09:03  ,  28 սեպտեմբերի, 2023

Հաբեթնակ Կուրղինյան․ Աշխարհի առաջնության 3 մեդալն ու 2 օլիմպիական ուղեգիրը գոհացնող արդյունքներ են

Աշխարհի առաջնության 3 մեդալն ու 2 օլիմպիական ուղեգիրը գոհացնող արդյունքներ են: Եթե որոշում կայացվի, որ մասնակցելու ենք հաջորդ վարկանիշային մրցաշարերին, կփորձենք մյուս 4 քաշային կարգերում էլ պայքարել ուղեգրերի համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Սեպտեմբերի 16-24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունք գրանցեց՝ առաջին անգամ նվաճելով երեք մեդալ աշխարհի առաջնությունում:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից բրոնզե մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանը (57կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ) եւ Արման Անդրեասյանը (70 կգ):

Աշխարհի առաջնությունը օլիմպիական վարկանիշային էր Փարիզ-2024-ի համար: Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը ապահովեցին իրենց ուղեգրերը: Արման Անդրեասյանի քաշային կարգը օլիմպիական չէ:

Պարոն Կուրղինյան, երեք մեդալ, երկու ուղեգիր, ինչպե՞ս եք գնահատում աշխարհի առաջնության արդյունքները:

Այս արդյունքներն, իսկապես, գոհացնող են: Շատ հանգամանքներից ելնելով՝ դրական արդյունք է:

Կարող էր նաեւ լինել ավելի լավ: Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը միանշանակ կարող էին հայտնվել եզրափակիչում: Կիսաեզրափակիչներում նրանք հավասար պայքարում զիջեցին գոտեմարտերը:  Արման Անդրեասյանը եւս լավ հանդես եկավ: 

Մյուս տղաների մասին կասեմ, որ յուրաքանչյուրը մասնակցեց իր հնարավորությունների չափով: Տղաներն արեցին այն, ինչ կարող էին: Նորիկ Հարությունյանից առանձնապես մեծ սպասելիքներ չունեի: Նա հավասար գոտեմարտում պարտվեց բելառուս մարզիկին եւ դուրս մնաց պայքարից: Արման Ավագյանը առաջին գոտեմարտում վնասվածք ստացավ: Հրայր Ամիրխանյանը երկու հաղթանակ տարավ, երրորդում՝ պարտվեց: Սերգեյ Սարգսյանը մեկ հաղթանակ տարավ: Նրանք բոլորը երիտասարդ մարզիկներ են, որոնք դեռ փորձի պակաս ունեն:

Նշեցիք, որ Արսեն Հարությունյանը եւ Վազգեն Թեւանյանը եզրափակիչ դուրս գալու հնարավորություն ունեին: Ըստ Ձեզ, ի՞նչը պակասեց նրանց:

Կրկնվեմ՝ փորձի պակասը: Արսեն Հարությունյանի դեպքում քաշային փոփոխություն էր եղել: Կարծում եմ՝ նա դեռ ունի այս քաշային կարգում աշխարհի առաջնության եւ այս դասի լուրջ մրցումների պակաս: Կարծում եմ՝ մինչեւ Օլիմպիական խաղեր այդ բացը կլրացնենք, նա եւս կաշխատի իր վրա, սխալների ուղղում կանի:

Վազգեն Թեւանյանը նույնպես աշխարհի առաջնությունում այսպիսի մրցակցության, առավել եւս, կիսաեզրափակիչ դուրս գալու փորձ չուներ: Նա առաջին անգամ էր դուրս գալիս աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ: Պատասխանատու էր: Վազգենը շուտ հավատաց իր հաղթանակին: Շտապեց: Եթե մինչեւ վերջ պայքարեր, մինչեւ սուլիչը... Ժամանակից շուտ հավատաց, որ հաղթել է, կհաղթի: Սպորտում այդպես չի լինում: Ինչպես ասում են՝ «առուն թռիր, նոր ասա՝ հոպ»:

Ամեն դեպքում, սա աշխարհի առաջնությունն է, դժվար է: Մեր մակարդակով, որ արդեն հասել ենք 3 մեդալի, երրորդ տեղի համար նման գոտեմարտեր ենք անցկացնում, լավ է: Երբ ընդգծում եմ՝ փորձի պակասը, խոսքս միայն մարզիկներին չի վերաբերում. մարզիկները, մարզիչները: Մեզ դեռ պակասում է հմտությունը, փորձը:

65 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Իսմայիլ Մուսուկաեւը, որն այժմ ներկայացնում է Հունգարիան, բայց չեմ կարծում, որ նա կարող էր Վազգեն Թեւանյանին հաղթել: Ուղղակի այդպես ստացվեց:

Մեր թիմում դեռ կա հմտության, փորձի, վարպետության պակաս, որը կգա եւ կլացվի  տարիների ընթացքում:

Արման Անդրեասյանի մասին ի՞նչ կասեք: Նա նվաճեց իր առաջին մեդալը աշխարհի առաջնությունում:

Արման Անդրեասյանը երրորդ տարին անընդմեջ իր քաշային կարգում աշխարհում հնգյակում է: Նախորդ տարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվեց վիճահարույց մրցավարության արդյունքում: Երկու տարի անընդմեջ նա պայքարել է աշխարհի բրոնզե մեդալի համար:  Այս մեդալը սպասված էր: Այս անգամ արդեն ժամանակն էր: Նրանից մեդալ ակնկալում էինք:

Հաշվի առնելով աշխարհի առաջնության օլիմպիական վարկանիշային լինելը, մրցակցությունն ու մրցավարությունն ինչպիսի՞ն էին:

Մրցավարության մասին ոչինչ ասել չեմ կարող: Չկային հատուկ ընդգծված կողմնապահություններ: Մեկ-երկու մարդկային գործոններով պայմանավորված սխալ մրցավարություններ եղան: Մեր նկատմամբ չկար որեւէ անարդար մրցավարություն, ընդգծված վերաբերմունք:

Ինչ վերաբերում է մրցակցությանը, մեծ էր: Ես կասեի՝ անակնկալներով լի, անսպասելի առաջնություն էր: Այս փուլում համաշխարհային ըմբշամարտում սերնդափոխության ժամանակահատված է եւ այն ուղիղ կերպով արտացոլված էր այս առաջնությունում: Մեծ անակնկալներ եղան, հզոր ըմբիշներ դուրս մնացին, առանց վարկանիշ մնացին, ինչպես օրինակ Սադուլաեւը եւ այլք: Այժմ երիտասարդների ժամանակն է: Շատերն արդեն իրենց խոսքն ասում են բարձրակարգ ըմբիշների կողքին եւ նրանց հետ պայքարում:

Ձեր գլխավորած հավաքականն արդեն ապահովել է երկու ուղեգիր: Բաքու մեկնելու որոշում կայացնելու դեպքում, կշարունակե՞ք պայքարը ուղեգրերի համար, թե՞ այս պահին նախապատվությունը կտաք Արսենի եւ Վազգենի ավելի իրատեսական  մեդալային հավակնություններին Խաղերում:

Միանշանակ կշարունակենք պայքարը ուղեգրերի համար մյուս 4 քաշերում  եւս: Եթե Բաքու մեկնելու որոշում կայացվի, Հայաստանի թիմը նախատեսում է եւս մի քանի ուղեգրերի համար պայքարել: Թե որ մյուս քաշերից ակնկալիքներ ունենք, այս պահին չեմ կարող ասել: Դեռ թեժ պայքար է գնալու ուղեգրերի համար: Այնպիսի մարդիկ են դուրս մնացել Բելգրադում, առանց ուղեգրերի վերադարձել, վստահաբար յուրաքանչյուր ուղեգրի համար յուրաքանչյուր քաշում մեծ պայքար է լինելու, եւ մենք եւս կլինենք այդ պայքարում: Այս պարագայում չենք կարող ակնկալիքների մասին խոսել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով