14:51  ,  26 մարտի, 2012

Չեմպիոնների լիգայի մասին «Ուլիսը» կմտածի «պատուհանի» ժամանակ

Հայաստանի չեմպիոն «Ուլիսն» նոր մրցաշրջանին նախապատրաստվել է նախատեսած ծրագրի համաձայն եւ պատրաստ է պաշտպանել տիտղոսըը: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը:

«Նախապատրաստական շրջանը անցել է ըստ պլավորված ծրագրի: Համեմատած նախորդ առաջնության նախապատրաստական փուլին` այս տարի մի փոքր տարբերություն կար այն առումով, որ ֆուտբոլիստների ֆունկցիոնալ եւ տեխնիկա-տակտիկական պատրաստկանությունը բարձրացնելու հետ մեկտեղ թիմը շատ է աշխատել գնդակով: Այսինքն, մենք ստուգողական շատ հանդիպումներ անցկացրեցինք, որպեսզի  կարողանանք հստակեցնել խաղային օղակների միջեւ համագործակցությունը: Բացի այդ, նման մոտեցումով մենք տղաների համար ապահովեցինք խաղային պրակտիկա, ինչը նույնպես շատ կարեւոր նշանակություն ունի: Իսկ թե ինչի ենք հասել ու ինչպես ենք պատրաստվել, արդեն ցույց կտա առաջնության ընթացքը»,- նշեց Սեւադա Արզումանյանը:

Երեւանի «Ուլիսն» այս տարի առաջին անգամ կմասնակցի Չեմպիոնների լիգայի մրցաշարին: Այդ կապակցությամբ թիմի կազմը ուժեղացնելու հնարավորության վերաբերյալ ակումբում դեռ հստակ դիրքորոշում չկա:

«Եթե այս պահին էլ եւս մի քանի խաղացողներով «Ուլիսը» համալրեինք, շատ լավ կլիներ: Սակայն  մինչեւ Չեմպիոնների լիգայի մրցաշարի մեկնարկը մենք կունենանք «պատուհան»: Այս կազմով կխաղանք մինչեւ այդ «պատուհանը» եւ ներկայիս կազմի մասին արդեն հստակ պատկերացում կունենանք: Ես հուսով եմ, որ այս կազմն էլ ի զորու կլինի պատվով ներկայացնել մեր երկիրը այս հեղինակավոր մրցաշարում: Եթե զգանք որ նոր խաղացողների կարիք կա, այդ դեպքում արդեն ակումբի ղեկավարության հետ կորոշենք, թե ինչպես շարունակենք»,- ասաց Սեւադա Արզումանյանը:

Լուսանկարը` uefa.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով