09:02  ,  1 հոկտեմբերի, 2023

Արսեն Հարությունյան․ Այս դժվարին իրավիճակում կուզեմ՝ ավելի շատ համախմբվենք, ավելի շատ հավատանք Աստծուն

Այն ինչ տեղի ունեցավ եւ տեղի է ունենում իմ ազգի հետ, շատ ցավալի է: Պետք է ուժեղ մնանք: Մենք շատ խելացի ազգ ենք եւ վստահ եմ, որ մի տարբերակ կգտնենք այս իրավիճակից դուրս գալու համար: Մեր ազգին Աստված է պահում: Այս դժվարին իրավիճակում կուզեմ ավելի շատ համախմբվենք, ավելի շատ հավատանք Աստծուն եւ աղոթենք:  

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն, 57 կգ քաշային կարգի Արսեն Հարությունյանը:

Սեպտեմբերի 16-24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը երրորդ անգամ նվաճեց բրոնզե մեդալ: Հայաստանի առաջատար ազատ ոճային ըմբիշը նվաճեց նաեւ Հայաստանի առաջին օլիմպիական ուղեգիրը ըմբշամարտում:

Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 11:0 հաշվով հաղթել էր Ղազախստանի ներկայացուցիչ Մեյրամբեկ Կարթբային: Արսեն Հարությունյանը Բելգրադի մրցագորգում անցկացրել է 6 գոտեմարտ, տարել 5 հաղթանակ (14:3, 14:2, 11:0, 10:0, 11:0) եւ կրել մեկ պարտություն (14:16):

Արսեն, շնորհավորում եմ քեզ մեդալ եւ օլիմպիական ուղեգիր նվաճելու կապակցությամբ: Ինչպե՞ս ես գնահատում մասնակցությունդ աշխարհի առաջնությունում:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Աշխարհի առաջնության մեդալային արդյունքիցս այդքան էլ գոհ չեմ: Ես բրոնզե մեդալի համար չէի գնացել, այլ՝ չեմպիոնի կոչումը նվաճելու նպատակով: Սա արդեն իմ երրորդ բրոնզն է աշխարհի առաջնությունում: Այս տեսանկյունից ինձ մի քիչ սփոփում է օլիմպիական ուղեգիրը, որը կարողացա նվաճել: Կարող էր նաեւ ավելի վատ լինել: Քառորդ եզրափակիչում պարտվելուց հետո գուցե չկարողանայի տրամադրվել, հոգեբանորեն այդ վիճակից դուրս գալ: Ցավալի էր քառորդ եզրափակիչում պարտվելը: Գիշեր-ցերեկ մարզվել էի, տանջվել էի ոսկու համար ու չստացվեց: Ընկճվում ես, երբ չի ստացվում: Այս դեպքում օլիմպիական ուղեգիրը մի քիչ սփոփեց, ինչ-որ տեղ նաեւ պարտավորեցրեց՝ պատրաստվել ավելի մեծ հաղթանակի:

Ի՞նչը պակասեց այս անգամ:

Գորգում մի փոքր ուշ կողմնորոշվեցի եւ չկարողացա ճիշտ քայլ անել: Ինձ պակասեց շուտ կողմնորոշվելը: Ուժի, ֆիզիկական պատրաստվածության, քաշ գցելու առումով ամեն ինչ իդեալական էր ինձ մոտ: Ուղղակի քառորդ եզրափակիչում 7:1 հաշվով հաղթելիս լարվեցի, միավորներ տվեցի եւ չկարողացա հետ բերել, ժամանակս չբավականացրեց: Եթե մի փոքր էլ ժամանակ ունենայի, վսահ հաղթանակով կավարտեի, որովհետեւ 7-ից 14 դարձրի միավորներս:

Նախկինում դու այլ մարտավարություն ունեիր գորգում, առաջին մրցափուլում միավորներ էիր տալիս, երկրորդ մրցափուլում սկսում ինքդ վաստակել ու հաղթել:

Այստեղ չհասցրի: Հոգնածություն չկար: Մրցակիցս աշխարհի չեմպիոն էր, շատ ուժեղ էր, հեշտ չէր նրա հետ գոտեմարտելը: Ամեն դեպքում նրան զիջեցի 2 միավորով՝ 14:16:

Ինչպե՞ս հաղթահարեցիր պարտությունդ եւ տրամադրվեցիր բրոնզե մեդալի համար պայքարին: Օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորությունը քեզ ուժ տվե՞ց:

Եթե անկեղծ լինեմ, այս պարտությունից հետո ոչնչի մասին չէի մտածում: Չէի կարողանում համակերպվել պարտությանս հետ: Հետո ինքս ինձ ասացի, որ պետք է մոռանալ ամեն ինչ: Դեռ պայքարը չի ավարտվել եւ գորգ դուրս գալու դեպքում պետք է միայն հաղթել: Սփոփիչ գոտեմարտում էլ ուժեղ մրցակից ունեի՝ չինացի Վանհաո Ժոուին այս քաշային կարգում առաջին համարն էր: Նրան ոչ ոք 10:0 հաշվով չէր հաղթել, ինչպես ես հաղթեցի: Ղազախստանի ներկայացուցիչին էլ 10:0 հաշվով հաղթեցի: Պարտությունից հետո տրամադրվել էի, որ գորգ դուրս գալու դեպքում պետք է միայն հաղթանակներով ավարտեմ պայքարս:

Մրցակցության մասին ի՞նչ կասես:

Շատ ուժեղ մրցակցություն կար այս առաջնությունում: Նախ վարկանիշային էր եւ դրանով արդեն պայքարը կրկնակի թեժ էր: Սա այն աշխարհի առաջնությունն էր, որ այստեղ, թեկուզ, բրոնզե մեդալը համարժեք էր նախորդ տարիների ոսկե մեդալին: Շատ գոտեմարտեր ես անցկացնում, բոլոր մասնակիցները շատ ուժեղ էին: Իրականում, մեկ քաշային կարգում երկու քաշային կարգերի ներկայացուցիչների հետ էր պայքարը: Այդպես էր ստացվում: Եթե նկատեցիք, նույն իմ քաշային կարգում մասնակիցների մեծ մասը 61 կգ քաշային կարգից իջած ըմբիշներն էին: Ինչպես ես էի քաշային կարգս փոխել օլիմպիական, այնպես գրեթե մեծ մասը: 57 կգ քաշային կարգի 4 մեդալակիներս՝ բոլորս նախկինում 61 կգ-ում էինք եղել: Իմ մրցակիցներն էին 61 կգ-ում:

Արսեն, երկրորդ Օլիմպիական խաղերիդ մասնակցությունն ապահովեցիր, նվաճեցիր ուղեգիր...

Ուրախ եմ այս ուղեգրի համար: Շուրջ մեկ տարի ժամանակ ունեմ պատրաստվելու համար: Օրինակ՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեցինք մեկնարկից 4 ամիս առաջ՝ մարտին: Այս դեպքում ավելի հանգիստ կպատրաստվեմ իմ երկրորդ Օլիմպիական խաղերին: Ինչպես յուրաքանչյուր մրցաշարին եմ պատրաստվում, այդպես փուլ առ փուլ կպատրաստվեմ Փարիզ-2024-ին: Ինձանից ինչ հասնում է, կանեմ, օր ու գիշեր կմարզվեմ, որ լավ լինի: Ես արդեն գիտեմ՝ ուր եմ գնում եւ ինչ է պետք ինձ այնտեղ հաղթելու համար: Եթե այս ճանապարհին մի վայրկյան թերանամ, ոչինչ չի ստացվի: Դրա համար պետք է աշխատել գիշեր-ցերեկ, որպեսզի հասնել նպատակին:

Հոկտեմբերի 1-ից սկսում եմ մարզումներս ու այդպես՝ միջազգային մրցաշարեր, Եվրոպայի առաջնություն, մինչեւ Օլիմպիական խաղեր:

Այս ուղեգիրը նվաճելիս զգացողություններդ ի՞նչով առանձնացավ նախորդ՝ քո առաջին ուղեգիրը նվաճելուց:

Շատ տարբեր են ապրածս զգացողությունները նախորդ՝ առաջին ուղեգիր նվաճելու զգացողություններից: Ես այն ժամանակ երեխա էի: Չէի գիտակցում ըմբշամարտը որն է, ուղեգիր նվաճելը, Օլիմպիական խաղերին մասնակցելն ինչ է: Չէի կարողանում հոգեբանորեն ճիշտ մոտենալ գոտեմարտերին: Հիմա ամեն ինչ այլ է, փոխվել է: Այժմ գտել եմ ճիշտ գոտեմարտեր անցկացնելու ձեւը, այլ ձեւ եմ պատրաստվում յուրաքանչյուր մրցաշարի: Ինչպես Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին եմ պատրաստվել մեծ նվիրումով, այնպես էլ իմ երկրորդ Օլիմպիական խաղերին եմ պատրաստվելու:

Քո բրոնզե մեդալ եւ ուղեգիր նվաճելու հաջորդ օրվանից Ադրբեջանը հերթական ագրեսիան սկսեց Արցախի դեմ: Պատերազմ, բազմաթիվ զոհեր, բռնի տեղահանում... Քեզ վրա ինչպե՞ս են անդրադառնում այս ծանր օրերը եւ ինչնպե՞ս ես հաղթահարում:

Այն, ինչ տեղի ունեցավ եւ տեղի է ունենում իմ ազգի հետ, շատ ցավալի է: Տրամադրությունս շատ վատ է: Տեսնում ես այս վիճակը, լացդ գալիս է: Այս օրերն ինձ օգնում է հաղթահարել աղջիկս: Երբ նրան գրկում եմ, մի պահ ամեն ինչ մոռանում եմ: Հետո հասկանում եմ, որ մենք պետք է ամուր լինենք: Իմ հայրիկը մասնակցել է 4 պատերազմի, այս հողի համար կռիվ է տվել, հայկական բանակի առաջին զինվորներից է եղել: Ցավալի է տեսնել նրա ապրումները, երբ հանձնում են այն հողը, որի համար կյանք ու կռիվ է տվել:

Պետք է ուժեղ մնանք: Ամեն իրավիճակ էլ հաղթահարելի է: Մենք պետք է ոչ մի իրավիճակում չհանձնվենք, հոգիներս ուժեղ պահենք: Մենք շատ խելացի ազգ ենք եւ վստահ եմ, որ մի տարբերակ կգտնենք այս իրավիճակից դուրս գալու համար: Ուղղակի մեր ազգը պետք է շատ աղոթի, կապվի Աստծու հետ: Մեր ազգին Աստված է պահում: Այս դժվարին իրավիճակում կուզեմ՝ ավելի շատ համախմբվենք, ավելի շատ հավատանք Աստծուն եւ աղոթենք:  

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով