10:48  ,  17 ապրիլի, 2023

Հակոբ Սերոբյան․ Թուրքիայում փորձեցին խնդիրներ ստեղծել մեզ համար, բայց հակառակ ազդեցությունն ունեցավ

Թուրքիայում փորձեցին խնդիրներ ստեղծել մեզ համար, բայց հակառակ ազդեցությունն ունեցավ: Արթուր Դավթյանն ավելի ոգեւորվեց այդ ամենից եւ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց: Թիմն այնտեղից վերադարձավ շատ բարձր արդյունքով՝ մեդալային ամբողջական հավաքածուով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որը նախորդ գիշեր իր գլխավորած թիմի, Եվրոպայի չեմպիոնի եւ փոխչեմպիոնի հետ Թուրքիայից վերադարձել է  հայրենիք:

«Շատ բարձր եմ գնահատում մեր տղաների աշխատանքը Թուրքիայում: Արթուր Դավթյանից սպասում էինք հաղթանակ հենացատկում, քանի որ այս վարժությունում նա գործող աշխարհի չեմպիոնն է եւ ֆավորիտն էր: Ոչ թե մեդալ էինք սպասում նրանից, այլ հենց ոսկե մեդալ: Նա արդարացրեց բոլորիս սպասելիքները: Նրա գործը շատ բարդ էր այս Եվրոպայի առաջնությունում: 6 գործիք էր անում, որպեսզի Օլիմպիական խաղերի վարկանիշ հեշտ ձեռք բերի: Անսպասելի էր նժույգ թափերում նրա եզրափակիչ դուրս գալը: Այս գործիքի վրա մենք ունենք ավելի բարդ կատարողներ՝ Հարություն Մերդինյան, Գագիկ Խաչիկյան, բայց Արթուրից եզրափակիչ դուրս գալ չէինք սպասում: Լավ կռիվ տվեց եւ մեդալ նվաճեց: Հպարտ եմ նրանով: ծ

Ընդհանուր մեր արդյունքից շատ գոհ եմ: Բարձր արդյունք է, մեդալների մի ամբողջ հավաքածու՝ ոսկի, արծաթ, բրոնզ: Նախորդ տարի ունեցանք միայն ոսկի եւ արծաթ: Համլետ Մանուկյանը երիտասարդների աշխարհի առաջնությունում իր կրկնակի չեմպիոնությամբ Թուրքիայում բոլորի աչքը «վախեցրել» էր:

Նշեմ, որ երիտասարդների մրցաշարը շատ հանգիստ անցավ այնտեղ, բայց մեծահասակների Եվրոպայի առաջնության օրերին մի փոքր այլ էր. որոշակի խնդիրներ էին առաջացնում: Մեր դրոշի պահը, ուշ գիշերին դոպինգ անցկացնելը: Ինձ այդ ամենը շատ բարկացրել էր, բայց հակառակ ազդեցությունն ունեցավ: Առավոտյան 5-ին դոպինգ հանձնելու համար մեր տղաներին քնից հանել էին, ինչն ինձ վրդովեցրել էր: Ինչո՞ւ հենց մեր թիմին... Տպավորություն էր, թե մեզ միտումնավոր նյարդայնացնում են: Ես պաշտոնապես մոտեցա եւ ասացի, ինձ կողքից ասացին, որ միտումնավոր են անում, մենք էլ հակառակը պետք է անենք եւ եղավ՝ Եվրոպայի չեմպիոն, փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր: Արթուրն ավելի ոգեւորվեց այդ դեպքերից եւ ոսկե մեդալ նվաճեց:

Վահագն Դավթյանի արծաթե մեդալը շատ ուրախացրեց բոլորիս: Օղակների վարժության եզրափակիչում գերլարված պայքար էր: Մեդալի համար պայքարում էին աշխարհի գործող չեմպիոնը, օլիմպիական չեմպիոն եւ Վահագն Դավթյանը: Երրորդ տեղը զբաղեցրեց օլիմպիական չեմպիոնը: Պատրաստ էինք, բայց չէինք սպասում: Վահագն Դավթյանը շատ արժանի էր: Ուրախ եմ, որ ստացվեց»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 3 մեդալով ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում:

Հենացատկի վարժությունում ոսկե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը, օղակների վարժությունում երկրորդ անգամ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց Վահագն Դավթյանը,  նժույգ թափերում բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English