01:16  ,  10 դեկտեմբերի, 2012

Հայաստանի տաղանդը. Չեմպիոնների լիգայի ամսագիրը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ամսագիրը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրված հոդված է հրապարակել:

«Հայաստանի տաղանդը» վերնագրով հոդվածում խոսվում է 23-ամյա Մխիթարյանի անցած ճանապարհի, ընտանիքի եւ ֆուտբոլային որակների մասին:

«2011/2012 մրցաշրջանում «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մխիթարյանը այս տարի ավելի լավ է հանդես գալիս: Մխիթարյանը միայն հունվարին կդառնա 24 տարեկան, բայց նրան արդեն, միանշանակ, կարելի է համարել Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Երիտասարդ տաղանդն արդեն Նիկիտա Սիմոնյանի, Էդուարդ Մարկարովի եւ Խորեն Հովհաննիսյանի հետ տեղ է գտել փառքի սրահում: Նախորդ մրցաշրջանի մեծ մասը վնասվածքի պատճառով բաց թողած Ֆերնանդինյոյի վերադարձից հետո Մխիթարյանը ազատ գործելու հնարավորություն ստացավ եւ զբաղեցրեց Բրազիլիա վերադարձած Ժադսոնի տեղը ենթահարձակվողի դիրքում:

Հենրիխի լավագույն որակներից է բազմատիպ գոլեր խփելու կարողությունը:   Հիանալի իրացում, ընթացքից հարվածներ տուգանային հրապարակի մատույցներից, արագ հակագրոհներ, որոնցից նա հաղթող է դուրս գալիս, շրջանցում է պաշտպանին, շրջվում է 360 աստիճան՝ գրավելով դարպասը մահացու տարածությունից. այս ամենին տիրապետում է Մխիթարյանը: Հենրիխը չի բավարարվում ձեռք բերածով՝ ունենալով գոլերի լավ վիճակագրություն: Նա արդյունավետ է օգտագործում «Շախտյորի» կոմբինացիոն խաղը: Թիմի կենտրոնական հարձակվող Լուիս Ադրիանոն ոչ միայն պետք է գոլեր խփի, ալյեւ տարածություն ստեղծի հիանալի եռյակի՝ Մխիթարյանի, Վիլիանի եւ Ալեքս Տեյշեյրայի համար:

Հոդվածում խոսվում է նաեւ ֆուտբոլիստի ծնողների մասին: Հենրիխի մայրն աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրը՝ ՈւԵՖԱ-ում: Հենրիխի հայրը՝ լեգենդար ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանը, մահացել է գլխուղեղի ուռուցքի հետեւանքով: Այդ ժամանակ Հենրիխը 7 տարեկան է եղել: «Ոչ մի հայ ֆուտբոլիստ Հենրիխի պես հեղինակություն չունի: Հենրիխը հիանալի հարաբերությունների մեջ է Միրչա Լուչեսկուի հետ»,- նշվում է ՈւԵՖԱ-ի հոդվածում, հայտնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում