունները տալիս են իրենց արդյունքը: Օրինակը կարող ենք տեսնել մեր հավաքականում: Հիշում եմ, որ ժամանակին մեր հավաքականը ՖԻԱՖ-ի դասակարգման աղյուսակում 157-րդն էր, իսկ այժմ շատ ավելի լավ դիրքերում է: Բայց մեզ պետք է փոխել «Արարատ-73»-ի ժամանակների հնացած մետածելակերպը:

Որո՞նք են հայկական ֆուտբոլի ակնհայտ խնդիրները եւ ինչպե՞ս կարելի է լուծել դրանք:

Այնպիսի լեգենդար մարզիչները, ինչպիսիք են Բազիլեն, Սիմեոնեն, Մարադոնան, Մենոտին անընդհատ շփման մեջ են միմյանց հետ, միշտ փոխանակվում ենք մտքերով, փորձում են ավելացնել իրենց առանց այդ էլ հարուստ գիտելիքները: Իսկ Հայաստանում շատերը իրենց այնպես են պահում, կարծես ամեն ինչ գիտեն եւ խորհուրդների կարիք չունեն: Ես մի քանի ֆուտբոլիստների եմ ուղարկել Արգենտինայից եւ Ուրուգվայից, իսկ Հայաստանից նրանց հետ են ուղարկել: Այժմ այդ ֆուտբոլիստները հանդես են գալիս Հարավային Ամերիկայի լավագույն թիմերում:

Ես շատ կցանկանայի հայկական ֆուտբոլին մոտ լինել, քանի որ տեսնում եմ՝ որ թիմերը կարող են ավելի արդյունավետ խաղալ եւ կարճ ժամանակահատվածում եկամուտ ունենալ: Հայաստանում օգտվում են միջակ գործակալների եւ միջնորդների ծառայությունից՝  հրավիրելով ֆուտբոլիստների Աֆրիկայից, Ռումինիայից, Խորվաթիայից: Աշխատում են «Արարատ-73»-ի նախկին ֆուտբոլիստները, բայց ես կարծում եմ, որ կարելի է օգտվել Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի մասնագետների ծառայություններից: Նրանք մեծ օգուտ կարող են բերել թիմին: Իսկ այժմ հայկական ֆուտբոլում աշխատում են բազմաթիվ մարդիկ, ովքեր ոչ միայն օգուտ չեն բերում, այլեւ՝ վնասում են: Մենք ունենք ֆիզպատրաստության մասնագետների եւ լավ բժիշկների պակաս: Դա շատ կարեւոր է: Նրանք կարող են դիմել, որպեսզի ֆուտբոլային առաջատար երկրների մասնագետներն օգնեն իրենց:

Հարավային Ամերիկայում կա՞ն ֆուտբոլիստներ, ովքեր կարող են խաղալ Հայաստանում: Որքանով գիտեմ, Մաուրո Գեւգեոզյանին Դուք էիք ուղարկել Հայաստան:

Մաուրոյին հետ ուղարկեցին, քանի որ նրան չհավանեցին «Արարատ-73»-ի մարզիչները: Հիմա Մաուրոն հանդես է գալիս Պարագվայի լավագույն ակումբներից մեկում: Շտապ որոշումներ կայացնելու փոխարեն, նրանք ինձանից խորհուրդ կարող էին հարցնել, չէ որ ես 27 տարվա փորձ ունեմ արգենտինական ֆուտբոլում:

Ի՞նչ կասեք Սերխիո Մարգարյանի մասին:

Սերխիո Մարգարյանը պրոֆեսիոնալ է եւ ունի ֆուտբոլային մեծ գիտելիքներ:

Դուք միշտ պաշտպանում եք Դիեգո Մարադոնային, երբ նրան քննադատում են գործընկներները: Դուք ընկերնե՞ր եք:

Այո, ես ընկերություն եմ անում Մարադոնայի եւ Մեսիի հետ:

Վերա Մարտիրոսյան


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով