16:29  ,  1 հոկտեմբերի, 2023

Աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր:

Այս մասին Անտվերպենից NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Սեպտեմբերի 30-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հակոբ Սերոբյան գլխավորած հավաքականի բոլոր 5 անդամները հաղթահարել են որակավորման փուլը եւ դուրս եկել եզրափակիչ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը բազմամարտի արդյունքով նվաճել է Փարիզի Օլիմպիական խաղերի անվանական ուղեգիր:

 «Արթուր Դավթյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր բազմամարտից: Նրա վաստակած միավորներն ապահովեցին անվանական ուղեգիրը: Բազմամարտում ամեն երկրին հասնում է մեկ ուղեգիր:

Հենացատկում Արթուրը առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչ եւ կպայքարի արդեն ոսկե մեդալի համար: Եզրափակիչում են նաեւ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը՝ օղակների վարժությունում եւ Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափեր վարժությունում: Այս վարժությունում եզրափակիչի պահեստայինում է Գագիկ Խաչիկյանը:

Բոլորս շատ ուրախ ենք Արթուր Դավթյանի ուղեգրի համար: Բոլորը մոտենում եւ շնորհավորում են մեզ: Ինչպես պլանավորել էինք, այդպես էլ գնում է աշխարհի առաջնությունը մեզ համար»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հիշեցնենք, որ առաջին մրցումային օրը բազմամարտում Արթուր Դավթյանը վաստակել էր 82,033 միավոր: Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչ է անցել 14.600 միավորով: Նույն վարժությունում նույնքան միավորով Գագիկ Խաչիկյանը պահեստայինում է: 

Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը օղակների վարժությունում որակավորման փուլում վաստակեց 14, 433 միավոր: Նույնքան միավորով որակավորման փուլը հաղթահարեց նաեւ աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում