Երևանում կանցկացվի վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնության Ե ենթախմբի մրցաշարը:
Հուլիսի 21-23-ը Հայաստանի հավաքականի հետ կմրցեն Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Դանիայի հավաքականները, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը: Վոլեյբոլի մինչև 22 տարեկան տղաների Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը 2024-ին կընդուն Նիդեռլանդները։
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ սա աննախադեպ իրադարձություն է.
«Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիան Հայաստանին է վստահել անցկացնել Եվրոպայի առաջնության ենթախմբային փուլը, որն աննախադեպ է հայկական վոլեյբոլի պատմության մեջ: Հայաստան կժամանեն Եվրոպայում լավագույնը համարվող Ֆրանսիայի և Դանիայի թիմերը: Համոզված ենք՝ պատվով կանցկացնենք այս խոշոր իրադարձությունը»:
Կարեն Ասմարյանը նշում է, որ սա լավ հնարավորություն է Հայաստանի համար՝ նախապատրաստվելու Երևանում 2025 թվականին անցկացվելիք տղամարդկանց Եվրոպայի Մ-17 առաջնության եզրափակիչ մրցաշարին, որին մասնակցելու են 16 երկրի թիմեր:
Նախապատրաստվելով առաջիկա մրցաշարին՝ Հայաստանի Մ-22 հավաքականն ուսումնամարզական հավաքներ և ընկերական խաղեր կանցկացնի Վրաստանում: Հավաքական թիմը և մարզչական շտաբը կձևավորվեն մայիսին Երևանում նախատեսված մեկ այլ միջազգային երիտասարդական մրցաշարի արդյունքներով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում