16:41  ,  17 հունվարի, 2024

Նիկոլա Անելկա․ Հայաստանում նպատակ ունենք հիմնել ֆուտբոլի ակադեմիա (ֆոտո)

Հայաստանում նպատակ ունենք հիմնել ֆուտբոլի ակադեմիա, որը մեծ հնարավորություն կբացի հայ պատանի ֆուտբոլիստների համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փարիզի ՊՍԺ ակումբի դեսպան, ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող, Եվրոպայի չեմպիոն Նիկոլա Անելկան:

«Սա իմ առաջին այցն է Հայաստան: Մենք մեծ ծրագրով ենք ժամանել եւ այստեղ նպատակ ունենք հիմնել ֆուտբոլի ակադեմիա: Գիտեմ, որ Հայաստանում ֆուտբոլը մեծ աջակցություն ունի, նաեւ մեծ ներուժ ունի: Այս առումով ակադեմիա բացելու մեծ հնարավորություն եմ տեսնում այստեղ: Քննարկումներ ունենք նաեւ ֆուտբոլի ակադեմիայից բացի, տեքստիլ արտադրություն հիմնել Հայաստանում ֆուտբոլով զբաղվող երեխաների համար: Այդ արտադրությունը կծառայի ապագա ֆուտբոլիստներին: Ես Հայաստանում մեծ հնարավորություններ եմ տեսնում: Նաեւ հայկական ֆուտբոլում լավ ապագա եւ հեռանկարներ եմ տեսնում: Լավ երեխաներ կան, նրանց հետ պետք է մեծ աշխատանք տանել: Տեսնում եմ, որ ֆուտբոլը այս երեխաների մեծ երազանքն է: Մենք պետք է նրանց համար ստեղծենք հնարավորություններ եւ օգնենք՝ դառնալ լավ ֆուտբոլիստ ոչ միայն Հայաստանում, նաեւ եվրոպական մեծ ակումբներում»,- ասաց Նիկոլա Անելկան:

Անվանի ֆուտբոլիստն այս օրերին հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի հրավերով Հայաստանում է: Հունվարի 17-ին Նիկոլա Անելկան այցելել էր լեգենդար ֆուտբոլիստ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիա: Այցի ընթացքում Նիկոլա Անելկան զրուցեց ակադեմիայի սաների հետ, կիսվեց խորհուրդներով, ապա հետեւեց բաց մարզմանը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում