18:50  ,  19 փետրվարի, 2024

Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանի եւ բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանի պարգեւատրումը (ֆոտո)

Բուլղարիա մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցավ տղամարդկանց 102 կգ քաշային կարգի չեմպիոնի եւ մեդալակիրների պարգեւատրման արարողությունը:

Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը պարգեւատրվեց երկամարտի արծաթե, պոկում վարժության փոքր բրոնզե եւ հրում վարժության փոքր արծաթե մեդալներով:

Գարիկ Կարապետյանը պարգեւատրվեց երկամարտի բրոնզե մեդալով, պոկում վարժության փոքր ոսկե մեդալով:

Սամվել Գասպարյանը երկամարտի 396 կգ արդյունքով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը (180+216):  Գարիկ Կարապետյանը 394 կգ արդյունքով բրոնզե մեդալակիր է (182 + 212): 

102 կգ քաշային կարգի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը երկամարտի 398 կգ արդյունքով նվաճեց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, բելառուս Եվգենի Տիխոնցովը:

Քիչ անց կմեկնարկի տղամարդկանց 109 կգ քաշային կարգի պայքարը, որտեղ Հայաստանն ունի մեկ մասնակից: Տիտղոսի համար կպայքարի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանը:

Այս քաշային կարգում պայքարի մեջ կլինի 11 ծանրորդ: Պետրոս Պետրոսյանը երկամարտում հայտավորվել է 380 կգ պատվերով: Նույնքան են պատվիրել նաեւ վրազի Զազա Լոմաձեն եւ ադրբեջանցի Դադաշ Դադաշբայլին:

Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, Մ23 եւ Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն Պետրոս Պետրոսյանը երկամարտի 379 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: 

Ավելի ուշ մրցահարթակ դուրս կգան կանանց 87 կգ քաշային կարգի ներկայացուցիչները: Հայաստանի թիմից տիտղոսի համար կպայքարեն Եվրոպայի չեմպիոն, 2023 թ. Եվրոպայի  բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը եւ 2023 թ. Եվրոպայի փոխչեմպիոն Տաթեւ Հակոբյանը:

6 տարվա դադարից հետո մրցահարթակ դուրս եկած Հռիփսիմե Խուրշուդյանը նախնական հայտավորվել է երկամարտի 240 կգ-ով: Նույնքան նախնական պատվեր ունի նաեւ Տաթեւ Հակոբյանը: Հայ ծանրորդներից 20 կգ ավել նախնական հայտ ունի նորվեգացի Սոլֆրիդ Էիլա Ամենա Կոանդան (260 կգ):

Երեւանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ (107+120)։

Տաթեւ Հակոբյանը Երեւանում մասնակցել է 76 կգ քաշային կարգում եւ երկամարտի 226 կգ արդյունքով նվաճել փոխչեմպիոնի կոչումը (104+122):

Սեպտեմբերի Սաուդյան Արաբիայում անցկացված աշխարհի առաջնությունում Տաթեւ Հակոբյանը երկամարտի  237 կգ-ով գրավեց 5-րդ տեղը (105+132), Հռիփսիմե Խուրշուդյանը 235 կգ-ով 6-րդն էր (105+130):

Կանանց 87 կգ քաշային կարգի A  խմբի պայքարը կմեկնարկի 22:00-ին:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց հավաքականի կազմում Սոֆիայի մրցահարթական դուրս կգան նաեւ Վարազդատ Լալայան (+109 կգ), Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ):

Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանն արդեն նվաճել են 3 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներ:

Եվրոպայի չեմպիոններ են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (96 կգ): Արծաթե մեդալակիր է Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), բրոնզե մեդալակիր՝ Ռաֆիկ Հարությունյան (81 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում