«Ես մի քանի վարկած ունեի այդ որակազրկման հետ կապված, բայց չեմ ասել, որ դա պատժամիջոց է»:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին պատմեց «Ուֆայի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը, որը կասկածներ ունի, թե իրեն պատժում են Հայաստանի հավաքականից հրավեր ընդունելու համար: «Սիբիրի» դարպասապահ Իլյա Տրունինի հետ բախվելու համար Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեն ավելացրել է Մարկոսովի որակազրկումը մինչեւ վեց հանդիպում: «Սիբիրի» դարպասապահը ուղեղի ցնցում էր ստացել, իսկ մեղավոր ճանաչված Մարկոսովը՝ ուղեղի ցնցում եւ քթի կոտրվածք: Մարկոսովը չի ընդունում մեղքը եւ նշում է, որ բախումից առաջ չի տեսել դարպասապահին
Միխայիլ, այսօր sportbox.ru-ին տված հարցազրույցում ասել ես, որ հնարավոր է՝ քո որակազրկման ժամկետի երկրաձգումը կախված է Հայաստանի հավաքականին միանալու քո որոշման հետ, եւ որ դա պատժամիջոց է:
Ես ենթադրություններ ունեմ, որ ինչ-որ մեկը ինձ վրա կարող է բարկանալ դրա համար: Ես շատ վատ տրամադրություն ունեի, եւ ինձ կարող էին այնպես չհասկանալ: Ես մի քանի վարկած ունեի այդ որակազրկման հետ կապված, բայց չեմ ասել, որ դա պատժամիջոց է: Բայց գուցե դա ինչ-որ մարդանց դուր չի եկել:
Իսկ ինչպե՞ս է այժմ առողջական վիճակդ:
Լավ է: Արդեն խաղում եմ: Մի քիչ հոգնած եմ: Նոր եմ մարզումներից վերադարձել:
Այս ընթացքում խոսե՞լ ես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Շուտով հավաքականին երկու խաղ է սպասվում:
Ոչ: Ես այժմ այդքան էլ լավ մարզավիճակում չեմ գտնվում: Հավանաբար, տրամաբանական է այդ լռությունը:
Պատրաստվո՞ւմ ես երկարաձգել պայմանագիրդ «Ուֆայի» հետ:
Այժմ այդ գործընթացի մեջ ենք: Այլ ակումբներից առաջարկներ չեմ ստացել:
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում