00:05  ,  15 փետրվարի, 2024

Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի պարգեւատրումը (ֆոտո, վիդեո)

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցավ Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի պարգեւատրման արարողությունը: Օլիմպիական չեմպիոնը 97 կգ քաշայինների եզրափակիչում մրցեց ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիեւի հետ եւ 6:3 հաշվով փառահեղ հաղթանակ տարավ:

Արթուր Ալեքսանյանը պարգեւատրվեց ոսկե մեդալով: Բուխարեստի մարզադահլիճում առաջնության ընթացքում երկրորդ անգամ հնչեց Հայաստանի հիմնը:

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը:

Փետրվարի 13-ին Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը: Եզրափակիչում Մալխաս Ամոյանը 7:0 հաշվով հաղթել էր թուրք Յուսուֆ Էմրե Բաշարին:

55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել հավաքականի նորեկ Մանվել Խաչատրյանը:

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել նաեւ 2012, 2013, 2014, 2018, 2020 եւ 2023 թվականներին:

Գյումրեցի ըմբիշը 32 տարեկան է: Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե, Տոկիո-2020-ի՝ արծաթե, Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր է, 2014, 2015, 2017 եւ 2022 թվականների աշխարհի չեմպիոն է, Եվրոպական խաղերի չեմպիոն:

2023 թվականի աշխարհի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր եւ նվաճել իր մարզական կարեիրայի 4-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում