21:50  ,  13 փետրվարի, 2024

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին եւ հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն (ֆոտո)

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատարներից Մալխաս Ամոյանը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Աշխարհի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական  խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգի եզրափակիչում գոտեմարտեց Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն թուրք Յուսուն Էմրե Բաշարի հետ:

Առաջին մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն տվեց թուրք ըմբիշին: Մալխաս Ամոյանին հաջողվեց պարտերից պոկել մրցակցին գորգից, բայց չգլորեց: Հայաստանի հավաքականի մարզիչները բողոքարկեցին: Մրցավարները բավարարեցին եւ հաշիվը դարձրին 2:0: Երկրորդ մրցափուլում Ամոյանը հաշիվը դարձրեց 6:0: Բաշարը բողոքարկեց, բայց մրցավարները չբավարարեցին: Հաշիվը դարձավ 7:0: Գոտեմարտի ավարտից 30 վայրկյան առաջ թուրք ըմբիշն արդեն հանձնվել էր եւ այլեւս չէր պայքարում:

Ամոյանն ու Բաշարը նախորդ անգամ հանդիպել էին 2023 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում, որտեղ Եվրոպայի եռակի չեմպիոնը 6:1 հաշվով հաղթել էր թուրք ըմբիշին:

Մալխաս Ամոյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:1 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Իտալիայի ներկայացուցիչ Ռիկարդո Վիտո Աբրեսցիայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում  3:2 հաշվով պարտության էր մատնել ռուսաստանցի Ադլետ Տյուլուբաեւին: Կիսաեզրափակիչի 2:1 հաշվով առավելության էր հասել մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ:

24-ամյա Ամոյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել նաեւ 2022 եւ 2023 թվականներին:

2023 թվականի սեպտեմբերի 22-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում Ամոյանը երկրորդ անգամ դարձավ բրոնզե մեդալակիր եւ նվաճեց իր մարզական կարիերայի առաջին Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Մալխաս Ամոյանը 24 տարեկան է: Ծնվել է 1999 թվականի հունվարի 22-ին Երեւանում: 72 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է, 77 կգ քաշային կարգում աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, աշխարհի անհատական գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր է, աշխարհի Մ23 չեմպիոն է:  Ամոյանը Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, քառակի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանի եղբորորդին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում