21:21  ,  9 դեկտեմբերի, 2012

Յուրա Մովսիսյանի գործակալ. Եթե մտածեինք փողի մասին, ապա Յուրայի տրանսֆերը հիմա չէր կայանա

Յուրա Մովսիսյանի աշխատավարձի չափը թիմի գաղտնիքն է, եւ մենք այն բարձրաձայնելու իրավունք չունենք. կարեւորը, որ Յուրան գոհ է, եւ ամեն ինչ նորմալ է, NEWS.am Sport-ի թղթակցի հեր զրուցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի եւ «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Վալերի Հովհաննիսյանը:

Ե՞րբ է սկսել «Սպարտակը» հետաքրքրվել Յուրայով:

Մոտ երկու ամիս առաջ եւ շատ ինտենսիվ կերպով: Մենք հասկացանք նրանց լրջությունը եւ որոշեցինք ընտրել հենց «Սպարտակը»:

Մամուլում «Սպարտակից» բացի շրջանառվում էին նաեւ այլ ակումբների անուններ: Կարո՞ղ եք ասել, որ ակումբներն էին իսկապես հետաքրքրվում Յուրայով:

Անգլիական «Էվերտոնն» ու «Սթոք Սիթին», բայց այդ բանակցությունները անավարտ մնացին, իսկ «Սպարտակը» համառություն էր ցուցաբերում: Յուրան դա ինքը հասկացավ եւ իր որոշումը կայացրեց մոսկովյան ակումբի օգտին:

Յուրան բազմիցս ասել է, որ ցանկանում է խաղալ Անգլիայում: Անգլիական ակումբ տեղափոխվելու իրական տարբերակներ չկայի՞ն:

Այո, Յուրան շատ էր ցանկանում խաղալ Անգլիայում, բայց «Սպարտակը» դա ռուսական թոփ ակումբ է՝ մեծ պատմությամբ եւ երկրպագուների ահռելի բանակով: Յուրային դա շատ հետաքրքրեց: Եթե լինեին անգլիական թոփ ակումբներ` գուցե մենք վերանայեինք մեր որոշումը:

Դուք ասացիք, որ «Սպարտակը» երկու ամիս է, ինչ ցանկանում է ձեռք բերել Յուրային, իսկ ո՞վ էր այդ ամենի նախաձեռնողը՝ Վալերի Կարպի՞նը, թե՞ ակումբի բաժնետերերը:

Բոլորը` ամբողջ թիմը:

Ինչպե՞ս Յուրային ընդունեցին նոր ակումբում

Նրան շատ ջերմ ընդունեցին՝ սկսած բազայի աշխատողներից մինչեւ թիմի ֆուտբոլիստները:

«Կրասնոդարի»  մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը ասել էր, ու Յուրան լքում է թիմը գումարի պատճառով, քանի որ մեծ աշխատավարձ է պահանջել:

Դա այդպես չէ: Իհարկե, աշխատավարձը մեծ դեր ունի կարիերայում: Ցանկացած մարդ պետք է կարողանա ապահովել իր ընտանիքը, բայց եթե մենք մտածեինք փողի մասին, ապա Մովսիսյանի տրանսֆերը կկայանար ոչ թե հիմա, այլ փետրվարին, բայց Յուրան որոշեց, որ ցանկանում է խաղալ «Սպարտակում»` Ռուսաստանի իննակի չեմպիոնի կազմում եւ ցանկանում է օգնել թիմին դառնալ Ռուսաստանի չեմպիոն:

Յուրայի աշխատավարձի չափը չի նշվում: Մեկ ասում են, թե այն կազմում է 2.5 մլն եվրո, մեկ 1.5: Կարո՞ղ եք ասել, թե որքան է Յուրայի աշխատավարձը կազմելու «Սպարտակում»:

Դա թիմի գաղտնիքն է, եւ մենք այն բարձրաձայնելու իրավունք չունենք: Կարեւորը, որ Յուրան գոհ է, եւ ամեն ինչ նորմալ է:

Վերջին տասը օրվա ընթացքում այս տրանսֆերը մեծ աղմուկ բարձրացրեց: Ամեն օր հայտնվում էին հերքումներ, հետո հաստատվում էր: Ինչո՞ւ այսքան մեծ աղմուկ բարձրացավ եւ ինչո՞ւ էր ամեն բան այդքան գաղտնի պահվում:

Բոլորը գիտեին, որ Յուրայով տարբեր թիմեր են հետաքրքրվում: Նրան շատ են սիրում Հայաստանում եւ Ռուսաստանում: Հուսով եմ՝ այս տարի նա կդառնա Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուն եւ ավելի շատ երկրպագուներ ձեռք կբերի:

«Սպարտակը» լրիվ այլ մակարդակի թիմ է, մրցակցությունն էլ ավելի մեծ կլինի: Այդ թիմում Յուրան ի՞նչ հեռանկարներ ունի:

Ես չեմ կասկածում, որ նա կդառնա «Սպարտակի» առաջատարներից մեկը եւ իր նոր թիմի հետ մեծ հաջողությունների կհասնի:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով