10:17  ,  29 ապրիլի, 2024

Ռոբերտ Գյուլումյան․ Անչափ ուրախ եմ Համլետ Մանուկյանի հաղթանակով, Մամիկոն Խաչատրյանի բրոնզե մեդալով

Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա մասնակցել Եվրոպայի առաջնությանը, որն իմ առաջին խոշոր մրցաշարն էր: Ուրախ եմ նաեւ, որ դուրս եկա բազմամարտի եզրափակիչ: Ամեն ինչ կանեմ, որ հետագայում խոշոր մրցաշարերում պայքարեմ մեդալների համար:

Այս մասին Ռիմինիում ասաց 17-ամյա մարմնամարզիկ Ռոբերտ Գյուլումյանը: Երիտասարդական հավաքականի անդամը առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Թիմային պայքարից հետո դուրս էր եկել բազմամարտի եզրափակիչ, որտեղ 74.632 միավորով 24-րդն է:

«Ես մասնակցեցի իմ առաջին Եվրոպայի առաջնությանը: Ակնկալիքներս այլն էին մինչեւ այստեղ գալը: Եվրոպայի առաջնությունն ավելի ուժեղ էր, քան ես պատկերացնում էի: Շատ ուժեղ մարզիկներ կային: Ինձանից սպասում էի, որ իմ ուժեղ գործիքում՝ ազատ վարժություններում եզրափակիչ դուրս կգամ, չստացվեց: Կարողացա բազմամարտում եզրափակիչ դուրս գալ: Այդ առիթով շատ ուրախ եմ: Մրցակիցներս բոլորն էլ ուժեղ էին: Բոլորին հարգում եմ: Լավ պայքար էր գնում: Շատ հետաքրքիր էր: Լարվածություն կար:

Եվրոպայի առաջնությունն ինձ փորձ տվեց: Մյուս առաջնություններին ավելի պատրաստված, սառնասրտորեն կմոտենամ, որպեսզի ավելի լավ ստացվի: Ամենատպավորիչը Եվրոպայի առաջնությունում առաջին մրցումային օրն էր, երբ թիմային պայքարին մասնակցեցինք: Ամեն մեկս մյուսի լավ կատարմամբ ուրախանում էինք, թիմով աշխատում էինք:

Անչափ ուրախ եմ իմ ընկեր Համլետ Մանուկյանի հաղթանակով, Մամիկոն Խաչատրյանի բրոնզե մեդալով: Այդ օրը նույնպես տպավորիչ էր: Բոլորով տրիբունաներում նստած նրանց ոգեւորում էինք, երկրպագում: Շատ ուրախ եմ, որ կարողացան մեր դրոշը բարձրացնել Եվրոպայի առաջնությունում:

Մեծ սպորտում երազանքս օլիմպիական չեմպիոն դառնալն է: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարզիկ երազում է օլիմպիական մեդալակիր դառնալու մասին»,- ասաց Ռոբերտ Գյուլումյանը:

Հայաստանի հավաքականներն ավարտեցին պայքարը Եվրոպայի առաջնությունում:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը Ռիմինիում նվաճեց մեկ մեդալ: Արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը հենացատկի եզրափակիչում 0,33 միավորով զիջեց չեմպիոնի տիտղոսը նվաճած բրիտանացի Ջեյք Ջեյրամին:

Երիտասարդական հավաքականը հայրենիք է վերադառնում երկու մեդալով:  Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 16-ամյա Համլետ Մանուկյանը: Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Մանուկյանը վաստակեց 14.800 միավոր: Նույն վարժությունում բրոնզե մեդալակիր դարձավ Մամիկոն Խաչատրյանը: Եզրափակիչում 17-ամյա մարմնամարզիկը վաստակեց 14.266 միավոր:

Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում զբաղեցրեց 4-րդ տեղը: Նժույգ թափեր վարժության եզրափակիչ դուրս եկած Գագիկ Խաչիկյանը զբաղեցրեց 9-րդ տեղը, Հարություն Մերդինյանը չհաղթահարեց որակավորման փուլը: Վահագն Դավթյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց Եվրոպայի առաջնությանը: 

Երիտասարդական հավաքականը թիմային պայքարում 10-րդն է:

Լուսինե Շահբազյան

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում