12:11  ,  29 նոյեմբերի, 2023

Չավի․ Դրսեւորեցինք հաղթողի մտածելակերպ եւ հոգեբանություն

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է 2:1 հաշվով կամային հաղթանակը պորտուգալական «Պորտուի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրի տնային խաղում։ Այդ հաղթանակի շնորհիվ կատալոնական թիմը երեք տարի անց դարձյալ կխաղա գլխավոր եվրագավաթային մրցաշարի 1/8 եզրափակիչում։

«Ուրախ եմ ակումբի համար, քանի որ իսկապես լավ հաղթանակ տարանք առաջնակարգ թիմի նկատմամբ եւ նվաճեցինք փլեյ-օֆֆի ուղեգիր։ Մենք դրսեւորեցինք հաղթողի մտածելակերպ եւ հոգեբանություն՝ ճիշտ արձագանքելով 0:1 հաշվին։

​Երկրորդ խաղակեսը ցույց տվեց, որ մենք լավ մակարդակի վրա ենք։ Ընդմիջմանը տղաներին ասացի, որ պետք է ավելի համարձակ գործեն, դիմեն ճիշտ ռիսկի»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

H խմբում «Բարսելոնան» 12 միավորով առաջինն է։ Երկրորդ ուղեգրի համար պայքարը վերջին տուրում կշարունակեն 9-ական միավոր վաստակած «Պորտուն» եւ ուկրաինական «Շախտյորը»։ Վերջին տուրում «Պորտուն» դեկտեմբերի 13-ին կընդունի «Շախտյորին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում