09:11  ,  15 մարտի, 2013

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր բժիշկ. Սատարում եմ մերոնց եւ բացահայտում եմ Հայաստանը

«2010-ից սկսած լինում եմ Հայաստանի հավաքականի գրեթե բոլոր հանդիպումներին: Ես, իհարկե, հավատարիմ երկրպագուի պես չեմ կարող մեր հավաքականի հետ մեկնել տարբեր երկրներ, բայց երեւանյան խաղերը ձգտում եմ բաց չթողնել: Փորձում եմ համատեղել հաճելին օգտակարի հետ: Սատարում եմ մերոնց եւ բացահայտում եմ Հայաստանը»:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց մոսկովյան «Սպարտակի» գլխավոր թիմի բժիշկ Միխայիլ Վարդապետովը:

Պարոն Վարդապետով, շատ հաճելի է իմանալ, որ «Սպարտակի» գլխավոր թիմի բժիշկը մեր հայրենակիցն է: Որտեղի ՞ց է Ձեր ընտանիքը:

Ես ինքս ծնվել եմ Մոսկվայում: Հայրս Բաքվից է, իսկ տատիկս ու պապիկս՝ Շուշիից: Մայրս ռուս է: Ծնողներս ծանոթացել են պատերազմի ժամանակ: Հայրս մինչեւ թոշակի անցնելը թավջութակահար էր Մոսկվայի Մեծ թատրոնում: Առաջին անգամ Հայաստանում եղել եմ ուսանողական տարիներիս: Մարտ ամիսր էր, Երեւանում արդեն տաք էր: Ես եկա Հայաստան նաեւ 1988-ի երկրաշարժի ժամանակ, աշխատում էի Երեւանի թիվ 1 հիվանդանոցում: Երկու տարի անց էլ կրկին եկա եւ ղեկավարում էի Լենինականի ժամանակավոր բուժկետը: 2010-ին ես եկա Հայաստան` դիտելու հավաքականի հերթական հանդիպումը, եթե չեմ սխալվում Սլովակիայի հետ: Այդ ժամանակ այցելեցի նաեւ Արցախ: Եղա Ստեփանակերտում, գիշերեցի Շուշիում: Շատ էի ցանկանում գտնել բարեկամներիս, բայց ժամանակը սուղ էր: Այդ տարի ես Շուշիի եկեղեցում պսակադրվեցի: Կինս նույնպես հայ է: Հայերեն չգիտեմ: Եզակի իմացածս արտահայթություններից մեկը «Իմ արմատները Ղարաբաղում են»: Շատ եմ ցանկանում սովորել հայերեն: Եթե ինչ-որ մեկը կարող է ինձ օգնել գտնել բարեկամներիս, ովքեր երեւի թե ապրում են Արցախում` շատ շնորհակալ կլինեմ: Մեր ազգանունը եղել է Մինաս-Վարդապետյանց:

Ի՞նչ տպավորություն ստացաք Արցախից:

Դա իմ առաջին այցելությունն էր Արցախ: Փորձում էի հիշել հորս եւ բարեկամներիս պատմածները: Ես հիմնական ուշադրոթյունս բեւեռել էի բնության վրա: Չհասցրի գնահատել երկրի տնտեսական վիճակը, բայց ինձ թվաց, որ տեղացիները շատ լավատես են: Նրանք ունեն ներքին ուժ, որը օգնել է նրանց գոյատեւել շատ դժվար ժամանակաշրջանում, եւ նրանք, իհարկե, արժանի են ավելի լավ կյանքի:

Շատ հաճելի է լսել, որ Դուք այցելում եք Հայաստանի հավաքականի երեւանյան հանդիպումներին: Վաղո՞ւց եք սկսել:

2010-ից սկսած լինում եմ Հայաստանի հավաքականի գրեթե բոլոր հանդիպումներին: Շնորհակալ եմ «Սպարտակին», որ այդ օրերին ինձ բաց է թողնում:  Ես, իհարկե, հավատարիմ երկրպագուի պես չեմ կարող մեր հավաքականի հետ մեկնել տարբեր երկրներ, բայց երեւանյան խաղերը ձգտում եմ բաց չթողնել: Փորձում եմ համատեղել հաճելին օգտակարի հետ: Սատարում եմ մերոնց եւ բացահայտում եմ Հայաստանը: Ռոման Բերեզովսկին հիմնականում ինձ նվիրում է հավաքականի խաղերի տոմսեր: Ես նրան շնորհակալ եմ դրա համար:

Հավաքականի ո՞ր հանդիպումն է առավել տպավորվել:

Ես հիշում եմ միայն մեկ խաղ, որը մենք պարտվեցինք առանց հաղթելու շանսի: Դա Թուրքիայի հավաքականի դեմ խաղն էր: Ինձ ավելի շատ տպավորեց ոչ այնքան խաղն, որքան մերձֆուտբոլային տրամադրությունը: Ինչպես էին մարդիկ գնում ստադիոն, սատարում իրենց թիմին, չնայած պարտության: Դա այնքան հեռու էր շատ ռուս երկրպագուների սատարումից, ովքեր պատրաստ են ձեռքերի վրա տանել իրենց կուռքերին, բայց ժամանակավոր անհաջողության դեպքում, տրորել նրանց:

Դուք 19 տարի աշխատել եք «Շտապօգնությունում» , եղել եք Մոսկվայի «Շտապօգնության»  գլխավոր վնասվածքաբանը: Ինչպե՞ս դարձաք մարզական բժիշկ:

Ես միշտ սիրել եմ սպորտը: Դա իմ հոբբին էր, հետո դարձավ աշխատանքը: Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել եմ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գլխավոր ինստիտուտում, որտեղ մեր հայրենաիցները նույնպես լավ պաշտոններ էին զբաղեցնում: Ես աշխատում էի վիրաբուժության բաժանմունքում: Բացի այդ, վնասվածքաբանության վերակենդանացման մասնագիտացված խմբում էի, որը գործում էր այդ ինստիտուտում: Զուգահեռաբար աշխատել եմ տարբեր հավաքականների հետ՝ ջրագնդակի, ալպինիզմի, ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի: 2006-ին ինձ հրավիրեցին աշխատել «Խիմկի»: Այնտեղ ես ծանոթացա Ռոման Բերեզովսկու հետ: 2008-ից աշխատում եմ «Սպարտակում»:

Ի՞նչ է Ձեզ համար «Սպարտակը»:

Ինձ բախտ է վիճակվել աշխատել «Սպարտակի» վետերանների հետ: Դեռ «Խիմկիում» ես ծանոթացա Անդրեյ Տիխոնովի հետ: Ինձ բախտ է վիճակվել ծանոթ լինել Դմիտրի Ալենիչեւի հետ, ով հանդիսանում է ոչ միայն «Սպարտակի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը, այլ նաեւ ամբողջ ԽՍՀՄ տարածքի: Նա եւ շատ այլ վետերանները ինձ մոտ ձեւավորեցին «Սպարտակի» կերպարը, որն անպարտելի էր 90-ականներին:  Եվ երբ ինձ հրավիրեցին «Սպարտակ», ես առանց երկմտելու համաձայնեցի: Դա շատ պատվաբեր էր ու հաճելի:

Ձմռանը «Սպարտակ» տեղափոխվեց Հայաստանի ազգային հավաքականի  խաղացող Յուրա Մովսիսյանը: Առաջին խաղից մենք արդեն հասկացանք, թե ինչ մարզավիճակում է նա գտնվում: Իսկ ի ՞նչ վիճակում նա եկավ ակումբ: Նա թեթեւ վնասվածք ուներ եւ չէր խաղացել մի քանի ամիս:

Նա խնդիրներ ուներ ոտնաթաթի ոսկորի հետ: Նրա մարզավիճակը հեռու էր իդեալականից, բայց մենք գիտեինք, թե որ ուղղությամբ պետք է անցնի նրա վերականգնողական ընթացքը: Հենց Յուրայի հետ ծանոթացանք, քննարկեցինք հետագա անելիքները:  Ձմռան արձակուրդներին նա ջանասիրաբար աշխատում էր: Աշխատասիրության շնորհիվ նա եկավ հիմիկվա մարզավիճակին եւ բոլորին ինչ պետք էր ապացուցեց:

Մովսիսյանին փոխարինեցին երկրորդ խաղակեսում: Որոշեցին խնայե՞լ, թե՞ նա դեռ պատրաստ չէ խաղալ 90 րոպե:

Դա մարզչական որոշում էր: Նա խփեց երեք գնդակ, իսկ առջեւում կան դեռ կարեւոր խաղեր: Կարծում եմ՝ նրան խնայեցին:

Ինչպե՞ս կբնութագրեք Յուրային որպես մարզիկ:

Նա շատ նպատակասլաց է, կայացած պրոֆեսիոնալ է: Չնայած, որ այդքան էլ մեծ չէ տարիքով, նա աշխատասիրությամբ ինքն իրեն դարձրեց այնպիսին, ինչպիսին  կա: Ինձ շատ հեշտ է նրա հետ աշխատել: Չեմ վախենում նրան գովել: Կարծում եմ, եթե ֆուտբոլիստներից շատերը նրա նման լինեին` բոլորիս համար դրանից լավ կլիներ:

Երբ Յուրան եկավ «Սպարտակ», շատերը հոռետեսորոն էին տրամադրված: Կարծում էին` չի դիմանա մրցակցությանը: Կարելի՞ է ասել, որ հիմնական կազմում տեղ ունենալու հարցը նրա համար արդեն լուծված է:

Այդ հարցը ավելի շատ մարզիչին պետք է ուղղել: Բայց ես արդեն հասկացել եմ Յուրայի բնավորությունը: Նա չի վախենում մրցակցությունից: Դա իրեն ավելի է մոտիվացնում:

Վերջերս «Սպարտակի» երիտասարդական թիմ տեղափոխվեց Աղվան Պապիկյանը: Ի՞նչ կասեք նրա մասին:

Ես ծանոթացա նրա հետ: Նրան հաջողություն մաղթեցի: Հուսամ շուտով նրան տեսնել «Սպարտակի» հիմնական կազմում:

Հայաստանի հավաքականի ո՞ր մյուս ֆուտբոլիստների հետ կցանկանայիք աշխատել:

Շատերի հետ կցանկանայի աշխատել: Ես մեծ հաճույքով եմ աշխատում այն ֆուտբոլիստների հետ, ովքեր հիմա խաղում են թիմում: Բայց եթե կազմեի «Դրիմ թիմ», ապա կուզենայի աշխատել Ռոման Բերեզովսկու հետ: Ես նրան համարում եմ մեծագույն պրոֆեսինոլ, շատ կիրթ եւ նպատակասլաց մարդ:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով