16:29  ,  1 փետրվարի, 2013

Յուրի Վարդանյան. Դեռեւս որոշված չէ, թե Վլադիմիր Ենգիբարյանի հուղարկավորությունը որտեղ կիրականացվի

Դեռեւս որոշված չէ, թե Վլադիմիր Ենգիբարյանի հուղարկավորությունը որտեղ կիրականացվի՝ այստեղ, թե ԱՄՆ-ում: Մահից մի քանի օր առաջ բնռցքամարտիկի դստեր խնդրանքով Վլադիմիր Ենգիբարյանին պետք է տեղափոխեի Հայաստան, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Նա տառապում էր բռնցքամարտիկների մոտ հաճախակի հանդիպող Պարկինսոնի հիվանդությամբ: Ու արրդեն մի քանի օր գտնվում էր առողջական շատ ծանր վիճակում»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ  նախագահի խորհրդական, ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը:

Ժամեր առաջ ես արդեն տեղյակ էի նրա մահվան մոտալուտի մասին, քանի որ նա արդեն մի քանի օր գտնվում էր ծանր առողջական վիճակում: Նրա մահը ինձ շատ է վշտացրել, քանի որ նրա հետ ես վերջին տարիներին, մասնավորապես, ԱՄՆ-ում իմ գտնվելու տարիներին շատ էի մտերմացել: Համարում եմ, որ նրա կյանքում ես մի փոքր «ամագ» ունեմ, քանի որ երբ նա եկավ ԱՄՆ, ես արդեն հաստատվել էի ԱՄՆ-ում եւ այնտեղ  կարողացա նրան ինչ-որ հարցով օգտակար լինել, օգնել հաստատվելու, բնակության վայր գտնելու հարցերում: Շատ-շատ էինք մտերմացել, նա միշտ իմ կողքին է եղել:

Ինչ տարիքում էլ մարդ մահանում է, մասնավորապես հանրաճանաչ մարդը, դա մեծ հոգեկան հարված է: Վլադիմիր Ենգիբարյանի մահը հոգեկան մեծ հարված էր ինձ համար: Ամենացավալին այն էր, որ Վլադիմիրի դուստրն ինձ խնդրել էր, որպեսզի իր հորը տեղափոխենք Հայաստան: Բանն այն է, որ մենք արդեն գիտեինք` նրա մահը մոտ էր: Նա ֆիզիկապես շատ վատ վիճակի մեջ է եղել օրեր առաջ: Տարբեր պատճառներով չկարողացանք նրան տեղափոխել Հայաստան: Աղջիկը, որ ապրում է Հայաստանում, ցանկանում էր հորը տեղափոխել Հայաստան, իսկ կինը, կարծես՝ դեմ էր այդ մտքին: Եվ այսպես ուշացրեցինք եւ չհասցրեցինք նրան բերել այստեղ»,- ասաց Յուրի Վարդանյանը:

Մահվան պատճառների մասին Յուրի Վարդանյանը նշեց.

«Պատճառը,  բացի ծերունական մահից,  բռնցքամարտիկների մոտ հաճախակի հանդիպող Պարկինսոնի հիվանդությունն էր: Նա արդեն երկար տարիներ ուներ այդ հիվանդությունը, որն արտահայտվում է հիշողության կորստով, նա սկսել էր  չճանաչել մտերիմներին եւ հարազատներին»: 

Իսկ թե ինչու հայ լեգենդար մարզիկի աճյունը Հայաստանում չի հանձնվում հողին, այլ ԱՄՆ-ում, Յուրի Վարդանյանը պատասխանեց.

«Դա դեռ որոշված չէ, վերջնական որոշում չկա` այստեղ կլինի, թե ԱՄՆ-ում: Այդ հարցը այս պահին քննարկվում է: Ես շատ կուզեմ, որ այստեղ տեղի ունենա հուղարկավորությունը: Ես այդ մտքի ջատագովն եմ եւ կանեմ ամեն ինչ , որպեսզի Վլադիմիր Ենգիբարյանի աճյունը հողին հանձնվի Հայաստանում»:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով