Հայաստանում վոլեյբոլը չի զարգանա այնքան ժամանակ, քանի դեռ մեր մրցաշարերը, առաջնություններն անցնում են դատարկ դահլիճներում, իսկ ֆեդերացիայի ամբողջ գործունեությունը եւ կապը ֆեդերացիայի նախագահի հետ ղեկավարվում է միայն ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի կողմից։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի (ՀՎՖ) փոխնախագահ, ֆեդերացիայի ուսանողական եւ գիտական գծով ղեկավար Կարեն Ասմարյանը։
Վերջերս Երեւանում կայացավ վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը, որում հաղթող ճանաչվեց Երեւանի ՖԻՄԱ թիմը։ Նոյեմբերի 1-ին կմեկնարկի վոլեյբոլի կանանց Հայաստանի առաջնությունը:
Պարոն Ասմարյան, օրերս կայացավ վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը, իսկ այսօր կմեկնարկի կանանց առաջնությունը։ Այս ակտիվությունը կարո՞ղ ենք բնութագրել որպես առաջխաղացում հայկական վոլեյբոլում։
Սա այն է, ինչով մենք զբաղվում ենք, անցկացնում ենք առաջնություններ, մասնակցում ենք միջազգային մրցաշարերի, փորձում ենք հնարավորինս բարձրացնել վոլեյբոլի դերն ու նշանակությունը հասարակության շրջանում։ Եվ կարծես, աստիճանաբար ստացվում է, քանի որ մարդիկ սիրում են վոլեյբոլը, հետաքրքրվում են այս մարզաձեւով, խաղում են։ Դրա ապացույցը մեր վերջին առաջնությունն էր, որի ընթացքում պարզ դարձավ այս տարվա Հայաստանի չեմպիոն թիմը։
Առաջնությանը մասնակցեցին վեց թիմեր՝ Երեւանից, Արմավիրից ու Ստեփանակերտից: Հայաստանի չեմպիոն դարձավ ՖԻՄԱ-ն։ Ի դեպ, այդ թիմն արդեն 7-րդ անգամ է նվաճում Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Երկրորդ տեղում Ստեփանակերտի թիմն էր, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Արմավիրը: Սա Հայաստանի առաջնության երկրորդ փուլն էր, իսկ առաջին փուլն անցկացվել էր մարտի 31-ից ապրիլի 4-ը։ Դիտարժան խաղեր էին երկրորդ փուլի խաղերը։ Հայաստանի առաջնությունն անցկացվեց բարձր մակարդակով, կազմակերպվածության առումով չզիջեց միջազգային մրցաշարերին։ Միակ խնդիրն այն է, որ հանդիսատես չունենք։ Սա իսկապես խնդիր է, քանի որ վոլեյբոլի մասին պրոպագանդա չի լինում, չի ասվում, չի խոսվում եթերներից։ Մարդիկ սիրում են, ուզում են գալ, տեսնել, բայց ինֆորմացիայի պակաս կա. չեն տեղեկանում` երբ, որտեղ, ինչ է տեղի ունենում։
Նոյեմբերի 1-ին արդեն կմեկնարկի կանանց առաջնությունը։ Այս փուլում ամեն ինչ բարդ է լինելու, քանի որ պետք է ցավով նշեմ, որ մասնակցելու է ընդամենը 3 թիմ՝ Երեւանից, Սիսիանից եւ Ստեփանակերտից։ Իսկ դեկտեմբերին արդեն տեղի կունենա Հայաստանի գավաթի խաղարկությունը: Անկախ այն ամենից՝ ինչ տեղի է ունենում ֆեդերացիայում, ես շարունակում եմ կատարել իմ աշխատանքը, մրցումներ անցկացնել, երեխաներին ներգրավել այս մարզաձեւում, իսկ ֆեդերացիայի աշխատանքից տեղյակ չեմ՝ ինչ գործընթացի մեջ է։
Իսկ ֆեդերացիան ի՞նչ մասնակցություն ունի այս առաջնություններին, մրցաշարերին։ Ի՞նչ է անում ֆեդերացիան մարզաձեւի զարգացման համար։
Ֆեդերացիայի բոլոր հարցերով, կազմակերպչական գործերով զբաղվում է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռազմիկ Սուլթանյանը։ Նա է կազմակերպում եւ անցկացնում այս առաջնությունները, զբաղվում դրանց թղթաբանությամբ, նախարարության հետ կապերով, ադմինիստրացիայով, մրցավարությամբ։ Մենք կողքից փորձում ենք օգնել։ Չեմ կարող նրա աշխատանքին գնահատական տալ, բայց կողքից նայելով, առաջին խնդիրը վոլեյբոլում, որ տեսնում եմ, դա մրցավարության խնդիրն է։ Հասկանալի է, որ ֆեդերացիայի նախագահը շատ զբաղված է, բայց պետք է ամեն ինչ անենք, որ եղածը պահպանենք։ Ֆեդերացիայում տիրող խմորումների պատճառով շատ մարդիկ նեղացան. նրանք չեն ցանկանում շփվել մարզիչների, մրցավարների հետ, աշխատել ֆեդերացիայի հետ։ Սա պառակտում է, իսկ այս պայմաններում դժվար է մարզաձեւ զարգացնել։ Ֆեդերացիայի նախագահը պետք է փորձի ժամանակ գտնել, գալ, հանդիպել այդ մարդկանց, որպեսզի շահենք նրանց՝ այդ նեղացողների վստահությունը։ Մրցավարների խնդիրը մեզ մոտ շատ լուրջ է, մեր մրցավարներն իրենց դիրքում չեն, եթե իրենց դիրքում լինեին, վիճակը այսպիսին չէր լինի։
Իսկ ի՞նչ խմորումների մասին է խոսքը եւ, ընդհանրապես, ի՞նչ է կատարվում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայում։
Ես տեղյակ չեմ՝ ինչ է կատարվում ֆեդերացիայում։ Չեմ կարող մեկնաբանել՝ ինչ է կատարվում ֆեդերացիայի ներսում, որովհետեւ տեղեկություն չունեմ։ Մրցումների ժամանակ ենք միայն հանդիպում նախագահության անդամներով։ Ընդհանրապես ժողով չի կազմակերպվում ֆեդերացիայում։ Նախորդ տարվա դեկտեմբերից ֆեդերացիայի նախագահության ժողով չի կազմակերպվել։ Ես նախագահի տեղակալն եմ, բայց նրա հետ շփվում եմ միայն Ռազմիկ Սուլթանյանի միջոցով. զանգահարել, մի բան հարցնել, ինչ-որ խնդիր քննարկել, մրցաշարի մասին խոսել, այդ ամենը արվում է միայն Ռազմիկ Սուլթանյանի միջոցով։ Սա է հենց խանգարում, որ զարգանա վոլեյբոլը։ Ֆեդերացիայի նախագահն առաջին ձեռքից պետք է տեղեկանա որեւէ տեղեկության մասին, նա ինձանից կամ մյուսից պետք է իմանա՝ առաջնության կամ միջազգային մրցաշարի վրա այսքան գումար ենք ծախսել, այս արել, այն թողել։ Կան նախագահության անդամներ, որոնց մենք չենք ճանաչում, տեղեկություն չունենք նրանց մասին՝ նրանք վոլեյբոլում են, թե՝ ոչ: Ես՝ որպես նախագահի տեղակալ, ֆեդերացիայում համախմբվածություն չեմ տեսնում։
Դուք կազմակերպում եք մրցաշարեր, առաջնություններ, որոնք ֆինանսավորում են պահանջում։ Ո՞վ է ֆինանսավորում այդ ամենը։
Բացի առաջնություններից, ամեն ինչ ֆինանսավորվում է ֆեդերացիայի կողմից։ Ֆինանսավորումն անում է ֆեդերացիայի նախագահը, ով նախքան այդ պաշտոնում նշանակվելը խոստացել էր վոլեյբոլում ներդնել 30 միլիոն դրամ։ Եթե մենք ցանկանում ենք ինչ-որ մրցաշարի մասնակցել, ֆինանսավորման համար կրկին դիմում ենք Ռազմիկ Սուլթանյանին եւ նրա միջոցով սպասում կամ ստանում ֆեդերացիայի նախագահի պատասխանը։ Ամբողջ ֆինանսական կապը նրա միջոցով է լինում։ Գուցե ես զանգեմ եւ ասեմ՝ այս խնդիրն ունենք, պարոն Խաչատրյան, եւ նա ինձ չմերժի։ Հաստատ համոզված եմ, որ չի մերժի, որովհետեւ այդ մարդը, զգում եմ, որ ցանկանում է վոլեյբոլի համար ինչ-որ բան անել։ Բայց այսպես է դասավորվել եւ մեր միջեւ շփում չկա։
Զրուցեց Լուսինե Շահբազյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի