23:21  ,  13 փետրվարի, 2024

Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանի պարգեւատրումը (ֆոտո)

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցավ Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանի պարգեւատրման արարողությունը: Ամոյանը 77 կգ քաշային կարգի եզրափակիչում թուրք մրցակցի նկատմամբ փառահեղ հաղթանակով հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն:

Ամոյանը պարգեւատրվեց ոսկե մեդալով: Բուխարեստի մարզադահլիճում հնչեց Հայաստանի հիմնը: Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ թուրք Էմրե Բաշարը, բրոնզե մեդալակիրներ՝  վրացի Լուրի Լոմաձեն եւ ռուսաստանի Ադլետ Տյուլուբաեւը:

Աշխարհի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական  խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնությունում անցկացրեց 4 գոտեմարտ (10:1, 3:2, 2:1, 7:0):

24-ամյա Ամոյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել նաեւ 2022 եւ 2023 թվականներին:

2023 թվականի սեպտեմբերի 22-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում Ամոյանը երկրորդ անգամ դարձավ բրոնզե մեդալակիր եւ նվաճեց իր մարզական կարիերայի առաջին Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Մալխաս Ամոյանը 24 տարեկան է: Ծնվել է 1999 թվականի հունվարի 22-ին Երեւանում: 72 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է, 77 կգ քաշային կարգում աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, աշխարհի անհատական գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր է, աշխարհի Մ23 չեմպիոն է:  Ամոյանը Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, քառակի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանի եղբորորդին է:

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականի պայքարի մեջ մնաց 3 ըմբիշ: Փետրվարի 13-ին 7-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կփորձի նվաճել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Երզափակիչում նրա մրցակիցը կլինի ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիեւ:

Բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն Սլավիկ Գալստյանը (67 կգ) եւ Կարեն Խաչատրյանը (82 կգ): Հայաստանի թիմի առաջին մեդալը նվաճել էր հավաքականի նորեկ 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում