Բնավորությամբ ու խառնվածքով ես հայ եմ, բայց քանի որ միայն Ռուսաստանում եմ ապրել, ինձ ռուս եմ համարում։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսական «Ուֆա» ակումբի 27-ամյա հարձակվող Միխայիլ Մարկոսովը, ով Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ընթացիկ առաջնությունում դարձել է 7 գոլի հեղինակ:
Միխայիլ, պատմիր քո մասիր: Դու ազգությամբ հա՞յ ես:
Այո, ես հայ եմ: Հայրս հայ է, իսկ մայրս՝ ռուս: Մենք Ստավրոպոլից ենք, Մարկոսյանց ենք: Ես գրեթե չգիտեմ հայերեն: Տանը ռուսերենով ենք շփվում: Իմ կինը նույնպես ռուս է: Ես 90-ական թվականներին եղել եմ Հայաստանում: Հուշերը Հայաստանի մասին միայն այդ ժամանակաշրջանին են վերաբերում: Իմ հարազատներն ապրում են Երեւանում: Շատ կցանկանայի կրկին մեկնել Երեւան:
Իսկ քեզ ավելի շատ հա՞յ ես համարում, թե՝ ռուս:
Բնավորությամբ ու խառնվածքով ես հայ եմ, բայց քանի որ միայն այստեղ եմ ապրել, ապա ինձ ռուսաստանցի, ռուս եմ համարում:
Հայ ֆուտբոլային մարզիչների կողմից քո նկատմամբ հետաքրքրություն եղե՞լ է:
2008-ին ինձ հայկական թիմերից մեկը հրավեր էր ուղարկել: Նույնիսկ անունն այժմ չեմ հիշում: Իմ նախկին ակումբը բանակցություններ էր վարում, բայց ոչինչ չստացվեց: Այն ժամանակ իմ հարաբերությունները ակումբի հետ այդքան էլ լավ չէին:
Իսկ կցանկանայի՞ր Ռուսաստանից հետո խաղալ Հայաստանի առաջնությունում:
Այո, կցանկանայի:
Հետեւու՞մ ես Հայաստանի հավաքականի ելույթներին ու թիմից ո՞ւմ կառանձնացնեիր:
Այո, հետեւում եմ, հատկապես՝ վերջին շրջանում: Ամենաշատը հավանում եմ Յուրա Մովսիսյանի խաղը: Հայաստանի հավաքականի հարձակման գիծը շատ լավն է: Քանի որ ես հարձակվող եմ, ապա ինձ ամենից առաջ հետաքրքրում է հարձակողական ոճի ֆուտբոլիստների խաղը:
Իսկ կցանկանայի՞ր հրավիրվել Հայաստանի հավաքական:
Երեւի թե, այո:
Ռուսաստանի առաջին դիվիզիոնում շատ հայեր են խաղում: Ծանո՞թ ես նրանց հետ, շփվո՞ւմ եք:
Ես գիտեմ, որ տարբեր թիմերում հայեր կան: Բայց այդ շփումը չի ստացվել:
Դու վերջերս նշանակալի առաջընթաց ես գրանցել: Արդեն հասցրել ես առաջնությունում 7 գոլ խփել: Ըստ քեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված:
Լավ թիմակիցների հետ եմ խաղում: Մենք թիմային խաղ ենք ցուցադրում: Շատ եմ ցանկանում իմ թիմին օգտակար լինել եւ ուրախ եմ, որ դա ինձ մոտ ստացվում է:
«Ուֆան» իր առջեւ ի՞նչ նպատակներ է դնում: Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորություն կա՞, թե թիմն ավելի համեստ ցանկություններ ունի:
Մենք միայն այս տարի ենք առաջին դիվիզիոնի ուղեգիր նվաճել: Կարծում եմ՝ վատ չէինք խաղում: Իհարկե, շատ մեծ ցանկություն ունենք, բայց առաջին դիվիզիոնում տեղը պահպանելը եւս վատ արդյունք չէր լինի:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում