17:33  ,  2 փետրվարի, 2013

Իսրայել Հակոբկոխյան. Իմ կախ հանգերով ինչպե՞ս գովեմ այդ գյոզալին. ես չեմ խոսի Վլադիմիր Ենգիբարյան հանճարի մասին

Ես, նվաստս, իրավունք չունեմ այդ հանճարեղ մարդու՝ Վլադիմիր Ենգիբարյանի մասին որեւէ բան ասել։ Շատ պրոֆեսորներ ունենք, թող իրենք ասեն։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ի առավոտյան, Լոս Անջելեսում 80 տարեկանում մահացել է Մելբուռնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը:

Պարոն Հակոբկոխյան, հայկական բռնցքամարտը երեկ մեծ կորուստ ունեցավ։ Կյանքից հեռացավ Վլադիմի Ենգիբարյանը։

Նախ՝ ես պարոն չեմ, ես ռամիկ եմ։ Լինում են պարոններ եւ ռամիկներ։ Եվ եթե կա պարոն, ուրեմն կա նաեւ ռամիկ։ Ինձ ասեք ռամիկ Հակոբկոխյան, այլ ոչ՝ պարոն Հակոբկոխյան։

Ինչ վերաբերում է Վալդիմիր Ենգիբարյանին, ապա նրա պես հանճարեղ մարդու մասին ես մեկնաբանություն չեմ կարող տալ։ Ես իմ կախ հանգերով ինչպե՞ս գովաբանեմ այդ «գյոզալին»։ «Սայաթ-Նովա» ֆիլմը տեսե՞լ եք՝ որտեղ ասում է՝ «իմ կախ հանգերով ինչպե՞ս գովեմ այդ գյոզալին»։ Այնպես որ, ես՝ նվաստս, իրավունք չունեմ այդ հանճարեղ մարդու մասին որեւէ բան ասել։ Ցավալի է, որ մահացել է։ Ի՞նչ անենք, բոլորս էլ այդ ճանապարհով պետք է անցնենք։ Դրա համար, ձեր թույլատվությամբ, ես չեմ խոսի Վլադիմիր Ենգիբարյան հանճարի մասին։

Ավելի մեծ մասնագետներ կան, Վլադիմիր Ենգիբարյանի մասին հարցրեք նրանց։ Ես մեծ մասնագետ չեմ։ Ես բռնցքամարտից հեռու մարդ եմ։

Իսկ Վլադիմիր Ենգիբարյանի կորուստը ի՞նչ է հայկական մարզաշխարհի ու բռնցքամարտի համար։

Դա սպորտի ղեկավարությունն ու սպորտի ներկայացուցիչներն ավելի լավ կիմանան։ Ես ի՞նչ իմանամ։ Ով սպորտը ղեկավարում է, իրենից էլ հարցրեք։ Պրոֆեսորներ շատ ունենք։ Այդ պրոֆեսորներն ավելի ճիշտ կասեն՝ ինչ է Ենգիբարյանի կորուստը։

Պարոն Հակոբկոխյան, դուք ներկայումս մարզում եք բազմաթիվ բռնցքամարտիկների։ Ի՞նչ գնահատական կտաք նոր սերնդին։

Այո։ Ես աշխատում եմ «Աշխատանքային ռեզերվների» մարզադպրոցում եւ այժմ մարզում եմ երեխաների։ Այս պահին դադարեցրել եմ մարզումներս, ձեր հետ եմ խոսում, երեխաներն էլ կանգնել, սպասում են, երբ եմ ավարտելու զրույցս, որ շարունակեմ մարզումները։

Իսկ ի՞նչ կասեք մեր նոր սերնդի ներուժի մասին, ապագայում կունենա՞նք նոր Վլադիմիր  Ենգիբարյան երկրորդ։

Շատ բարդ հարց եք տալիս։ Այդ բարդ հարցին չեմ կարող պատասխանել։

Բայց դուք այժմ աշխատում եք չէ՞ երեխաների հետ։ Որպես մարզիչ, այդ ներուժը տեսնո՞ւմ եք երեխաների մեջ։

Ես Վանգան չեմ, որ տեսնեմ։ Ես ուղղակի մարզում եմ, Նոստրադամուսը չեմ, որ տեսնեմ։ Ես ուղղակի փորձում եմ իմ ունեցած գիտելիքները փոխանցել մեր երեխաներին։ Թե հետագայում ի՞նչ հաջողությունների նրանք կհասնեն, դա արդեն ժամանակը ցույց կտա։Ես չեմ կարող ոչինչ ասել։

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով