19:02  ,  20 մարտի, 2012

Հայաստանի մոռացված մարզաձեւեր

1978 թվական. հայկական ջրագնդակի ներկայացուցիչներ Աշոտ Փիլոյանը եւ Անատոլի Կոլեսնիկովը  ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում հաղթեցին Եվրոպայի առաջնությունում:
1988 թվական. ջրագնդակի  Հայաստանի  ուսանողական թիմը ԽՍՀՄ  ուսանողական խաղերում գրավեց երկրորդ տեղը:
1987 թվական. Գագիկ Հովհաննիսյանը հարավային գոտու հավաքականի կազմում դարձավ ԽՍՀՄ Սպարտակիադայի չեմպիոն:

Սա հայկական ջրագնդակի պատմության էջերից է: Մեր օրեր. հայկական ջրագնդակի պատմության էջերը գրեթե դատարկ են: Ժամանակին մեծ համբավ ունեցող այս մարզաձեւով հետաքրքրվել են բոլորը, բայց այսօր այն չի հետաքրքրում ոչ ոքի, բացառությամբ՝ Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիային եւ դրա անդամներին:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հովհաննիսյանի հետ:

Հայաստանում ջրագնդակ սպորտաձեւի սկիզբը դրվել է դեռեւս 1950-ականներին` ծագումով հայ Բորիս Մարկարովի շնորհիվ: Ի՞նչը խոչընդոտեց այս մարզաձեւի զարգացմանը:

Անկախության տարիները… Այդ ժամանակից ի վեր ջրագնդակը գրեթե վերացել էր: Միայն 2006-ին կարծես բոլորս քնից արթնացանք եւ հասկացանք, որ ջրային այս սպորտաձեւը պետք է վերածնել: Զրոյից սկսել ենք ջրագնդորդներ պատրաստել: Իսկ մինչ այդ  ջրագնդակով մարզվող ընդհանրապես չի եղել` ոչ կադրեր, ոչ ցանկացողներ այդ սպորտաձեւով զբաղվելու, ոչ պետական նախաձեռնություն եւ ոչ էլ մաանավոր անձանց հետաքրքրություն:

Այժմ ի՞նչ ունենք այս ոլորտում, քանի՞ ակումբ ունի  ֆեդերացիան:  

Հայաստանում գործող ակումբները մի քանիսն են` «Ակվալենդ», «ԴԴԴ» համալիրում, Հալաբյանի վրա գտնվող «Սպիտակ» կենտրոնում եւ Դավիթ Համբարձումյանի անվան ջրային մարզաձեւերի դպրոցում:

Մեր անունը պատվով է պահում Լոս Անջելեսում գործող մեր ակումբը: Լուրջ թիմ է, որը հիմնել է մեր մարզիչներից Վահագն Առաքելյանը: Նա տեղափոխվեց ԱՄՆ եւ այնտեղ հիմնեց Օլիմպիական ռեզերվներ ջրագնդակի հայկական ակումբը (ORWP), որտեղ մարզվում են հայ երեխաներ: Արդեն ունենք 18 տարեկանների ուժեղ թիմ, որը շատ լուրջ մրցումների է մասնակցում այնտեղ: Նրանք նույնիսկ միջազգային մի մրցաշարում հետ են թողել Վրաստանի թիմին, եւ գրավել առաջին տեղը: Նրանցից դարպասապահ Հայկ Չաթալյանը ընդգրկվել է 2011թ. ԱՄՆ տասը լավագույն հայ մարզիկների ցանկում, իսկ երեք ջրագնդորդ էլ ԱՄՆ ազգային հավաքականի անդամ են: Հայաստանյան թիմերն էլ ուժերով հետ չեն, միայն թե չենք կարողանում առաջնություններ կազմակերպել` պետական ֆինանսավորում չունենալու պատճառով: Վետերան մարզիկներն են մեզ ինչ-որ բանով օգնում եւ ծնողները:

Իսկ ազգային հավաքակա՞ն:

Հավաքական չունենք: Դեռեւս չի ձեւավորվել: Ինչպես ձեւավորենք, եթե Հայաստանում մրցումներ չեն կազմակերպվում, որպեսզի այդտեղից ընտրես լավագույններին եւ ձեւավորես ազգային հավաքական: Բայց հարցն իր լուծումը կստանա ամռանը: Ֆեդերացիան Հայաստանի առաջնություն է անցկացնելու  հունիսի 19, 20, 21-ին: Այս մրցաշարի արդյունքում կազմվելու է Հայաստանի ազգային հավաքականը: Մրցաշարին մասնակցելու են նաեւ ԱՄՆ ակումբի երկու տարիքային խմբերի թիմերը:

Քայլեր ենք ձեռնարկել նաեւ Վանաձորում եւ Գյումրիում ջրագնդակի թիմեր ստեղծելու ուղղությամբ: Այս երկու քաղաքներում կան հրաշալի լողավանազաններ, ինչպես նաեւ լավ մասնագետ-լողորդներ: Այդ մարզիչներին վերապատրաստում ենք որպես ջրագնդակի մարզիչներ: Ունենք նախնական պայմանավորվածություն լողավազանների տնօրենների հետ, որ ապրիլի մեկից այս երկու քաղաքների լողի մարզիչները ժամանակավոր տեղափոխվեն Երեւան եւ մասնակցեն մարզավարժանքներին: Այստեղ նրանց վետերան ջրագնդորդները կսովորեցնեն կանոնները, վարժությունները: Ապա, վերադառնալով քաղաքներ, լողացող երեխաների եւ կկազմեն ջրագնդակի թիմ: Այսկերպ կարճ ժամանակահատվածում հնարավորություն կունենանք լավ ջրագնդորդներ ունենալ նաեւ մարզերից եւ այնտեղ էլ զարգացնել այս սպորտաձեւը:

Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիան ՀԱՕԿ-ի անդամ է. ինչո՞վ է աջակցում օլիմպիական կոմիտեն ջրային այս մարզաձեւին:

Ոչ միայն ՀԱՕԿ, այլեւ Ջրային մարզաձեւերի միջազգային  եւ եվրոպական ֆեդերացիաների անդամ ենք (ՖԻՆԱ, ԼԵՆ):  Ինչ վերաբերում է ՀԱՕԿ-ին… կոմիտեն շատ սպորտաձեւերի է աջակցում, որոնք նույնիսկ օլիմպիական չեն: Մեր սպորտաձեւը լինելով օլիմպիական՝ անուշադրության է մատնված: Արդեն երեք տարի է` անդադար կոնֆլիկտների մեջ ենք, խաբում են, հույս տալիս, որ կֆինանսավորեն, բայց ոչ մի դրամ աջակցություն չենք ստանում: Այս տարիների ընթացքում ինչ արել ենք, մեր գրպանից ենք ներդրել: Երեխաների մարզումներն էլ անվճար են, միայն լողավազանի ժամավճարն են տալիս: Այսօր ջրագնդակի ֆեդերացիան գործում է սեփական միջոցներով: Մարզաձեւի ջատագովները ստեղծել են նաեւ ինտերնետային կայք, որտեղ պարբերաբար ներկայացվում են հայ ջրագնդորդների եւ ջրագնդակի թիմերի հաջողությունները Հայաստանում եւ Հայաստանից դուրս: Միջազգային առաջնություններին չենք կարողանում հայտ ներկայացնել, որովհետեւ  ֆինանասավորում չունենք: Իսկ եթե հայտ ներկայացնեմ եւ առաջնությանը չգնամ, իմ վրա մեծ տուգանքներ կգան ԼԵՆ-ի եւ ՖԻՆԱ-ի կողմից: ՀԱՕԿ-ին դիմել եմ այս հարցով եւս, բայց մինչ օրս օգնություն չեմ ստացել: Անգամ Հայաստանի առաջնությունը կազմակերպելու համար եմ դիմել, բայց կրկին պատասխան չկա: Գոնե որպես չֆինանսավորվող ֆեդերացիա այս երեք օրվա համար ինձ լողավազան տրամադրեն… Եթե դա էլ չտրամադրեն, այլեւս չգիտեմ, թե ինչ է հնարավոր անել այս սպորտաձեւի համար: Բայց չգիտես ինչու, ոչ օլիմպիական սպորտաձեւերը մեծ գումարներ են ստանում ՀԱՕԿ-ից, իսկ մենք՝ ոչ…

Փաստորեն, ՀԱՕԿ-ը լռում է, իսկ Սպորտի նախարարությու՞նը

Բազմիցս դիմել ենք նախարարությանը մեզ աջակցելու հարցում, բայց պատասխան երբեք չենք ստացել: Այս տարի նորից ուզում եմ դիմել սպորտի նախարարին, որպեսզի ինձ հնարավորություն տան պատշաճ Հայաստանի առաջնություն  կազմակերպեմ:

Այնքան խնդիր կա, որ չգիտենք որը լուծենք, որը թողնենք: Օրինակ՝ Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում լողի թիմի երեխաներից շատերը ուզում են տեղափոխվել ջրագնդակի թիմ: Լողի մարզիչը գնում տնօրենին ասում է` ես չեմ ուզում, որ լողորդը գնա եւ այլն, եւ այլն…Սա արդեն խոչընդոտ է այս մարզաձեւի զարգացման համար: Ներքին պայմանավորվածություն ունեմ, որ լողորդներից ես իրավունք չունեմ երեխա ընդգրկել իմ թիմում: Ես ստիպված դրսից եմ երեխա ընդունում, նախ՝սովորեցնում լող, ապա՝ ջրագդնակ: Սա խայտառակ սխալ է: Ես պետք է վերցնեմ լողացող երեխայի դարձնեմ ջրագնդորդ: Բայց զբաղվում են նաեւ լողի մարզչի գործով եւս: Այդ լողավազանի լողորդների 70 տոկոսը ուզում են տեղափոխվել ջրագնդակի, բայց ես չեմ կարողանում նրանց ընդգրկել, որովեհետեւ այդպես ուզում է լողի մարզիչը:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Լուսանկարում Լոս Անջելեսի ORWP հայկական թիմն է

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով