12:13  ,  24 սեպտեմբերի, 2023

Հայաստանի բազմակի չեմպիոն Իգոր Կարապետյանը լուրջ վնասվածքներ է ստացել ոստիկանների կիրառած լուսաձայնային նռնակի պայթյունից

Հանրապետության հրապարակում սեպետեմբերի 19-ին ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակի պայթյունի հետեւանքով ոտքերի ծանր վնասվածքներ է ստացել թաեքվանդոյի Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի հնգակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մասնակից, արցախցի Իգոր Կարապետյանը։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց մարզիկի անձնական մարզիչ Արայիկ Մկրտչյանը։

Իգոր Կարապետյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, հայրը զոհվել է պատերազմում։ Ընտանիքի մյուս անդամները Ստեփանակերտում են։

«Իգորն այժմ գտնվում է հիվանդանոցում։ Լուրջ վնասվածքներ է ստացել, ոտքերի 90 տոկոս այրվածք է ստացել, տասնյակից ավելի բեկորներ են հանել ոտքերից, վիրահատել են աճուկը։  Երկար ժամանակ է հարկավոր, որ մկաները վերականգնեն,բայց կվերակագնվի»,- ասաց Արայիկ Մկրտչյանը։

Իգոր Կարապետյանը մեկ ամսից պետք է մասնակցեր միջազգային մրցաշարի։ Այժմ իրականցվում է դրամահավաք նրա հետագա բուժման համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում