11:40  ,  1 փետրվարի, 2013

Մահացել է օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը

2013թ. փետրվարի 1-ի առավոտյան Լոս Անջելեսում 80 տարեկանում մահացել է Մելբուրնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանը: Լեգենդար բռնցքամարտիկը ծնվել էր 1932թ. ապրիլի 24-ին Երեւանում: 1959թ. հիմնադրել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչեւ 1995-ը, երբ բնակության տեղափոխվեց ԱՄՆ:

Վլադիմիր Ենգիբարյանը արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման, մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի անդամի, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, ՀՀ վաստակավոր մարզչի եւ վաստակավոր գործչի, ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանի:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանը 2009-ին Վլադիմիր Ենգիբարյանին շնորհել են Հայաստանի եւ Արցախի բարձրագույն պարգեւներ:

2012-ին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երեւան հրավիրվեց կաշվե ձեռնոցի փառահեղ վարպետը: Նրա 80-ամյակին նվիրված տոնական արարողությունը շուքով նշվեց: Բացի այդ, բռնցքամարտի դպրոցն անվանակոչվեց հիմնադիրի՝ Վլադիմիր Ենգիբարյանի անունով:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 3-ին՝ ժամը 14:00-ին, հոգեհանգստյան արարողություն է կազմակերպելու Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը նախատեսված է ԱՄՆ-ում, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում