08:47  ,  16 փետրվարի, 2024

Արթուր Ալեքսանյան․ Եվրոպայի չեմպիոն դառնալը միշտ դժվար է, ամեն անգամ ավելի է դժվարանում

Եվրոպայի չեմպիոն դառնալը միշտ դժվար է: Տարեց տարի զգում եմ, որ բոլորը հիմնականում իմ դեմ են պատրաստվում: Ամեն ոսկի մեդալն իր գինն ունի եւ յուրաքանչյուրը տարբեր է ինձ համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասաց Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Անցած գիշեր օլիմպիական չեմպիոնը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի հետ Բուխարեստից վերադարձավ հայրենիք:

Փետրվարի 14-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը 7-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

«Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Ուրախ եմ, որ 7-րդ անգամ հաղթեցի: Ամեն չեմպիոնություն տարբերվում է, այս 7-րդն էլ է տարբեր ինձ համար: Յուրաքանչյուր հաղթանակի համար տանջվել ենք, մարզվել ենք, աշխատել ենք: Ամեն մի ոսկի իր գինն ունի:

Եզրափակիչը հետաքրքիր ստացվեց: Գոտեմարտի առաջին վայրկյաններին մրցակցիս հնարքը անակնկալ չէր ինձ համար: Գիտեի, որ առաջին րոպեներից հարձակվելու է: Պարզապես ավելի շատ այդ հնարքին չէի սպասում: Նրա հարձակումներին սպասում էի: Ճիշտ է, տվեցի հնարքը, բայց հետո կարողացա հետ բերել ամեն ինչ:

Եվրոպայի չեմպիոն դառնալը միշտ դժվար է: Տարեց տարի զգում եմ, որ բոլորը հիմնականում իմ դեմ են պատրաստվում: Այս առումով ամեն անգամ ավելի է դժվարանում, բայց փառք Աստծո, ինձ մոտ ստացվում է հաղթել:

Այս անգամ 7-ը պարզեցի: Չգիտեմ՝ հետո ինչ կլինի: Առջեւում Օլիմպիական խաղերն են, որից հետո պարզ կլինի»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

Օլիմպիական չեմպիոնը 97 կգ քաշայինների եզրափակիչում մրցեց ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիեւի հետ եւ 6:3 հաշվով փառահեղ հաղթանակ տարավ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում