Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցավ Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանի պարգեւատրման արարողությունը: Ամոյանը 77 կգ քաշային կարգի եզրափակիչում թուրք մրցակցի նկատմամբ փառահեղ հաղթանակով հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն:
Ամոյանը պարգեւատրվեց ոսկե մեդալով: Բուխարեստի մարզադահլիճում հնչեց Հայաստանի հիմնը: Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ թուրք Էմրե Բաշարը, բրոնզե մեդալակիրներ՝ վրացի Լուրի Լոմաձեն եւ ռուսաստանի Ադլետ Տյուլուբաեւը:
Աշխարհի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնությունում անցկացրեց 4 գոտեմարտ (10:1, 3:2, 2:1, 7:0):
24-ամյա Ամոյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել նաեւ 2022 եւ 2023 թվականներին:
2023 թվականի սեպտեմբերի 22-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում Ամոյանը երկրորդ անգամ դարձավ բրոնզե մեդալակիր եւ նվաճեց իր մարզական կարիերայի առաջին Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Մալխաս Ամոյանը 24 տարեկան է: Ծնվել է 1999 թվականի հունվարի 22-ին Երեւանում: 72 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է, 77 կգ քաշային կարգում աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, աշխարհի անհատական գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր է, աշխարհի Մ23 չեմպիոն է: Ամոյանը Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, քառակի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանի եղբորորդին է:
Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականի պայքարի մեջ մնաց 3 ըմբիշ: Փետրվարի 13-ին 7-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կփորձի նվաճել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Երզափակիչում նրա մրցակիցը կլինի ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիեւ:
Բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն Սլավիկ Գալստյանը (67 կգ) եւ Կարեն Խաչատրյանը (82 կգ): Հայաստանի թիմի առաջին մեդալը նվաճել էր հավաքականի նորեկ 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը՝ դառնալով բրոնզե մեդալակիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում