17:16  ,  10 հոկտեմբերի, 2012

Գեւորգ Ղազարյան. Կարծում եմ` Իտալիային կհաղթենք 2:1 հաշվով

Մենք կարող ենք հաղթել իտալացիներին երկրպագուների աջակցության, մեր նվիրվածության եւ աշխատասիրության շնորհիվ, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի» հարձակվող Գեւորգ Ղազարյանը, ով որակազրկման պատճառով բաց կթողնի Հայաստան - Իտալիա հանդիպումը:

Գեւորգ մի քանի օր է գտնվում ես Հայաստանում, բայց հավաքականի հետ չես մարզվում ֆուտբոլի ակադեմիայում։ Ո՞րն է ժամանելուդ նպատակը:

Ինձ թիմում հնգօրյա արձակուրդ էին տվել: Ես ցանկացա այն անցկացնել Հայաստանում, ընտանիքիս հետ: Ինչպես նաեւ հանդիպել հավաքականի ընկերներիս հետ: Այսօր հետ եմ մեկնում Ուկրաինա: Հոկտեմբերի 11-ին սկսվում են մեր մարզումները:

Դժվա՞ր է հետեւել հավաքականի մարզումներին եւ շատ կարեւոր խաղի նախապատրաստմանը կողքից:

Շատ կարեւոր խաղ է սպասվում մեզ: Ես շատ կցանկանայի մասնակցել, բայց… Հետեւել կողքից իհարկե դժվար է: Ես Մալթայի հետ խաղին էլ չմասնակցեցի, բայց այն ժամանակ պատճառը վնասվածքս էր:

Բարդ խաղ է սպասվում, կորուստներ ունենք: Ի՞նչ հաշիվ ես կանխատեսում:

Այո, շատ դժվար խաղ է մեզ սպասվում: Բայց մենք կհաղթենք Իտալիային 2:1 հաշվով:

Ինչի՞ շնորհիվ մեր հավաքականը կարող է հաղթել Եվրոպայի փոխչեմպիոններին:

Առաջին հերթին մեր երկրպագուների աջակցության, այնուհետեւ մեր նվիրվածության եւ աշխատասիրության շնորհիվ: Այս հատկանիշներով մենք կգերազանցենք նրանց: Իսկ վարպետությամբ էլ կարծում եմ չենք զիջի:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով