22:33  ,  4 մայիսի, 2024

«Ժիրոնան» հաղթեց «Բարսելոնային», «Ռեալը» հռչակվեց չեմպիոն (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Ժիրոնան» ընդունեց «Բարսելոնային» եւ կամային հաղթանակ տարավ 4:2 հաշվով, ինչի շնորհիվ առաջատար «Ռեալը» հռչակվեց չեմպիոն։

Արդեն երրորդ րոպեին «Ժիրոնայի» դարպասը գրավեց հյուրերի դանիացի պաշտպան Անդրեաս Կրիստենսենը։ Մեկ րոպե անց հավասարությունը վերականգնեց ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում 11-մետրանոցից «Բարսելոնային» առաջ մղեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

Երկրորդ խաղակեսում «Ժիրոնայից» դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Պորտուն։ Աչքի ընկավ նաեւ իսպանացի պաշտպան Միգել Գուտիերեսը։

Առաջնության ավարտից չորս տուր առաջ «Ժիրոնան» 74 միավորով երկրորդն է եւ «Ռեալից» հետ է 13 միավոր։ «Բարսելոնան» երրորդն է՝ 73 միավոր։

«Ռեալը» 36-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Նախորդ անգամ Արքայական թիմը չեմպիոն էր դարձել 2022-ին։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ժիրոնա» - «Բարսելոնա»՝ 4:2 (տեսանյութ)

Արտյոմ Դովբիկ, 4, Պորտու, 65, 75, Միգել Գուտիերես, 67 - Անդրեաս Կրիստենսեն, 3, Ռոբերտ Լեւանդովսկի, 45+1, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում