12:28  ,  11 դեկտեմբերի, 2023

Արաս Օզբիլիզ․ Եթե ընտրվեմ, ամեն ինչ անելու եմ, որ Հենրիխ Մխիթարյանը հետ գա հավաքական

Եթե ես ընտրվեմ, ամեն ինչ անելու եմ, որ Հենրիխ Մխիթարյանը հետ գա հավաքական, բայց եթե ինձ ընտրելու են Հենրիխին հետ բերելու համար, ավելի լավ է ինձ չընտրեն:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզը:

«Գիտեմ, որ Արմեն Մելիքբեկյանի հետ մրցակցությունը դժվար է լինելու, բայց գտնում եմ, որ իմ շանսերը մեծ են: Ամբողջ ֆուտբոլային աշխարհը աջակցում է ինձ: Իմ թեկնածությունը դրել եմ, այն պատճառով, որովհետեւ համարում եմ, որ ֆեդերացիան ճիշտ չի աշխատում:

Հենրիխ Մխիթարյանի մասով ամեն ինչ կանեմ, որ նրա նման ֆուտբոլիստները մինչեւ կարիերայի ավարտը խաղան հավաքականում: Առաջինը ես կուրախանամ, որ Հենրիխը հետ գա: Եթե դուք ինձ ընտրում եք, որ Հենրիխը հետ գա, ավելի լավ է ինձ չընտրեք:

Ինձ համար կարեւոր է, որ բոլորը հավատան, որ ես այս ամենը կարող եմ անել: Մի ընտրեք ինձ Հենրիխին հետ բերելու համար: Ես միշտ էլ ասել, եմ, որ կարիերաս ավարտելուց հետո պիտի օգնեմ հայկական ֆուտբոլին: Ֆոկուս չեմ կարող անել, որ երկու տարում այս ամենը իրականություն դառնա: Պետք է հասկանանք, որ երկար ճանապարհի ու աշխատանքի արդյունքում է լինելու: Ես պատրաստ եմ անցնել այդ ճանապարհը:

Այս ընթացքում իմ հասցեին բազմաթիվ քննադատություններ հնչեցին, խոսվեց, որ ես դեռ պատրաստ չեմ ղեկավարել ֆեդերացիան: Այդ քննադատություններին կպատասխանեմ անեկդոտով: Մի մարդ կա ձի է քշում, ընկնում է, գնում , ծնողներ ասում է, որը մեջքս ցավում է, խնդրում է՝ տանեն բժշկի: Բժիշկը զննում է, դեղեր է նշանակում, տանում են տուն: Դեղերը խմում է, բայց ցավը չի անցնում: Ծնողներին ասում է, որ դեռ ցավում է, տարեք լավ բժշկի մոտ: Տանում են քաղաքի ամենալավ բժշկի մոտ: Դեղեր է նշանակում, ասում է երեք օրից կանցնի, ուղարկում տուն: Երեք օր անց նորից ցավը շարունակվում է: Ծնողներին ասում ՝ տարեք ավելի լավ բժշկի մոտ: Ծնողները տանում են պրոֆեսորի մոտ, որը չի կարողանում գտնել խնդրի լուծումը: Ուզում եմ ասել, որ ես այն մարդն եմ, որը տիրապետում է ֆուտբոլին, անցել եմ մեծ ճանապարհ ու գիտի՝ ինչպես լուծել խնդիրները»,- ասաց Արազ Օզբիլիզը։

ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։ Պաշտոնի համար պայքարելու է երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ Արաս Օզբիլիզը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում