14:06  ,  7 մայիսի, 2024

IWF գլխավոր քարտուղար․ 2027թ․ աշխարհի առաջնությունը նոր մարտահրավեր է Հայաստանի համար

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կանգնած է Հայաստանի կողքին: Ամեն ինչ կանենք, որպեսզի լավագույնս անցնի աշխարհի առաջնությունը:

Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ասաց  ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

2027 թվականին Երեւանը կընդունի ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Այդ առիթով Երեւանում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Ջալուդի գլխավորած պատվիրակությունը։

«Հաջորդ օլիմպիական մրցաշրջանի ծանրամարտի լավագույն մրցաշարն անցկացվելու է Հայաստանում: Հարկ եմ համարում վերհիշել եւ ընդգծել 2023 թվականի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվեց Երեւանում, քանի որ այն հիմք հանդիսացավ միջազգային ֆեդերացիայի համար 2027 թվականի աշխարհի առաջնության համար Հայաստանի հայտը հաստատել: Եվրոպայի առաջնության կազմակերպումը Երեւանում մեծ հեղաշրջում էր ծանրամարտի կազմակերպչական ոլորտում: Դա վերջին 10 տարիների լավագույն Եվրոպայի առաջնությունն էր, ինչը նշանակում է, որ Հայաստանի հնարավորություններն ու կարողություններն իսկապես շատ մեծ  են: 2027 թվականի աշխարհի առաջնությունը նոր մարտահրավեր է Հայաստանի համար եւ բոլորիս շատ հետաքրքիր է, թե կազմակերպիչներն ինչ կանեն այս անգամ:

2027 թվականին 600-ից ավելի ծանրորդներ կգան Հայաստան, ներկայացված կլինեն 120 պետություններ: Հավատացած եմ, որ ձեր երկրի հրաշալի հյուրընկալությունն ու ապահովության զգացողությունը, որն առաջանում է մարդկանց մոտ ձեր երկրում, նպաստավոր կլինեն մարզաձեւի, մարզիկների, սպորտի եւ դեպի Լոս Անջելես-2028 տանող ճանապարհի համար: Ամենայն բարիք եմ մաղթում այս ճանապարհին: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կանգնած է Հայաստանի կողքին: Ամեն ինչ կանենք, որպեսզի լավագույնս անցնի աշխարհի առաջնությունը»,- ասաց IWF գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձեւից, որը կանցկացվի Հայաստանում: Այն կլինի նաեւ 2028թ․ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում