20:01  ,  13 փետրվարի, 2024

Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի 7-րդ չեմպիոնության համար (ֆոտո)

Ռումինիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը (97 կգ)  երրորդ վստահ հաղթանակը տարավ եւ 7-րդ անգամ կպայքարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 6-ակի եւ գործող չեմպիոն, Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճած Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում գոտեմարտեց բելառուս Աբուբակար Խասլախանավի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով՝ ոչ մի շանս չստալով բելառուս ըմբիշին:

Օլիմպիական չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթեց  թուրք Բեյտուլա Կաիսդագինի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 8:3 հաշվով պարտության մատնեց Հոլանդիայի ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգին:

Երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտվել էին: Քառորդ եզրափակիչներում պարտված Սլավիկ Գալստյանը (67 կգ) եւ Կարեն Խաչատրյանը (82 կգ) սփոփիչ գոտեմարտերով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացան:

Քիչ անց Եվրոպայի երրորդ չեմպիոնության համար կպայքարի աշխարհի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը:

77 կգ քաշայինների եզրափակիչում Ամոյանը կգոտեմարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն թուրք Յուսուն Բասարի հետ:

Բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի 55 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի նորեկ Մանվել Խաչատրյանը: Մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Ստեֆան Գրիգորովն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում