17:36  ,  27 սեպտեմբերի, 2023

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել CNN-ին Արցախում հայերի էթնիկ զտումները կանխելու իր կոչը հրապարակելու համար

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած գրառումով շնորհակալություն է հայտնել ամերիկյան CNN հեռուստաալիքին Արցախում տեղի ունեցող ողբերգությունը լուսաբանելու եւ իր կոչը հրապարակելու համար։

Մխիթարյանը գրել է, որ «2023 թվականին Արցախում ցեղասպանություն է եւ հայերին պետք է բոլորիս օգնությունը»։

Մխիթարյանն ավելի վաղ սոցիալական ցանցերում արած կոչով դիմել էր միջազգային հանրության առաջնորդներին։

«10 ամսվա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինված ուժերը դաժան հրետակոծության ենթարկեցին Լեռնային Ղարաբաղը։

Սիրտս կոտրվում է, երբ իմանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ Հայաստան զանգվածաբար փախչող հազարավոր հայ ընտանիքների ցավի, կորստի եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:

Իրավիճակը, որն այժմ տառապանք է պատճառում մարդկանց Լեռնային Ղարաբաղում, հիշեցնում է պատմության ամենամութ ժամանակները։ Մենք հաճախ ափսոսանքով հետ ենք նայում սպանությունների, էթնիկ զտումների եւ համակենտրոնացման ճամբարների մութ էջերին եւ զղջում, որ ոչ ոք բավարար ջանք չի գործադրել այդ ամենը վերացնելու համար:

Մենք չենք կարող հետ բերել անցյալի վայրագությունների զոհերին, բայց մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում։

Այս սարսափի մեջ անհրաժեշտ է հրատապ մարդասիրական օգնության մոբիլիզացիա Լաչինի միջանցքով եւ միջազգային դիտորդների տեղակայում` մարդկության դեմ ուղղված  հանցագործությունները դադարեցնելու համար:

Այժմ հրատապ է միջազգային առաջնորդների համար ոտքի կանգնել էթնիկ զտումների դեմ եւ օգտագործել բոլոր հնարավոր քաղաքական գործիքները՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ դնելու համար։

Երեխաներն ունեն իրենց հայրենիքում խաղաղ ապրելու իրավունք»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով