«Այսօրվա ֆուտբոլում պետք է կարողանաս խաղալ տարբեր դիրքերում: Կարող ես կիսապաշտպանից վերածվել պաշտպանի կամ հարձակվողի: Պետք է ունիվերալ լինել»։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի խաղացող Կամո Հովհաննիսյանը։
Հայաստան - Լիտվա ընկերական հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանն ասաց, որ «Փյունիկի» երիտասարդ պաշտպան Կամո Հովհաննիսյանն ամբողջովին իրեն արդարացրեց: Մի քանի օր անց Մինասյանն ուղիղ եթերում հայտնեց, որ Կամո Հովհաննիսյանը ձմռանը կտեղափոխվի այլ ակումբ:
Կամո, դու ձախ կիսապաշտպան ես, Լեւոն Հայրապետյանի վերադառնալուց հետո, հայտնվելո՞ւ ես աջ եզրում:
Ինձ համար կարեւոր չէ, թե որ դիրքում եմ խաղում: Առաջնայինը թիմին օգուտ տալն է:
Իսկ ամենից հարազատը ո՞ր դիրքն է քեզ համար:
Կարելի է ասել, որ ես կարիերաիս ընթացքում խաղացել եմ գրեթե բոլոր դիրքերում: Եվ արդեն չեմ կարող ասել, թե որ դիրքն է ավելի հարազատ: Այսօրվա ֆուտբոլում պետք է կարողանաս խաղալ տարբեր դիրքերում: Կարող ես կիսապաշտպանից վերածվել պաշտպանի կամ հարձակվողի: Պետք է ունիվերալ լինել:
Որո՞նք են քո ամենաուժեղ կողմերը:
Արագությունը, աշխատասիրությունը եւ նվիրվածությունը: Ես գիտեմ, որ այս հատկանիշները հաջողության գրավականն են:
Վարդան Մինասյանը վերջերս ասաց, որ դու եւ Դավիթ Մանոյանը ձմռանը կտեղափոխվեք այլ թիմ: Կա՞ն արդեն հստակ տարբերակներ:
Ինձ համար էլ անակնկալ էր դա լսել: Ես դեռ չգիտեմ, թե ուր կարող ենք տեղափոխվել: Այս պահին ես «Փյունիկի» ֆուտբոլիստ եմ եւ մտածում եմ միայն իմ թիմի մասին:
Կա՞ այնպիսի առաջնություն, որտեղ չէիր ցանկանա խաղալ:
Չէի ցանկանա հանդես գալ Իրանի առաջնությունում: Կարծում եմ, այդ երկրում չեմ կարողանա ապրել:
Կգերադասես խաղալ բարձրակարգ թիմում եւ փոխարինման դուրս գա՞լ, թե՞ ավելի թույլ թիմում, բայց հիմնական կազմում:
Իհարկե, ամենից կարեւորը մշտական խաղային պրակտիկա ունենալն է: Ես կցանկանամ միշտ խաղալ: Չնայած իդեալական տարբերակ կլինի խաղալ ուժեղ թիմի հիմնական կազմում:
Պատրաստեց Վերա Մարտիրոսյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում