15:18  ,  7 մայիսի, 2024

Փաշիկ Ալավերդյան․ Ես չգիտեմ՝ կլինեմ այդ ժամանակ հավաքականում, թե ոչ, բայց տղաները հաստատ կլինեն

Ես չգիտեմ՝ կլինեմ այդ ժամանակ հավաքականում, թե ոչ, բայց տղաները հաստատ կլինեն: Կփորձեմ աշխարհի առաջնությունում կրկնել Եվրոպայի առաջնության արդյունքը՝ 10-ից 10 մեդալ:

Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերցիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

«Ինչպես տեսաք՝ Եվրոպայի առաջնությունն ինձ համար շատ ծանր էր, երեւի լրագրողների համար էլ էր ծանր, քանի որ այդքան հարցազրույթներ, աշխատանք տանելը հեշտ չէր: Ես գնահատում եմ բոլորի աշխատանքը, անկախ նրանց զբաղեցրած դիրքից: Շնորհակալ եմ, որ կանգնեցիք մեր տղաների կողքին, լուսաբանեցիք, գովաբանեցիք: Կասեմ նաեւ, շատ իզուր, որ քննադատություն էլ չարեցիք, որովհետեւ ես տղաների հետ որոշել էի 10-ից 10-ը ոսկե մեդալ նվաճել: Չստացվեց: Միգուցե աշխարհի առաջնությանը կարողանանք մոտենալ այդ թվին: Այնքան լարված էինք, այնքան լավ էինք պատրաստվել, որ նույն տարում աշխարհի առաջնության միավորների հաշվարկով դարձանք աշխարհի չեմպիոն՝ հաղթելով Չինաստանին:

Իմ թիմի հետ հույս եմ կապում, որ Երեւանում անցկացվելիք աշխարհի առաջնությանը նույնպես կկարողանամ երջանկություն եւ ժպիտ պարգեւել ձեզ»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Ասուլիսի ավարտից հետո NEWS.am Sport-ի թղթակցի հարցին՝ մինչեւ 2027 թվականը կգլխավորի Հայաստանի հավաքականը, թե ոչ, Փաշիկ Ալավերդյանը պատասխանեց՝ «Ոչ»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպե՞ս է 10-ից 10 մեդալ խոստանում աշխարհի առաջնությանը, գլխավոր մարզիչը նշեց.

«Ես Եվրոպայի առաջնությանն էի խոստացել 10-ից 10 մեդալ: Այստեղ ասացի, որ կաշխատեմ, ձեր ժպիտները տեղը պահեմ: Չգիտեմ՝ ես կլինեմ հավաքականում, թե ոչ: Տղաները հաստատ կլինեն»:

2027 թվականին Երեւանում անցկացվելիք ծանրամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային կլինի 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում