18:21  ,  26 մարտի, 2012

Հայաստանի մարզիչները` Հոլանդիայում

Մարտի 19-22-ը Հայաստանի ֆուտբոլային մարզիչները մասնակացել են ՈւԵՖԱ-ի «Սթադի Գրուպ Սքիմ» ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինարին, որը տեղի է ունեցել Հոլանդիայում: Սեմինարը նվիրված է եղել պատանեկան ֆուտբոլին: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ՀՖՖ հրահանգիչներ եւ մարզիչներ, ովքեր ներկայացնում են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը: 

Սեմինարի մասնակիցները հանգրվանել էին Հոլանդիայի ֆուտբոլի ասոցիացիային պատկանող ֆուտբոլի ակադեմիայում, որը գտնվում է Զեյստ քաղաքում: Սեմինարը վարել է Հոլանդիայի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիմ վան Զվամը: Բացի Հայաստանի պատավիրակությունից սեմինարի ունկնդիրների թվում են եղել նաեւ Սան Մարինոյից եւ Լատվիայից ժամանած մասնագետներ: Յուրաքանչյուր պատվիրակություն ներկայացրել է իր պատրաստած շնորհանդեսը: Իր հերթին հյուրընկալող կողմը մանրամասն ներկայացրել է հոլանդական ֆուտբոլի կառուցվածքը:

Սեմինարի շրջանակներում մասնակիցները այցելել են «Այաքս» ակումբ, ծանոթացել են ակումբի ենթակառուցվածքներին: Այստեղ մասնակիցներին ներկայացվել է Յոհան Կրոյֆի կողմից մշակած մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիրը: Այցելություն է եղել նաեւ «Վիլլեմ II» եւ «Վաալվեյկ» ակումբներին պատկանող միասնական ֆուտբոլի ակադեմիա: Այստեղ հնարավարություն է ընձեռնվել դիտելու մանկապատանեկան թիմերի մարզումները եւ հանդիպումները:

Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՖՖ հրահանգիչներ Ալբերտ Սաֆարյանը, Արմեն Սանամյանը եւ Աշոտ Ավետիսյանը, ինչպես նաեւ մարզիչներ Արթուր Ասոյանը («Ուլիս»), Սլավա Գաբրիելյանը («Գանձասար»), Մամիկոն Ղարիբջանյանը («Միկա«»), Արամ Դանիելյանը («Փյունիկ»), Աբրահամ Խաշմանյանը («Գանձասար»), Վարազդատ Ավետիսյանը (Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքական), Ֆելիքս Խոջոյանը («Շիրակ») եւ Ռոման Սիմոնյանը («Բանանց»):

ՈւԵՖԱ-ի «Սթադի Գրուփ Սքիմ» ծրագիրը մեկնարկել է երեք տարի առաջ: Ծրագրի նպատակն է` փորձի փոխանակումը եւ մասնավորապես տեխնիկական գիտելիքների փոխանակումը ազգային ֆեդերացիաների միջեւ: 
Այս տարի ծրագրի շրջանակներում նախատեսված է անցկացնել եւս երկու սեմինար: Առաջինը տեղի կունենա Դանիայում եւ նվիրված կլինի մանկապատանեկան ֆուտբոլին, երկրորդը, որի ուղղվածությունը կլինի հրահանգիչների պատրաստելը կանցկացվի Բելգիայում, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով